«2021 թվականին նախընտրական արշավի ժամանակ հանրապետության այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կողմից ասվել է, որ խնդիրը չկա որեւէ ձեւով՝ ո՛չ տարածքի, ո՛չ անկլավի: Ո՛չ նախընտրական ծրագիր, ո՛չ կուսակցական ծրագիր, ո՛չ կառավարության ծրագիր, չկա արձանագրված այս հարցը… եւ անցնելով երեք տարի, գաս գյուղացիներին՝ այդ հերոսական մարդկանց, երկիր պահող, երկիր ազատագրող մարդկանց ահաբեկե՞ս, սուտ խոսես ու ահաբեկե՞ս: Այս պահին ինչպես սահմանել ենք, մեր պահանջն է՝ այս ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել, ողջ՝ ծայրից ծայր»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:
Նրա խոսքով՝ սահմանազատում չի կարող լինել առանց խաղաղության պայմանագրի տեսականորեն ստորագրման. «Բազմիցս ասել ենք, ընդամենը երկու տարի առաջ Սյունիք, Վարդենիս, Ջերմուկ մեր տարածքները արյունով գրավել են, երկու տարվա խնդիրը թողած, գնացել են հետ 90-ականների հա՞րցը լուծելու, սա բարեմտությո՞ւն է, եթե բարի կամքի դրսեւորում է, ինչո՞ւ մյուս կողմից չկա դա, ինչն է պատճառը»:
Լրագրողի դիտարկմանը, երեւի որ պարտվել ենք, Սրբազանը արձագանքեց. «Ո՛չ երաշխիք կա, ո՛չ երաշխավոր կա, ո՛չ պատերազմից խուսափելու երաշխիք. հանձնելուց՝ պատերազմ, չհանձնելուց՝ պատերազմ; Հետեւաբար, ոչ թե պետք է սահմանազատում ու սահմանագծում լինի, նախ եւ առաջ խաղաղության պայմանագիրը պետք է լինի, որ հետո կարողանաս հանգիստ պայմաններում, ոչ թե ուժի սպառնալիքի ներքո, ինչ թելադրեն, այն էլ անես… քանդում ես Տավուշը, ամբողջ քո բնագծերը, կահավորանքը, գյուղացիների տները, ամեն անգամ տարբեր ձեւի, առանց քարտեզի առանց հիմնավոր կոորդինատների, ինչպես է դա տեղի ունենում»:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ից դեպի Երեւան է գալիս «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման երթը, մասնակիցներն այս պահի դրությամբ անցել են Ծովագյուղը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ