Ս.թ. մայիսի 4-ին Կոնգրեսի Ադրբեջանական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Հենրի Քուելարին (դեմոկրատ, Տեխաս) արդարադատության նախարարության կողմից մեղադրանք առաջադրվեց Ադրբեջանի կառավարությանն առնչվող ապօրինի օտարերկրյա ազդեցության, կաշառակերության և փողերի լվացման հոդվածներով, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Ադրբեջանի նման երկրները աջ ու ձախ փողեր են բաժանում, և նրանք փչացնում են մեր ժողովրդավարական համակարգը»,– ասացին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը: «Պետք է ավելի լայնածավալ հետաքննություն անցկացվի այդ մեղադրանքների առնչությամբ, և պարզվի, թե էլ ովքեր կարող են կապված լինել Ադրբեջանի կոռումպացված գործելաոճի հետ: Արդեն երկար տարիներ է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան զբաղվում են անօրինական գործունեությամբ՝ Կոնգրեսի անդամների վրա անհարկի ազդեցություն ունենալու համար, ներառյալ՝ նախկինում հետաքննությամբ պարզված ընտրված պաշտոնյաների համար գաղտնի ճանապարհորդությունների ֆինանսավորումը»:
Մեղադրական եզրակացության մեջ հայտարարվեց, որ կոնգրեսական Քուելարը և իր կինը 600,000 դոլար կաշառք են վերցրել Ադրբեջանի կառավարությունից, որոնք «իբրև լվացվել են կեղծ խորհրդատվական պայմանագրերի համաձայն, մի շարք կեղծ ընկերությունների և Իմելա Քուելարին պատկանող կեղծ ընկերությունների միջնորդների միջոցով, ովքեր քիչ կամ ընդհանրապես ոչ մի լեգիտիմ աշխատանք չեն իրականացրել այդ պայմանագրերի շրջանակներում»,– համաձայն Արդարադատության նախարարության:
Ադրբեջանական նավթագազային ընկերության կողմից վճարված կաշառքի դիմաց կոնգրեսական Քուելարը «խոստացել էր օգտագործել իր գրասենյակի իշխանությունն ու հեղինակությունը՝ առաջ մղելու Ադրբեջանի և Foreign Bank-1-ի շահերը Միացյալ Նահանգներում»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ, ինչը ներառում էր կոնգրեսական Քուելարի կողմից «Հայաստանին սահմանակից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ ադրբեջանական առավել մեծ վերահսկողության օգտին քարոզչությունը, Ադրբեջանի քաղաքացիների օգտին ներգաղթի հարցերով աշխատելը և Ադրբեջանին որպես ԱՄՆ-ի դաշնակցի առաջմղումը՝ համաձայն մեղադրական եզրակացության»:
Կարդացեք նաև
Տարիների շարունակ, կոնգրեսական Քուելարը շփվում էր օտարերկրյա պաշտոնյաների հետ Ազգային պաշտպանության լիազորման ակտի ձևակերպման, հատկացումների մասին օրինագծերի և ելույթների վերաբերյալ, որոնցով նա նախատեսում էր հանդես գալ Կոնգրեսում և այլ հարցերի շուրջ, հայտարարվեց մեղադրական եզրակացության մեջ, ներառյալ մեկ կոնկրետ խոսակցություն, երբ անանուն օտարերկրյա դիվանագետը խնդրեց կոնգրեսական Քուելարին խնդրել մի անանուն կոնգրեսականին՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամին, հետ կանչել ուղղումը, որով կֆինանսավորվեր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ականների հեռացնելը:
Ադրբեջանը դրսևորել է օտարերկրյա կառավարությունների վրա ազդելու մի մոդել, ներառյալ՝ ադրբեջանական լվացքատունը և խավիարային դիվանագիտության կիրառումը:
Ըստ Արդարադատության նախարարության՝ Քուելարին և իր կնոջը սպառնում են մի շարք դաշնային քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ փողերի լվացման հինգ, դաշնային պաշտոնյային կաշառք տալու երկու և երկու դավադրության մեղադրանք՝ էլեկտրոնային կապի միջոցներով ազնիվ ծառայությունների խարդախություն կատարելու համար:
Համագումարը մշտապես մտահոգություն է հայտնել Ադրբեջանի բացահայտ արտաքին ազդեցության առնչությամբ, և 2015թ.-ին Արդարադատության նախարարությանն ուղղված մի նամակում պահանջել էր «ամբողջական և մանրակրկիտ հետաքննություն» և «օրենքի լիակատար կիրառում»:
Ամերիկայի հայկական համագումար