ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ հոբելյանական նիստին։ «ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, եւ ես կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է։ Բայց, իմ տեղեկություններով, վարչապետը երդմնակալությանը չի մասնակցելու։ Արդեն մամուլում գրված է, որ ամսի 7-ին տեղի կունենա վարչապետի ասուլիսը, եւ արդեն ձեր հարցերը կուղղեք վարչապետին»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի՝ Ալմաթիում կայանալիք բանակցություններին, թե ի՞նչ ակնկալիք կա, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես ասել եմ՝ դեռ անցյալ տարվա վերջից խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար, քաղաքական կամք էր պետք Ադրբեջանի կողմից։ Եվ հույս ունենք՝ այս գործընթացը, որը տեղի էր ունենում, եւս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է եւ հնարավոր է շատ արագ ավարտին հասցնել, որովհետեւ հայկական կողմն այդ ուղղությամբ գնալու է եւ մշտապես աշխատանքներ է իրականացնելու»։
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, որ «խաղաղության պայմանագրի» նախագծում ամբողջությամբ Ադրբեջանի մոտեցումներն ու առաջարկներն են, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որը նաեւ մեր մոտեցումներն են։ Եվ բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է, եւ դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում-գալիս է։ Բա ինչո՞ւ է գնում գալիս, որովհետեւ իրենք իրենց առաջարկն են ուղարկում, մենք ասում ենք՝ չէ, սրանք էլ մեր առաջարկներ են։ Դրա համար պրոցեսն այսպես երկարում է։ Հիմնականում տարաձայնություն չկա, հերթով կետերով գնում ենք, այսինքն՝ գալիս հասնում ենք այս կետին, սա ենք քննարկում։ Միջազգային սկզբունքների հիման վրա է արվում»։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված որոշ երկրներ ու քաղաքական գործիչներ փորձեցին երկակի մեկնաբանություն անել։ «Եվ դա լավ դաս է բոլորիս համար, որ բոլոր ձեւակերպումները երկու կողմից համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձեւակերպումը, որը մեկը չասի՝ դու այստեղ ինձ մի բան ես խոստացել, մյուսն ասի՝ դու ինձ մի բան ես խոստացել»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ