«Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անեք, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ: Իշխանափոխության համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառեն, որոշներն էլ ոչ միայն հոգիները»,- այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազի՝ 2023-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմությանը:
Նա ասաց, որ ընդդիմության նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ Բելառուսի նման, մտնել ՌԴ կազմի մեջ:
Նա քննադատեց «Հայաստան» խմբակցությանը, թե՝ «բանակը որ թալանում էիք, որ գալիս էիք այն մարդկանց հետ, ովքեր զինվորների ուտելիքները «կանսերվեքով» գողանում էին, այդ մարդկանց հետ քեֆ էիք անում, բանակից մարդ էիք ազատում, ՀՅԴ-ական փոխնախարար էիք նշանակում, բա էդ ամեն ինչը անում էիք, չէիք մտածում, որ քարեր նետելուց հետո գալու է քարեր հավաքելու ժամանակը»:
Նա ասաց, որ ՀՀ ժողովուրդն է իշխանությունը ընտրելու, ոչ թե Արթուր Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Վինի Թուխը: Երբ ժողովուրդը չի ուզենա, կփոխի. «Դուք սնանկ եք, ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք: Դուք դեմք չունեք, որ կարող եք հանդես գալ: Իրար մեջ խոսում եք, ասում եք՝ դու մի երեւա, արի պարկեշտ մեկին գտնենք՝ բերենք եւ այդ պարկեշտ մարդու միջոցով հանդես գանք: Ընդունում եք, որ դուք պարկեշտ չեք, չկաք թե որպես քաղաքական գործիչ, թե որպես քաղաքացի: Դե մանդատները դրեք: Դուք կարաք մանդա՞տ դնեք, իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվրտվեք, աղմուկը մինչեւ եսիմ ուր կհասնի: Արտահերթ ընտրություն եք ուզում, դե մանդատ դրեք, կարանք 10 ամիսը մեկ արտահերթ ընտրություն դնենք ու ձեզ հաղթենք»:
Կարդացեք նաև
Խոսելով եկեղեցու մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, թե «վեդրոյով» ջուր են լցնում վառվող մոմի տակը, որ մի քիչ մոմի տակը մնան, հալեցնեն, էլի սարքեն, տնտեսական հիմնարկ է դարձել. «Գիտե՞ք՝ ինչքան շահույթ է լինում»:
Խոսելով ատելության խոսքի մասին՝ Ալեն Սիմոնյանը բողոքեց, որ Գեղամ Մանուկյանը վերջին հայհոյանքներն է գրում, Իշխան Սաղաթելյանը վերջին հայհոյանքներն է հարցազրույցի ժամանակ տալիս. «Քոչարյան Լեւոնի օգնականը լրագրող է ծեծում, գիտեք ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, ես դրա իրավունքը չունեմ…Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում, հարց չկա, դրե՛ք ձեր մանդատները, տենամ կարո՞ւմ եք դնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ