«Ճիշտ ենք անում, եթե խառնվում ենք քաղաքականությանը»,-այս մասին այսօր «Տավուշը՝ հանուն հայրենիքի» երթի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
Նա ասաց, որ սահմանազատման գործընթացը ապօրինի է, եւ այն պետք է դադարեցվի, դա է շարժման պահանջը․ «Չի կարող լինել, որ մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում վճիռներ ու որոշումներ կայացնեն։ Ես դեռ չորս տարի առաջ եմ ասել, երբ դեռ անկլավ-մանկլավ պատմություն էին հանել, այդ ժամանակ էլ ասացին՝ քաղաքականություն․․․, ճիշտ ենք անում, եթե խառնվում ենք քաղաքականությանը, դուք չեք կարողանում, դրա համար էլ մենք ենք խառնվում»։
Սրբազանը կրկին նշեց՝ այս երթը հաշտության մասին է․ «Բայց հաշտություն չի ենթադրում չարդարադատություն, հաշտությունը ենթադրում է հենց արդարադատություն եւ արդարություն»։
Նա անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե ռուսական լրտես է, հեգնանքով ասաց․ «2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, պարզվում է՝ այդ ժամանակ էլ եմ եղել ռուսական ագենտ։ Փաստորեն էնտեղ եմ ապրել ու Կրեմլից եմ ֆինանսավորվել, մեկ-մեկ էլ արքայական պալատն է ֆինանսավորել, որովհետեւ Եղիսաբեթ 2-րդի շքանշան ունեմ։ Սա նրանց եմ ասում, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար։ Շատերին անունով գիտեմ, կգա ժամանակ՝ աչքերին նայելով՝ կասեմ, ազգանուններն էլ շատ տարօրինակ ազգանուններ են ՝ պարսկական, թուրքական, զանազան ազգանուններ են»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ շարժումը նախաձեռնվեց ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, բազմաթիվ քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ այս սահմանազատումը համարում են միակողմանի եւ ապօրինի, Կիրանց գյուղից մի քանի տներ անցնելու են ադրբեջանական կողմին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ