Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչինչ չէր խանգարի, որ գործընթացը միաժամանակ սահմանի 2 վիճահարույց հատվածներում կատարվեր, եւ ետքաշումներն իրականացվեին ե՛ւ Տավուշում, ե՛ւ, օրինակ, Ջերմուկում»

Մայիս 06,2024 12:30

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, ի՞նչ է տեղի ունենում Տավուշում. պայքարի դուրս եկած հոգեւորականները, քաղաքացիները վստահեցնում են, որ դա մեր հայրենիքի, հայրենի հողը պահելու համար պայքար է, միեւնույն ժամանակ իշխանություններն էլ պնդում են, որ այն, ինչ կատարվում է Տավուշում, արվում է հենց այդ տարածքներում բնակվող բնակիչների անվտանգության համար։

-Վարչապետ Փաշինյանն իր գործողությունները նախաձեռնելիս առաջնորդվում է հայրենիքի վերաբերյալ սեփական բանաձեւով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու Հայրենիքը պարփակված է ՀՀ պետական սահմաններով ու դրանցից դուրս Հայրենիք նա չունի։ Ըստ այդմ էլ անհրաժեշտ է ադրբեջանական կողմի հետ փոխհամաձայնեցված կերպով տեղորոշել հայ-ադրբեջանական սահմանը, ինչից հետո այդ սահմանի երկայնքով բնակվող ՀՀ քաղաքացին տեսականորեն կարող է իրեն ապահով զգալ, քանի որ ադրբեջանական կողմը նաեւ իր որոշմամբ անցկացված սահմանային գծից այս կողմ առաջ գալու լեգիտիմ հիմք եւ իրավունք չի ունենալու։ Ուրեմն, նախ Հայրենիքի ընկալման տարբերություն կա այժմ սահմանազատվող գոտում պայքարի ելած մարդկանց ու վարչապետի միջեւ։ Նաեւ վստահություն չկա սահմանազատման իրականացման կոնկրետ մեթոդաբանության նկատմամբ՝ գործընթացը բավարար թափանցիկությունը չունի, ինչը շատերին ստիպում է կասկածել, որ Փաշինյանը միակողմանի տարածքային զիջումներ է կատարում ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին հատկապես այն պատճառով, որ այս գործընթացը ադրբեջանական կողմի պահանջների առաջնային բավարարում է նախատեսում։ Առերեւույթ ոչինչ չէր խանգարի, որ գործընթացը միաժամանակ սահմանի երկու վիճահարույց հատվածներում կատարվեր եւ արդյունքում համապատասխան փոփոխությունները, ետքաշումները իրականացվեին եւ Տավուշում, եւ, օրինակ, Ջերմուկում։ Բայց սա արդարության սկզբունքի կիրառում կլիներ, ինչը հաղթողի դիրքերից հանդես եկող Ադրբեջանի համար գոնե առայժմ ընդունելի գործելակերպ չէ։

-Տավուշի հյուսիս արեւելյան պաշտպանական համալիրի լուծարումը, ականազերծումը հենց հայկական կողմի ձեռքով. այսպե՞ս է ապահովվելու անվտանգությունը։

-Ըստ Փաշինյանի, խոսքը գնում է ոչ թե Հայաստանի ինչ-որ մի առանձին հատվածի՝ տվյալ դեպքում կոնկրետ Տավուշի, այլ պետության ողջ տարածքի անվտանգության երկարաժամկետ ապահովման անհրաժեշտության մասին։ ՀՀ կառավարության որդեգրած այս պահվածքը կոչված է պետության անվտանգությունն ապահովել բացառապես իրավաքաղաքական միջոցների կիրառմամբ։ Դրա համար էլ Փաշինյանը կրկնում է տարիներ առաջ մեկ այլ գործչի կողմից արտահայտած այն միտքը, որի համաձայն զինված ուժերի գործադրումը քաղաքական խնդրի լուծման վերջին միջոցն է՝ այն կիրառության մեջ է դրվում, երբ բոլոր այլ հնարավորությունները սպառված են։

-Տավուշի «սահմանազատման եւ սահմանագծման» գործընթացի վերաբերյալ քննադատություններին ի պատասխան իշխանական ուժի ներկայացուցիչները նշում են, որ չկա այլընտրանք։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞րը կարող է լինել այս գործընթացի այլընտրանքը։

-Գործող իշխանություններն իրոք այլընտրանք չունեն՝ իրենց ընտրությունն արդեն անշրջելիորեն իրականացված է հոգուտ Փաշինյանի «հայության միակ Հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է Խորհրդային Հայաստանի սահմաններով» իրավա-քաղաքական մոդելի։ Սա այն մոդելն է, որը նաեւ Փաշինյանի թիմի իշխանության մնալու գոնե նվազագույն երաշխիքները կարող է ապահովել արտաքին դերակատարների ծանրակշիռ աջակցության շնորհիվ։ Անուղղակիորեն իրավիճակն այնպես է ներկայացվում, որ կամ Հայաստանը կպահպանի պետականությունը նշված սահմաններում եւ Փաշինյանի իշխանության պահպանման պայմանով, կամ կկործանվի։

-Բանակցողի փոփոխությամբ իրավական տեսանկյունից հնարավո՞ր է առոչինչ համարել սահմանազատման գործընթացը։

-Հարցն այն է, թե կոնկրետ բանակցային ինչ պլատֆորմ ունակ կլինի առաջարկել նոր բանակցողը։ Եթե այդ պլատֆորմը չունենա արտաքին գործընկերների աջակցությունն, իսկ Հայաստանն ընդունակ չլինի նաեւ ուժային բաղադրիչի կիրառմամբ ապահովել սեփական շահերի արդյունավետ պաշտպանությունն, ապա բանակցողի փոփոխությունը մեզ համար դրական արդյունքներ ապահովող գործողություն չի լինի։ Հետեւաբար, պետք է տեսնել, թե նոր բանակցողը ինչ ունի առաջարկելու։ Կենացներից վաղուց բոլորը հոգնել են։

– Պայքարի դուրս եկած հոգեւորականությանը որոշ շրջանակներ քննադատում են, թե ինչու են զբաղվում քաղաքականությամբ։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում հոգեւորականության այս կեցվածքին։

-Հոգեւորականները եւս ՀՀ քաղաքացիներ են եւ ոչ միայն իրավունք ունեն, այլեւ պարտավոր են իրենց դիրքորոշումը հրապարակավ արտահայտել, ուղղորդել իրենց հոգեւոր հոտը։ Բայց պարտավոր են դա անել միշտ եւ ոչ ընտրողաբար՝ մի դեպքում լեզուները կուլ տան՝ մյուսում աղաղակեն։ Կարծում եմ, որ հոգեւորականը ավանդական բարոյական արժեքների դրոշակակիրը պետք է լինի եւ ոչ միայն խոսքով, այլեւ առօրյա կյանքում դրսեւորվող իր պահվածքով։

-Բաքվում միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի բացման ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը»։ Սա համարենք զուտ ներքին լսարանի համար արված հայտարարությո՞ւն, թե դա բացահայտում է ընդհանրապես Ադրբեջանի՝ պաշտոնական մակարդակով բանակցություններին տրամադրվածության բնույթը։

-Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար հենց Ալիեւի ասածն է ճիշտ դուրս գալիս, իսկ մեր իշխանություններինը՝ ոչ։ Որն է այս կոնկրետ դեպքում ճշմարությունը՝ ես չգիտեմ։

-Հայտարարվեց Ալմա Աթայում առաջիկայում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, թեեւ դեռ ժամկետներ նշված չեն։ Ի՞նչ ակնկալել այս հանդիպումից, եւ ինչպե՞ս կգնահատեք դրա արդյունավետությունն այս պահին։

-Անշուշտ, Ալմաթիում այս հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ փոխհամաձայնությունը խորհրդանշային արժեք ունի, քանի որ կողմերն իրենց երկխոսությունը պետք է անցկացնեն ՀՀ գործող իշխանությունների համար անկյունաքարային իրավա-քաղաքական կարեւորություն ունեցող փաստաթղթի՝ «Ալմաթիի հռչակագրի» ստորագրման վայրում։ Մեծ հաշվով, «Ալմաթիի հռչակագիրը» «Կարսի պայմանագրի» քաղաքական շարունակությունն է Հայաստանի Հանրապետության համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031