Խախտվել է հետադարձ ուժի արգելքի սկզբունքը
Ապրիլի 30-ին բանավոր ընթացակարգով վերջապես սկսվեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի եւ 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը: Քննությունը մի քանի անգամ հետաձգվել էր, անգամ կասեցվել: Այս գործով առկա էր ՍԴ աշխատակարգային 9 որոշում:
Դատարանը լսեց Սուրեն Ատոնյանին, նրա ներկայացուցչին` Էմիլ Ամիրխանյանին, ՍԴ աշխատակարգային որոշմամբ զեկուցող նշանակված ՍԴ դատավոր Է. Շաթիրյանին, ապա հետեւեց հարցուպատասխանը: Գործով պատասխանող կողմը Ազգային ժողովն էր:
Կարդացեք նաև
Զեկուցող ՍԴ դատավոր Է. Շաթիրյանը տեղեկացրեց, որ Սուրեն Անտոնյանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր 2023 թվականի հուլիսի 28-ին: 2023 թվականի օգոստոսի 17-ի ՍԴԴԿՈ-31 որոշմամբ գործն ընդունվել է քննության, այնուհետեւ 2023 թվականի օգոստոսի 30-ի ՍԴԱՈ-93 աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ա. Վաղարշյանը, եւ գործի դատաքննությունը նշանակվել էր 2023 թվականի հոկտեմբերի 24-ին: ՍԴ 2023 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԱՈ-119 աշխատակարգային որոշմամբ նշված գործի քննության ժամկետը երկարաձգվել է, գործի դատաքննությունը հետաձգվել եւ ապա գործի դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 5-ին։ 2023 թ. դեկտեմբերի 5-ի դատական նիստում ՍԴԱՈ-147 աշխատակարգային որոշմամբ նշված գործով զեկուցող Ա. Վաղարշյանը փոխարինվել է եւ գործով զեկուցող է նշանակվել դատավոր Է. Շաթիրյանը, իսկ ՍԴԱՈ-148 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ գործի կասեցված վարույթը վերսկսվել եւ գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի հունվարի 9-ին: …Նշեմ, որ աշխատակարգային ութ որոշումներով որոշվել էր գործի քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնել:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչն անդրադառնալով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին՝ գտնում էր, որ տվյալ դրույթը հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածին նախ այն պատճառաբանությամբ, որ այն խախտում է հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, քանի որ սահմանում է կարգապահական վարույթի հարուցման նոր առիթ՝ այն տարածելով նաեւ այն կարգապահական խախտումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչ այդ առիթը սաhմանող օրենքի ընդունումը: Դիմողի ներկայացուցիչ Է. Ամիրխանյանի պնդմամբ՝ նշված նորմը հակասում էր Սահմանադրությանը նաեւ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, քանի որ չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն օրենքի անցումային դրույթներից ուղղակիորեն եւ անվերապահորեն հետեւում է, որ որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է ծառայել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միայն այն վճիռը, որը կայացվել է նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, այն է՝ 2020 թվականի մայիսի 2-ից հետո, այնուամենայնիվ, այն կիրառվել է նաեւ սույն գործով, եւ իրավաչափ է համարվել 2015 թվականին կայացված ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա կարգապահական վարույթի հարուցումը:
Հիշեցնեմ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանին Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լսվեց 2023թ. հունվարի 26-ին: Արդարադատության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 108-Ա որոշմամբ դատավոր Անտոնյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ «մեղադրելով» դատավորին 2007 թվականի վճռաբեկ բողոքներից մեկը վարույթ ընդունելու համար: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 22343/08) գործով 2015 թվականի դեկտեմբերի 3-ին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը»: Այդ գործով, ՄԻԵԴ-ում գանգատաբերը պնդել էր, որ «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով` Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը եւ գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով»։ Ս. Անտոնյանը, ով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներից միակն է, ով «մեղադրվում» էր, որ քաղաքացիական գործի շրջանակներում մի անգամ վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ պատճառաբանելով, որ վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են, բայց 6 ամիս անց նույն գործով կողմը նորից է ներկայացրել վճռաբեկ բողոքը եւ այն վարույթ է ընդունել: Այսինքն, ըստ ԲԴԽ-ի, իրարամերժ երկու որոշում է կայացրել՝ նույն գործով: Դատավորը Սահմանադրական դատարանում ասաց, որ ՍԴ որոշմամբ է առաջնորդվել, այն իրավաչափ է ճանաչվել, իսկ ՍԴ որոշումն այն էր, որ ցանկացած դեպքում անձին պետք չէ զրկել վճռաբեկ բողոք բերելու իրավունքից: Ըստ դատավորի պատճառաբանության՝ 99 տոկոս դեպքերով բողոքները վերադարձվել են, տասնհինգ-տասնվեց տարի առաջ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանները կարող էին բողոք բերել վեց ամսվա ընթացքում, այդպես էլ արել են:
Դատավորի խոսքը կարճ էր, «15 տարվա ժամկետում վարույթ հարուցելու պայմաններում ունենում ենք լուրջ իրավական անվտանգության խնդիր: Ստացվում է, յուրաքանչյուր իրավական ակտից հետո, երբ դիմում է ներկայացվում ՄԻԵԴ, առնվազն ստորադաս դատարանների կողմից այդ դիրքորոշումների կիրառումը խիստ մտահոգիչ է լինում, որովհետեւ սահմանվում է «կարանտինային ժամկետ», ինչ արձագանք կլինի ՄԻԵԴ-ի կողմից, ինչպես են դրան անդրադառնալու ստորադաս դատարանները»: Ըստ դատավորի` ելակետ պետք է ընդունվի կանխատեսելի որոշումների հնարավոր ժամկետները:
Դիմողի ներկայացուցիչն ասաց, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասում կարգապահական վարույթի հարուցման նոր առիթի սահմանումը եւ դրա կիրառումը մինչ օրենքն ուժի մեջ մտնելը թույլ տրված կարգապահական խախտումների նկատմամբ ուղղակիորեն հակասում են Սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջին:
Դիմողի ներկայացուցիչը նաեւ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն օրենքը սահմանել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է ՄԻԵԴ՝ 2020 թվականի մայիսի 2-ից հետո կայացրած դատական ակտը, իսկ հետագայում այդ առիթով վարույթ հարուցելու ժամկետ սահմանող նորմով սահմանվել է, որ վերոգրյալ ՄԻԵԴ-ի ակտի հիման վրա վարույթ կարող է հարուցվել դրա ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում, ընդ որում՝ այդ կանոնը կիրառելի է ոչ միայն 2022 թվականի հուլիսի 6-ին ընդունված ՀՕ-333-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, այլ նաեւ մինչ այդ (բայց ոչ 2020 թվականի մայիսի 2-ին նախորդող ժամանակահատվածում) կայացված ՄԻԵԴ-ի ակտերի նկատմամբ։ Դիմումատու կողմի գնահատմամբ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասին տրված ցանկացած տարբերվող մեկնաբանություն եւ կիրառություն ուղղակիորեն հակասում են Սահմանադրության 73-րդ հոդվածին՝ անձի վիճակը վատթարացնող նորմի հետադարձության արգելքի սկզբունքին, ինչպես նաեւ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ որոշակիության սկզբունքին։ Վիճարկվող՝ դատական օրենսգիրքը սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաեւ նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մեկնաբանվել են այնպես, որ ստացել են հակասահմանադրական բովանդակություն առ այն, որ վերջինս կարող է (իրավասու է) ոչ իրավաչափ եւ դատական իշխանությունը հեղինակազրկող ճանաչել (արդյունքում նաեւ դատավորի լիազորությունները դադարեցնել) դատարանի որդեգրած այնպիսի պրակտիկան, որը սահմանադրական արդարադատություն իրականացնող եւ սահմանադրության գերակայությունն ապահովող մարմինը՝ Սահմանադրական դատարանը, գնահատել է որպես իրավաչափ եւ հակասահմանադրական է ճանաչել հետագայում հակառակը սահմանող նորմը։ Հղում արվեց Վենետիկի հանձնաժողովին, համաձայն որի` ՄԻԵԴ որոշումը ինքնին չպետք է հիմք հանդիսանա՝ անձին պատասխանատվության ենթարկելու համար:
Դատարանում դիմումատու դատավորը նաեւ ասաց, թե կառավարության կողմից ՄԻԵԴ ներկայացված փաստարկներն ամողջական չեն եղել:
ՍԴ դատավոր Թովմասյանի հարցին, թե կա՞ եվրոպական մի երկիր, որ տասնհինգ եւ ավելի տարիների վաղեմությամբ կարգապահական վարույթ հարուցեն դատավորների նկատմամբ, զեկուցողը չհիշեց, բայց զեկուցման մեջ հղումներ էր կատարում Մոլդովայից…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.05.2024