«Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ մենք արել ենք, տարբեր դերակատարներով կրկնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշում տարածքներ հանձնելու դեմ պայքարին։
«Նոր բան մտածեք, մեկ է, վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «բանանի Միհրանին», Վանեցյան Արթուրին, մնացածին բերելու են ցույց տան, ասեն՝ հես են էս մարդիկ։ Պարույր Հայրիկյանին մոռացա կարեւոր դերակատարներից։ Չի կարելի նույն տրամաբանության մեջ փորձել, նույն նախկին դերակատարները գնում են, ուրիշ դեմքով գալիս են՝ հլա եկեք այսպես փորձենք, եկեք հույզերի վրա խաղանք, այդ ի՞նչ է»,- նշեց նա։
Հարցին՝ եթե հրապարակում մեծ թվով մարդիկ հավաքվեն, իշխանությունները դարձյա՞լ չեն հեռանա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իսկ եթե եկան, հավաքվեցին նույն 15-20 հազարը, իրենք մանդատները վա՞յր են դնելու ու դո՞ւրս են գալու քաղաքականությունից։ ՀՀ-ում իշխանությունը ներկայացնում է ժողովրդին, երբ ժողովուրդն ինչ-որ պահանջ կներկայացնի, եւ մենք կտեսնենք, որ դա ժողովրդի կողմից է․․․ Այդպես իրականություն իրենց կողքին ստեղծում են ընդդիմադիրները, իրենք իրենց ասածին հավատում են, իրենք իրենց ԶԼՄ-ներով տարածում, են, դուք էլ իրենց ԶԼՄ-ի ներկայացուցիչ եք, գալիս, ինձ եք հարցնում»։
Ո՞ր դեպքում իրենք կհեռանան, հարցին Սիմոնյանը պատասխանեց․ «Չգիտեմ, երբ որ կզգանք, որ ՀՀ ժողովուրդը նման պահանջ ունի։ Բայց ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդն ամեն ինչ հասկանում է, ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, իշխանությունը չի պատրաստվում հներին վերադարձնել, չի պատրաստվում կրոնապետության, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ, որն, ըստ իս, անընդունելի է։ Եվ մարդիկ հասկանում են, որ եկեղեցին, Աստվածը, հույզերը, այն էմոցիաները, որոնք մենք ունենք որպես քրիստոնյա մարդիկ, եւ անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են։ Դրա համար ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Ելք» դաշինքի ֆեյսբուքյան էջից