Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու են հատապտուղները «սուպերֆուդ» համարվում

Մայիս 06,2024 09:30

Հատապտուղների մեջ կարծես մոգական մի բան կա, և դրանց կողքով շատ դժվար է անտարբեր անցնելը․ ասես բնությունը ստեղծել է այդ պտուղները՝ յուրաքանչյուր տեսակի մեջ ոչ միայն յուրօրինակ համ, բույր, գույն ու սննդանյութ ներդնելով, այլև մի փոքր էլ զվարճանք կամ տրամադրություն ավելացնելով։ Գուցե գիտականորեն դա բացատրվում է փոքրիկ պտուղների մեջ թաքնված հակաօքսիդանտային հզոր ազդեցությամբ, բայց, խոստովանենք, երբեմն պարզապես ցանկանում ես ավելի շատ «հեքիաթին» հավատալ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեզ չոր փաստեր են պետք, ապա նշենք, որ հատապտուղները համարվում են ամենաօգտակար սննդամթերքներից մեկը, քանի որ, հարուստ լինելով հակաօքսիդանտային միացություններով, բջջանյութով ու մասնավորապես վիտամին C-ով, պաշտպանում են մարդու բջիջները՝ նվազեցնելով շատ հիվանդությունների զարգացման վտանգը։

Հատապտուղներն ընդհանուր առմամբ՝

  • Կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակն ու բարելավում են ինսուլինի նկատմամբ զգայունությունը։
  • Բջջանյութի լավ աղբյուր են համարվում, և դրանց օգտագործումը թույլ է տալիս կարգավորել մարսողությունը։ ինչպես նաև երկարացնել հագեցածության զգացումը, ինչը կարևոր է ավելորդ քաշի դեմ պայքարում։
  • Հատապտուղների կազմում պարունակվող հակաօքսիդանտները նպաստում են բորբոքման նվազեցմանը, բարելավում են մաշկի վիճակը՝ թեթևացնելով արևի ազդեցության բացասական հետևանքները։
  • Բարելավում են սրտի առողջությունը՝ լավացնելով զարկերակների գործառույթն ու կարգավորելով խոլեսթերինի մակարդակը։

Իսկ թե որ հատապտուղն ինչով է առանձնանում՝ բերենք մի քանի օրինակներ․

Հապալասը մասնավորապես վիտամին K-ի լավ աղբյուր է։ Այս հատապտուղը նվազեցնում է զարկերակային ճնշումն ու կարգավորում խոլեսթերինի մակարդակը, գործում է հակադիաբետիկ ազդեցություն, բարելավում է գլխուղեղի աշխատանքը, օգնում է պայքարել միզուղիների վարակների դեմ, կանխում է ԴՆԹ-ի վնասվածքները։ 

Ազնվամորին, ինչպես և հապալասը, քիչ քանակով է շաքար պարունակում, փոխարենը հարուստ է բջջանյութով, ինչպես նաև հակաօքսիդանտային պոլիֆենոլներով, որոնք կոչվում են էլագիտանիններ։ Սրանց շնորհիվ ազնվամորին նշանակալիորեն նվազեցնում է օքսիդացման սթրեսն օրգանիզմում և նպաստում սրտի հիվանդությունների կանխարգելմանը։ 

Ելակը ևս մեկ օգտակար հատապտուղ է, որը հարմար տարբերակ է դիաբետ, արյան մեջ շաքարի տատանումների հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Ելակն ունի գլիկեմիկ ցածր ինդեքս և միաժամանակ՝ սննդանյութերով բավականին հագեցած բաղադրություն։ Ելակը հատկապես հարուստ է վիտամին C-ով, ֆոլաթթվով ու կալիումով։ Այս կազմության շնորհիվ այս հատապտուղը նպաստում է սրտի առողջության բարելավմանը, արյան մեջ շաքարի մակարդակի, ինչպես նաև օրգանիզմում բորբոքման նվազեցմանը։

Մոշը, որը նույնպես հակաօքսիդանտների, վիտամին С-ի ու բջջանյութի աղբյուր է, դրական է անդրադառնում գլխուղեղի գործառույթների բարելավման վրա, օգնում է կանխարգելել սրտի հիվանդությունները, ինչպես նաև ունի հակաքաղցկեղային որոշակի ազդեցություն։ 

Լոռամրգին պատահական չէ, որ «սուպերֆուդ» է համարվում․ այս տտիպ համով հատապտուղը օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ և կարող է բարելավել իմունային համակարգի աշխատանքը, նվազեցնել զարկերակային բարձր ճնշումն ու կանխարգելել միզուղիների վարակների զարգացումը։ Անգամ տվյալներ կան, որ լոռամրգին կանխարգելում է կարիեսի առաջացումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031