«Մենք անում ենք այն, ինչ այլեւս հնարավոր չէ չանել։ Հետքայլի տեղ չկա, սպասելու հնարավորություն չունենք։ Ի՞նչ անենք, նստենք նայենք, թե մեկ հոգին ինչպե՞ս է մեր երկիրը քայքայում, Ադրբեջանի ներկայացուցիչն ինչպե՞ս է մեր երկիրը քայքայում։ Թիզ առ թիզ, գյուղ առ գյուղ, հանրապետություն առ հանրապետություն, Արցախից սկսած՝ հանձնում է»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալիսա Գեւորգյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։ Նա միացել է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» երթին։ Բագրատ սրբազանի գլխավորությամբ երթի մասնակիցները ծրագրել են Երեւան հասնել մայիսի 9-ին։
Ալիսա Գեւորգյանն ուրախ է, որ Հայ Առաքելական եկեղեցին է ստանձնել այս առաքելությունը․ «Առաջին անգամը չէ մեր պատմության մեջ, որ եկեղեցին պետության բացակայության պայմաններում ստանձնում է պաշտպանելու իր հողն ու հայրենիքը։ Իսկ մենք հիմա պետության բացակայության պայմաններում ենք ապրում, եթե պետության գլխին նստած մարդն առաջին հեթին սպասարկում է երկու թշնամի պետությունների շահերը, եւ այսքանից հետո մեր հանրապետությունում մարդ կա, որ մտածում է, որ պետություն ունի, որը պաշտպանում է իր շահերը, ապա այդ մարդուն ոչնչով օգնել հնարավոր չէ։ Բոլոր նորմալ, կարգին մարդիկ, բոլորը, ովքեր ստամոքսից բացի այլ օրգան համակարգ ունեն, հասկանում են այդ վտանգը եւ այսօր Հայ Առաքելական եկեղեցու կողքին են»։
Գեւորգյանն ասաց, որ նա այս շարժմանը կմիանար եթե նույնիսկ իր որդին զոհված չլիներ․ «Ես այստեղ կլինեի որպես հայ մարդ։ Առավել եւս պարտավոր եմ այստեղ լինելու, որովհետեւ այն հողը, որի համար ես իմ երեխային չեմ խնայել, ինձ համար չափից ավելի թանկ է, որպեսզի թույլ տամ, որ բորենիների մի խումբ գա ու նվիրի թուրքերին»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ