Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս երթը մեզ համար պիտի դառնա հաղթանակի երթ, ինքնամաքրման երթ»․ Բագրատ սրբազան

Մայիս 06,2024 13:52

«Այսպես մեկ էլ Գալիլեայի ծովի եզերքին են հավաքվել մարդիկ»․ Սեւանա լճի մոտ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» երթի մասնակիցներին ասաց Բագրատ սրբազանը։ Երթը Սեւանա լճից շարժվում է դեպի Հրազդան, Սոլակ գյուղ։

Երեկ երթը, ինչպես ասաց սրբազանը, ոտքով մոտ 40 կիլոմետր է անցել՝ անձրեւի տակ թրջվելով։

Bagrat Srpazan who is against the method of border demarcation with Azerbaijan is coming from Tavush to Yerevan with his supporters on foot

«Հուսով եմ՝ ինչ որ մի բան մեր սրտերից ու հոգիներից մաքրվել է, որովհետեւ մեր երթը հենց այդ ինքնամաքրումի մասին է։ Այս պահին էլ անձրեւ է, Աստված մեզ նորից ցողում է»,-ասաց սրբազանը։

Նա, ինչպես երեկ, այսօր նշեց՝ այս երթը անձի կամ անձերի  մասին չէ, ապա ասաց՝ չեմ ուզում, որ սա դառնա կուռքերի շարժում․ «Սա մարդկանց սրտերի մեջ արձանագրված բոլոր տեսակի նվաստացումներից, տառապանքներից, մեղքից ազատվելու, վերականգնվելու ու ինքնագնահատական ունենալու շարժում է, այնպես, ինչպես վայել է մեր ազգին»։

Bagrat Srpazan who is against the method of border demarcation with Azerbaijan is coming from Tavush to Yerevan with his supporters on foot

Սրբազանի խոսքով․«Մեր ազգի տառապանքներն ու դժվարությունները, խնդիրները բխել են նրանից, որ մեր գոյաբանական վիճակը, այդ մեծ, չքնաղ, մեր հայրերի լեզվով ասած՝ ընտրված լինելու վիճակը մենք չենք կարողացել տեղափոխել մեր ամենօրյա կյանք ու դարձնել վարքագիծ։ Մեր վարքը պիտի դառնա դա, որպեսզի մեր գոյութենական իմաստով իրականությունը, որպես ազգ, գործն ու ինքնադրսեւորումն ու վարքը նույնը լինեն։ Այդ ճանապարհով է տեղի ունենալու մեր հաղթանակը։ Մենք հաղթանակի կարիք ունենք եւ կարոտ ենք մնացել հաղթանակի։ Այս ճանապարհորդությունը մեզ համար պիտի դառնա հաղթանակի երթը, ինքնամաքրման երթը»։

Bagrat Srpazan who is against the method of border demarcation with Azerbaijan is coming from Tavush to Yerevan with his supporters on foot

Ճանապարհին երթի մասնակիցներին երեկ մարդիկ էին մոտենում, սրբազանն ասաց, որ նրանց ոչ ոք չի ստիպել, մարդիկ մոտենում սնունդ ու ջուր էին բերում․ «Սա ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը կարիք ունի ազատագրվելու, կարիք ունի այս նվաստացումը հաղթահարելու, մեջքը շտկելու, պատվով ազգերի շքերթի մեջ քայլելու, մենք այդպիսին պիտի դառնանք, այլ ճանապարհ չունենք։ Հետեւաբար, սա լայն հաշտության օրակարգ ունի։ Ոչ մի ատելություն, թշնամանք չկա, եւ ովքեր այս ճանապարհին այլ կերպ կդրսեւորվեն, նրանք պիտի հեռացվեն»։

«Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում ոգին հաղթել է դուխին, այս ճանապարհը պիտի լինի այն պատճառն ու միջոցը, որ եռագույնը հաղթի սեւ ու սպիտակին, եւ սա ելք է, որ հոգեւոր Հայաստանը հաղթի թազա Հայաստանին, իրական Հայաստանը պիտի հաղթի կեղծ, ֆեյսբուքյան Հայաստանին»,-ասաց սրբազանը։

Bagrat Srpazan who is against the method of border demarcation with Azerbaijan is coming from Tavush to Yerevan with his supporters on foot

Նրա ներկայացմամբ՝ երեկ ամբողջ ինտերնետ կապն անջատել էին կամ խզել․«Չգիտեմ՝ դա ճիշտ է, թե՝ ոչ, բայց բոլորը գանգատվում էին, որ ուղիղ եթերներ չկան, չէր գործում ինտերնետը։ Ինտերնետը գործի-չգործի՝ մեր ժողովուրդ ոտքի է կանգնել, պետք է դադարեցնենք այս անպատվության շքերթը, դադարեցնենք անուրախ ժամանակների գոյությունը, վերականգնենք մեր պատիվն ու հաղթանակները»։

Սրբազանը երթի մասնակիցների հետ աղոթք արեց ու շարժվեցին դեպի Հրազդան։

Հիշեցնենք, որ շարժումը նախաձեռնվեց ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, բազմաթիվ քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ այս սահմանազատումը համարում են միակողմանի եւ ապօրինի, Կիրանց գյուղից մի քանի տներ անցնելու են ադրբեջանական կողմին։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031