Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Տավուշից դեպի Երեւան քայլերթին՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ չգիտի՝ ի՞նչ պահանջ ու առաջարկ ունեն նրանք։ «Ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական առաջարկ չեմ լսել։ Ես հարգանքով եմ վերաբերում բոլոր այն քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել։ Ի՞նչ են առաջարկում՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞։ Եթե իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, եւս մեկ քայլով հարձակվելը, չգիտեմ, թող ջոկատներ ձեւավորեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ պահանջում են կասեցնել միակողմանի զիջումներն ու միջազգային նորմերին համապատասխան սահմանազատում իրականացնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Կասեցնել սահմանազատումը, նշանակում է, որ դեմ են։ Ասում են՝ կասեցնեն միակողմանի զիջումները, Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջումների չի գնում, ՀՀ-ն ֆիքսում է իր սահմանը, եւ այդ գործընթացը շարունակվելու է, այն քարտեզներով, որոնք ունեն հիմքեր։ Իսկ այդ քարտեզներին ու իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»։
Հարցին, թե իշխանափոխության վտանգ տեսնո՞ւմ են, որովհետեւ երթի մասնակիցների թիվն աճում է, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Նախ չգիտեմ՝ մասնակիցների թիվը շատանում է, թե չի շատանում, ես դրա հետ կապված ոչ մի մեկնաբանություն չունեմ անելու։ Թող շատանան, թող գան իրենց ձայնը հնչեցնեն, դա ժողովրդավարական է։ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026 թվականին»։
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին, թե ինչ ճանապարհով է ՔՊ-ն եկել իշխանության։ Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Այն ժամանակ ՀՀ-ում իշխանությունը ձեւավորված չէր ընտրությունների միջոցով, եւ ՀՀ ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը, ընտրեց իր ցանկացած իշխանություններին, դրանից հետո 2021 թվականին նորից գնաց ընտրությունների եւ ձեւավորեց իշխանություն։ Հաջորդ ընտրությունները կարող են ձեւավորվել միայն ընտրությունների միջոցով։ Գոյություն ունեն ընտրություններ եւ պրոցեսներ, որոնք օրենքով սահմանված են»։
Հարցին, թե այսինքն՝ բացառո՞ւմ են, որ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը կարող է համաժողովրդական ընդվզման վերածվել, Սիմոնյանը նման պատասխան տվեց․ «Ես որեւիցե բան չեմ բացառում, ես ասում եմ, որ երբ քաղաքական առաջարկ կլինի, քաղաքական գործընթաց կլինի․․․ Ես նույնիսկ չեմ հասկանում՝ սա ինչ պրոցես է, որովհետեւ մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը։ Քաղաքացին պետք է առաջարկ ունենա, երբ ինչ-որ մեկն ասում է՝ ես սրան դեմ եմ, ինքը պետք է առաջարկ ներկայացնի»։
Լրագրողները նաեւ հարցրին՝ իշխանությունները պատրաստվո՞ւմ են հանդիպել շարժման առաջնորդների հետ։ «Հարգելիս, էս ի՞նչ եք հարցնում։ Չգիտեմ՝ ինձ որեւիցե մեկը նման առաջարկ չի արել, ես բոլոր քաղաքացիներին էլ ընդունում եմ, ընդունելության ժամեր ունեմ, կամ օգնականս է ընդունում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա հավելեց․ «Ես ասում եմ՝ միակողմանի զիջում չկա, մենք սահմանն ենք գծում, միջազգային նորմերին համապատասխան ենք անում, ուրի՞շ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ