«1896» բարում բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնության է ենթարկել «Առաջին լրատվական»-ի մեկնաբան, լրագրող Ժիրայր Ոսկանյանին։ Այս մասին LIVE-ով պատմել է անձամբ Ոսկանյանը:
«Միկա Բադալյանն էր, եսիմ ովքեր, ինձ մոտենում են, ես իմ ընկերների հետ նստած ժամանակ եմ անցկացնում: Մոտենում են, հեռախոսով ինձ ցույց են տալիս ինչ-որ բաներ, իմ նկարը, միջնամատ են ցույց տալիս, անպարկեշտ բառեր ու ժեստեր են ինձ ցույց տալիս ու քաշքշում են ինձ, գողանում հեռախոսս: Ես կանչում եմ ոստիկաններին, բայց վերջիններս չեն կարողանում ինձ պաշտպանել: Հեռախոսս գողանալուց հետո չեն թողնում մուտք գործեմ այնտեղ, որտեղ նստած էի: Ոստիկաններն ինձ որեւէ ձեւով չէին պաշտպանում, հետո իրենք ինձ դուրս են շպրտում ու դուռը չեն բացում»,-պատմեց լրագրողը:
Լրագրողն անընդհատ թակում էր բարի դուռը ու բացող չկար. «Սա ամենաթողություն է, դուռը չեն բացում նույնիսկ ոստիկանների առաջ: Ոստիկաններին դուրս շպրտեցին ներսից ու դուռը չեն էլ բացում»,- հավելեց լրագրողը:
Նրա ահազանգով ոստիկաններ ժամանեցին դեպքի վայր ու հորդորում էին հաղորդավարին անջատել հեռախոսը, որ հետը զրուցեն, հասկանան՝ ինչ է եղել, բայց Ժիրայր Ոսկանյանը չհամաձայնեց:
Կարդացեք նաև
Ոստիկանը հարցրեց՝ ձեզ խփե՞լ են, ի պատասխան լրագրողն ասաց՝ այո. «Հեռախոսս վերցնելուց են խփել եւ դուրս շպրտելուց են խփել, ինձ նաեւ սպառնացել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ