Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասնել այն գիտակցմանը, որ բոլոր բնակավայրերի դպրոցների մեր երեխաները մտածեն՝ այն, ինչ ցանկանում են, կարող են իրագործել». կայացել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

Մայիս 06,2024 14:26

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ներդրված հիմնարար փոփոխություններին և ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նիստին մասնակցել են խորհրդում ներգրավված ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը կարևորել է աշակերտական խորհրդի հանդիպումները, որոնց ընթացքում, ըստ Ժաննա Անդրեասյանի, հնարավորություն է ընձեռվում մանրամասն խոսելու կրթական այն բոլոր բարեփոխումների մասին, որոնց առաջին շահառուները հենց աշակերտներն են:

«Ներկայում կրթության ոլորտի բոլոր մակարդակներում տեղի են ունենում ամենատարբեր փոփոխություններ, և այսօրվա մեր դպրոցականներն են այդ բարեփոխումների իրական շահառուները, քանի որ իրականացվող ծրագրերը երկարաժամկետ են: Մեզ համար կարևոր է, որ որպես աշակերտական խորհրդի անդամներ՝ դուք իրազեկ լինեք ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, հանդես գաք առաջարկություններով, ինչպես նաև դառնաք այն օղակը, որը հավաստի տեղեկություններ կունենա ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ և դրանք կներկայացնի դպրոցում, ինչու չէ նաև ձեր իսկ միջավայրում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ աշակերտները խորհրդի նիստերի ընթացքում կլինեն ակտիվ, կբարձրաձայնեն դպրոցի ներսում առկա խնդիրները, կներկայացնեն իրենց տեսակետները, ինչպես նաև կառաջարկեն լուծման տարբերակներ:

Խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարին՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներն իրենց հետ քննարկելու, ինչպես նաև աշակերտների կարծիքները և առաջարկությունները հաշվի առնելու համար:

Խորհրդի անդամները տարաբնույթ հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դպրոցներում մասնագիտական կողմնորոշման, օտար լեզուների և շրջակա միջավայրի պահպանության խմբակների գործունեության ընդլայնմանը, դպրոցների և ՀԿ-ների կապին, կրեդիտային համակարգի ներդրմանը, կրթական աստիճանի ավարտին իրականացվող գիտելիքի ստուգմանը, պետական ավարտական քննությունների անցկացմանը, կիսամյակի ընթացքում 60 ժամից ավելի բացակայության խնդրին, ինչպես նաև ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, գյուղական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը և այլն:

Նախարարը մանրամասն անդրադարձել է բարձրացված բոլոր հարցերին և խնդիրներին՝ շեշտելով, որ դրանց մեծ մասի պատասխաններն ու լուծումները տրվում են դպրոցներում նոր չափորոշչի ներդրմամբ և իրագործմամբ:

«Ինչքան էլ փորձենք ակտիվ համագործակցություն ձևավորել ՀԿ-ների, այլ կազմակերպությունների, կառույցների և դպրոցների միջև, այնուամենայնիվ, պետք է հասնել այն գիտակցմանը, որ բոլոր բնակավայրերի դպրոցների մեր երեխաները մտածեն՝ այն, ինչ ցանկանում են, կարող են իրագործել: Ինչն է ձեզ խանգարում ինքնուրույն խումբ ձևավորելու, զանգելու, նամակ գրելու, պայմանավորվածություն ձեռք բերելու, հետադարձ կապ ապահովելու համար: Սրանք հաղորդակցման այն կարևոր հմտություններն և կարողություններն են, որոնք կյանքի տարբեր իրավիճակներում անհրաժեշտ են մեզնից յուրաքանչյուրին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հորդորել աշակերտներին լինել առավել ակտիվ, նախաձեռնող ու նպատակասլաց:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման և գյուղական դպրոցներում մասնագետների պակասի վերաբերյալ հարցերին՝ նախարարը նշել է, որ պետությունը տարբեր գործընթացներով և բարեփոխումներով փորձում հասնել է կրթության որակի բարելավմանը և զարգացմանը. «Կամավոր ատեստավորումը, բացի աշխատավարձերի բարձրացումից, առաջին հերթին խթանում է ուսուցիչների մասնագիտական զարգացումը: Այս սեպտեմբերից մենք նաև խրախուսման մի շարք նոր մեխանիզմներ ենք ներդրել: ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ՝ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչներին տրվում է լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով»։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գյուղական համայնքների դպրոցներում մասնագետների պակասը լրացնելու նպատակով գործում է նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգը, ըստ որի՝ տրվում են սոցիալական մի շարք երաշխիքներ այդ դպրոցներ գործուղվող ուսուցիչներին: Բացի այդ՝ սեպտեմբերից հավելավճար է հատկացվում նաև մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում աշխատող այն ուսուցիչների համար, որոնք աշխատում են ոչ ամբողջական դրույքով: Հաշվի առնելով, որ այդ դպրոցներում ուսուցիչները օբյեկտիվ պատճառներով 1 դրույք ծանրաբեռնվածություն չեն ունենում, նման ուսուցիչներին հավելավճար է տրամադրվում, որպեսզի պետությունը նպաստի թափուր հաստիքների համալրմանը և դասավանդման որակի բարելավմանը:

Պատասխանելով բուհական ընդունելության գործող կարգի վերանայման վերաբերյալ հարցին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է. «Տավուշի մարզում 2021-22 ուստարվանից փորձարկվում է Հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն ավարտում են այդ չափորոշչով ուսումնառած առաջին շրջանավարտները։ Նրանց համար սահմանել ենք բուհեր ընդունելության նոր հնարավորություններ: Ըստ այդմ՝ ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ: Այս գործընթացը դեռևս փորձարկման փուլում է, և հույս ունենք, որ 2026-ից այս համակարգն արդեն կգործի բոլոր շրջանավարտների համար»:

Ամփոփելով նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար՝ վստահեցնելով, որ հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն և կներառվեն ընթացող բարեփոխումների գործընթացում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց պատրաստակամությունն ու աջակցությունն են հայտնել՝ օգնելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման, նոր հմտությունների ու կարողությունների ձեռք բերման և այլ հարցերում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031