Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական խոհանոցը աշխարհում նույնիսկ խաղաղությանն ու բարությանն է անդրադարձել

Մայիս 06,2024 12:00

Հայկական խոհանոցը մշտապես առանձնացել է իր համի ու ձեւի նուրբ արվեստով։ Ի դեպ, սա ոչ միայն մեր, այլեւ Հայաստան այցելած սննդի ոլորտի օտարազգի մասնագետների, զբոսաշրջիկների կարծիքն է։ Վերջիններս մեզ հետ զրույցներում մշտապես բարձրաձայնում են մի առանձնահատկության մասին, այն է՝ հայկական  մեր մշակույթում սեղանը իր շուրջն է համախմբում ոչ միայն ընտանիքի անդամներին, ընկերներին, նաեւ տարբեր մշակույթի եւ սովորույթների կրողներին։ Արտասահմանում էլ են հայտնի հնուց եկած հայկական խոհանոցի ուտեստները, այդ թվում՝ տոլման, խաշը, խաշլաման, չմոռանանք, իհարկե՝ խորովածը եւ այլն։ Բայց չգիտես ինչու եւ ինչպես, 2017թ. մեր ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակեց ադրբեջանական կերակրատեսակ եւ ճանաչեց ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Վերջերս ներկայացրել էինք, որ մեր հարեւան կոչեցյալները տոլման «մարսելուց» հետո, որի անվանումն առաջացել է ուրարտական «տոլի» բառից, ինչը նշանակում է խաղողի տերեւ, պատրաստվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին «պատվիրել» հայկական հնագույն ուտեստներից խաշը։

Մեր զրուցակիցը Ղազախստանի Կոստանայ քաղաքի ամենահեղինակավոր՝ «Տոբոլ» ռեստորանի երիտասարդ խոհարար Հայկ Մնացականյանն է։ Զրույցի սկզբում վերը շարադրվածի առիթով Հայկն ընդամենը փաստեց, թե՝ «աշխարհն այնպես է շուռ եկել, որ դժվար է միանգամից գլուխ հանել՝ քաղաքականությունից մինչեւ խոհանոցային արվեստ»։ Հետո հավելեց, որ իրեն շատ է ոգեւորել ազգային ուտեստների պահպանության նպատակով ստեղծված «Ուտեստների շտեմարանը», նշելով. «Իհարկե, սա ողջունելի է, շտեմարանը միանշանակ կնպաստի ազգային կերակրատեսակների մասին հասարակության իրազեկմանը, պահպանությանն ու կիրառմանը։ Բայց մի ցանկություն ունեմ. այդ ձեռնարկը թարգմանվի այլ լեզուներով նույնպես, առաջին հերթին՝ անգլերեն»։ Հետո հավաստիացրեց, որ իրենց ռեստորան հաճախ են այցելում քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ քաղաքապետը, ով հիացած է հատկապես մեր խաշլամայով եւ գառան խորովածով։

Հետաքրքրությանը, թե հասկանալի է, որ «Տոբոլի» ճաշացանկում պետք է գերիշխի ղազախական խոհանոցը, հետո՝ գուցե եվրոպականը, իսկ թե երբվանից եւ ինչպես հայկական ուտեստները հայտնվեցին ռեստորանի ճաշացանկում, մեր զրուցակիցը հանգամանորեն պատասխանեց. «2016թ. 12 տարեկան էի, երբ ընտանիքս տեղափոխվեց Ղազախստան։ Այստեղ հայկական դպրոց չկա, ես ավարտել եմ տեղի ղազախական դպրոցը, բայց, միեւնույն ժամանակ, ծնողներս, առանց չափազանցության՝ տանը ինձ հետ պարապում էին Հայաստանի դպրոցական ծրագրով։ Դպրոցից հետո ուսանեցի տեղի սպասարկման ոլորտի քոլեջում, իսկ այն ավարտելուց հետո՝ 2022թ., պրակտիկա անցա հենց «Տոբոլում», ավարտելուց հետո տնօրեն Գալիմժան Բիսիմբաեւի առաջարկով սկսեցի աշխատել այստեղ»։ Դիտարկմանը՝ Կոստանայն ունի մոտ 1000 հոգանոց հայ համայնք ու կարելի է ենթադրել, որ նրանցից շատերը ձեր մշտական այցելուներն են, Հայկը պատասխանեց. «Շուրջ երկու տարի այս ռեստորանում եմ ու մինչ այդ մեր ճաշացանկում չի եղել ոչ մի հայկական ուտեստ։ Իհարկե, մեր համերկրացիները հաճախ են այցելում, բայց հայկական ճաշատեսակներով հետաքրքրված են նաեւ ղազախներն ու քաղաքի հյուրերը։ Իշխան ձուկ, քաբաբ, խաշլամա, տոլմա, թոնրում խորոված գառան միս եւ այլ ուտեստներից հետո հազար անգամ շնորհակալություն են հայտնում։ Տեղացիները արտասահմանցի իերնց հյուրերին հատուկ հրավիրում են «Տոբոլ»՝ այդ ամենը ճաշակելու նպատակով»։

Հարցրինք, թե ղազախական այդ ռեստորանում ուրիշ ո՞ր ազգի ուտեստներ են պատրաստվում։ Մեր զրուցակիցը նշեց տաջիկական խոհանոցը, առանձնացնելով վերջինիս կազանքաբաբն ու կաուրդակը, ինչպես նաեւ ուտեստներ ռուսական խոհանոցից։ Իսկ թե ցանկություն չունի՞ ընդլայնելու հայկական ճաշացանկը՝ ներկայացնելով մեր մյուս ուտեստները, Հայկն ասաց. «Իհարկե՝ այո, օրինակ՝ մեր ղափաման, որն ավանդական ծիսական կերակրատեսակ է։ Այն մատուցել են հարսանիքների ժամանակ, որպեսզի նորապսակների կյանքը լինի նույնքան քաղցր, հարուստ… Իսկ ո՞ր ազգի  նորապսակներին նույն բանը չեն մաղթում… Եվ վերջապես, հնում ղափաման պատրաստվել է, որպեսզի աշխարհում խաղաղություն ու բարություն լինի. դդումը խորհրդանշում է երկրագունդը, բրինձը՝ մարդկությունը, իսկ չրերն ու ընկուզեղենը՝ տարբեր հավատքները»։ Անդրադարձանք լիբանանցի հայտնի բլոգեր Աբիր Էլ Սադիրի տեսանյութին, որի ընթացքում գեղեցկուհին ղափաման պատրաստում է հայկական տարազով եւ «Հեյ ջան, ղափամա» երգի ուղեկցությամբ։ Ի դեպ, բլոգերն իր X-ում ունի շուրջ 7 մլն հետեւորդ, տիկ-տոկում՝ շուրջ 25 մլն եւ պարբերաբար ծանոթացնում է այլ ազգերի ճաշատեսակներին։ «Այդ եթերից հետո մեծ աղմուկ բարձրացավ, հասկանալի է ում կողմից։ Հավանաբար խաշից հետո կանցնեն ղափաման սեփականաշնորհելու գործին»,- ասաց Հայկ Մնացականյանը, համոզմունք հայտնելով, թե մերը մեր ձեռքից ոչ ոք չի կարող խլել։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031