«Իմ մասին սուտ տեղեկություններ եք տարածում, «5-րդ ալիքի» վերաբերյալ դատական վճիռ կա, որը կատարված է: Պետք է ճշտեք, նոր գաք ասեք, պրիմիտիվ բան է: Ինչի՞ եք իմ անձի մասին սուտ տեղեկություններ տարածում: Կամ տիկին Լիլիթ Գալստյանը գալիս է ու փորձում է իմ բարի համբավը փնովել՝ ասելով, որ ես թմրաշրջանառության հետ կապ եմ ունեցել»,- այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազի՝ 2023-ի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը ԱԺ-ում ասել էր, որ նա 300 հազար դրամ տույժը տվել է, բայց ներողություն չի խնդրել հեռուստաընկերությունից:
Արթուր Հովհաննիսյանը անդրադարձավ «Սասնա ծռեր» զինված խմբավորման՝ ՊՊԾ-ի վրա հարձակմանը՝ ասելով. «2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ես միակ լրագրողն էի, որ նկարահանել էի այդ հանձնվելու ժամանակը: Այդ ժամանակ տեսախցիկների դիմաց նաեւ խոսքեր էին հնչում, տեքստեր էին հնչում: Ես այդ ամեն ինչը մանրակրկիտ նկարել էի, ինչից հետո ինձ փոխանակ վերադարձնեին այնտեղ, որտեղից մուտք էի գործել՝ Խորենացի փողոց, ոստիկանական մեքենայով, խոչընդոտելով իմ լրագրողական գործունեությունը, ինձ տարան այն ժամանակվա ոստիկանապետի՝ Վլադիմիր Գասպարյանի մոտ, ովքեր սկսեցին ինձ համոզեն, որ ես չիպը մոնտաժեմ, ցույց չտամ այն, ինչ տեղի է ունեցել: Ես այդ ժամանակ 1in.am-ում էի աշխատում: Այնտեղ նաեւ հայտնի մականունավորներ կային այդ սենյակում՝ «Նասկիներ» եւ այլն, այդպիսի մականունով մարդիկ կային Վլադիմիր Գասպարյանի մոտ: Պարոն Օհանյանն էլ էր այնտեղ եւ դուք էլ էիք ինձ էլի համոզում, որ այդ չիպը ջնջվի եւ հանրությունը չլսի այդ տեքստերը: Բայց դա տեղի չունեցավ:
Հետո մի միջադեպի հետ կապված ինձ բերման ենթարկեցին ու երբ ոստիկանությունն իմացավ, որ ես այդ նույն լրագրողն էի, որը չէր կատարել Վլադիմիր Գասպարյանի պահանջը, իմ վրա քրեական գործ հարուցեցին թմրամիջոցների շրջանառության համար, որը կարճվեց մինչեւ հեղափոխությունը: Էս է պատմությունը: Բայց առավոտից իրիկուն այս 6 տարի է, իմ մասին կեղծ այդ լուրերն եք տարածում Թագուհի Թովմասյանի թերթերով: Ընդհուպ հասել է այստեղ, որ պատգամավորը՝ մանդատ ունեցող. եկել լուրջ դեմքով բաներ է խոսում: Գնացեք ձեր ղեկավարների թմրաշրջանառությունից խոսացեք, կամ ձեր շարժումին միացած մարդկանցից խոսացեք, որ բանանի «յաշչիկներով» կոկաին են բերել Հայաստան»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Հովհաննիսյանը իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, եւ նրա ուղեւոր, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ Գեւորգ Սավթալյանը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ նրանց մոտ, ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների, խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը 2023-ի փետրվարի 14-ին դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչություն եւ հարց ուղղել, թե վերոնշյալ գործը ինչ հանգուցալուծում է ստացել, եւ արդյոք մեղադրանք առաջադրված է եղել Արթուր Հովհաննիսյանին, թե ոչ:
Փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարությունը պատասխանել էր. «28.11.2017թ.-ին Ա. Հ.-ին եւ Գ. Ս.-ն ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեո-Զեյթունի բաժին։ 05.12.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): հարուցվել է քրեական գործ, եւ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ