Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշ ձեւ չկա՝ ճշմարտությունը պետք է հաղթի մեր երկրում. արժեքը պետք է հաղթի անարժեքին». Բագրատ Սրբազանի օրվա ամփոփումը՝ Հաղարծնի վանքում

Մայիս 04,2024 23:35

Ինչպես տեղեկացրեցինք, այսօր Կիրանցից սկիզբ առած քայլերթն ամփոփվեց Հաղարծնի վանքում: Բագրատ Սրբազանը ներկայացրեց, թե ինչ կարեւորություն ունի այս վանքը մեր ինքնության համար. «Այստեղ մեր 13-րդ դարում կորսված խազերը, մեր հայկական նոտաներն են վերագտնվել, որի հեղինակը եղել է Խաչատուր Տարոնացին: Այստեղ արշավանքների են դիմացել ու դիմադրել, այս արժեքներն են մեր ինքնությունը կազմում: Այս արժեքների համար է, որ մենք այսօր այստեղ ենք: Այս աստվածային մեծ տունը մեզ համար կարեւոր ուղերձ է հղում: Ձախ կողմի մատուռում մեր թագավորներն են ամփոփված, ովքեր լռությամբ ամեն անգամ մեզ դիմավորում ու ճանապարհում են: Այս քարերը այլեւս դադարել են քար լինելուց, որովհետեւ 10-րդ դարից սկսած՝ մեզ նման հազարավոր մարդկանց աղոթքներն են, ուրախություններն են, պարտություններն են, հաղթանակներն են, այն մեծ հոգին է, որն այս քարերի ճամփով եկել, հասել են մեզ: Շնչում են իրենք, քարացած չեն: Այս օրը եւս կարձանագրվի այս վանքի կյանքում՝ այս քարերի մեջ՝ մեր հույզերով, ապրումներով»:

Բագրատ Սրբազանն ասաց, որ այս ժառանգությունը՝ մեր վանքերը, սրբարանները ստացել ենք՝ առանց վաստակելու ու երբ մեր վարքագծով, գիտակցությամբ, մեր սխրանքներով կընթանանք առաջ՝ այն ժամանակ վաստակած կլինենք. «Ո՞ւր է մեր Գանձասարը, ո՞ւր է մեր Ամարասը, ո՞ւր է Ղազանչեցոցը, ո՞ւր են մեր մնացած բոլոր սրբարանները, որտե՞ղ են: Չկան, այդպես հեշտությամբ մենք թողել ենք ամեն ինչ, որ մեր հայրական տունն է: Այս տաճարը, այս վանքը, մեզ հետ խոսող մեր հայրերի բառուբանը, ներկայությունը մեզ հետ խոսում է մի բանի մասին՝ արժանի լինելու իրենց, այն մեծ գիտակցությանը, որ մենք մի ազգի ժառանգ ենք , որին մեր մեծ հայրը՝ Մովսես Խորենացին անվանում էր վեհագույնը հյուսիսական ազգերի մեջ: Մենք իրավունք չունենք մեր կյանքը դարձնելու զուտ կենցաղի մեջ ոչնչացած մի բան: Մեր այս շարժումը, մեր այս ընթացքը չակնկալիքների շարժում եմ ես անվանել ու ուզում եմ ավելացնել՝ թող այն լինի անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանը եւ ճշմարտությանը, գիտությանն ու գիտակցությանը: Նրան, որ մենք կարող ենք նայել իրար աչքերի մեջ ու ասենք՝ այո, մենք այս ժառանգության տերն ենք ու վաստակել ենք: Մեր համար այս ընթացքը ճշմարտության հաղթանակի մասին է: Ուրիշ ձեւ չկա՝ ճշմարտությունը պետք է հաղթի մեր երկրում: Սուտը, ստախոսությունը պետք է վերանա մեր կյանքից, ոը դժբախտությունների, արհավիրքների, աղետների պատճառ է: Չի կարող այլ կերպ լինել: Մենք չենք կարող ապրել որպես ազգ ու ժողովուրդ, անհնար է ուղղակի»: Սրբազանն ասաց, որ սա մաքրման, ապաշխարության ճանապարհ պետք է լինի:

Անդրադառնալով Կիրանցի բնակիչներին՝ նա ասաց, որ 30 տարի սահման են պահել. «Այն մարդը, որն իր հայրենիքը պահել է, 30 տարի անտրտունջ ապրել է սահմանագծի դարպասների վրա, իմ աչքի առջեւ արտասվում էր: Սա անընդունելի է, չի կարող հայ մարդը այդքան ճզմված լինել: Այն մարդը իր կյանքը դրած սեղանին, ազատագրած, թշնամու հարձակումներից չերկնչող մարդը այսօր իր պետության մեջ լացում էր: Մենք դրա՞ն ենք արժանի: Հոգեւոր Հայաստանը պե՛տք է հաղթի Նոր Հայաստանին, դա անհրաժեշտություն է, արժեքը պետք է հաղթի անարժեքին: Այս բոլորի դիմաց մենք կստանանք պատիվ եւ հայրենիք: Սա մեր նշանաբանն է, մեր կյանքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031