Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղանկարիչ Զարուհի Մուրադյան. «Ես` որպես անհատ քաղաքացի, չեմ հավատում ո՛չ վարչապետին, ո՛չ նախարարին, ո՛չ կառավարության որոշումներին»

Մայիս 04,2024 22:24

Նկարիչների միության՝ Աբովյան-16 հասցեում գտնվող շենքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից զրկելու խնդրի հետ կապված ստեղծագործական այս միության արտահերթ համագումարում ելույթ ունեցավ նաեւ  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը խոսքը կառուցեց երեք բաժիններից։ Առաջինը նվիրեց պետության քաղաքականությանն ընդհանրապես ստեղծագործական միությունների նկատմամբ՝ նշելով, որ իրենք միեւնույն կողմում են, որովհետեւ բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնց դիմագրավելու միակ ճանապարհը միասին ջանք դնելն ու աշխատելն է։

Երկրորդ բաժնում նախարարը պատմեց, թե ինչու է առաջացել այս հարցը։ Պարզվում է, որ մարզական միություններից մեկը Ցախի փողոցում  շատ էժան գներով վաճառել է  մարզադպրոցի հողակտորը եւ շենքը, որպեսզի այնտեղ բազմաբնակարան շենք կառուցվի։ Նախարարությունը դիմել է դատախազություն, որովհետեւ դա հանրային շենք էր եւ կառուցման օրվանից ունեցել է մեկ նպատակ՝ ծառայել սպորտի զարգացմանը։

«Այս գրության հետեւից դեռ որեւէ գործընթաց չէր եղել, երբ ստացանք հաջորդ լուրը։ «Սպարտակ» ստադիոնը, որը գտնվում է Ագաթանգեղոսի փողոցում եւ նունպես կառուցման օրվանից մարզական միջավայր է եղել, այդ միության անդամները նույնպես օտարել են։ Էլի հանրային նշանակության շենքերը կարող են վերածվել բազմաբնակարան շենքերի»,-ասաց տիկին Անդրեասյանը եւ տեղեկացրեց, որ իրենք ցանկություն են ունեցել կանխարգելել նմանատիպ հանրային շենքերի օտարումները։

Նախարարը որպես հարցի ինստիտուցիոնալ լուծում առաջարկեց իր՝ կառավարության, իրենց պատկերացմամբ, ամենաարդյունավետ մեխանիզմը, սակայն որոշակի պայմաններով։ «Այսինքն, իրականացվի գույքը կառավարությանը նվիրելու եւ կառավարության կողմից միությանը նվիրաբերելու համալիր գործընթաց»,- ասաց նախարարը, ինչը առաջացրեց դահլիճում գտնվողների զարմանքը, տարակուսանքը եւ ծիծաղը։

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը նախարարի առաջարկին արձագանքեց այսպես. «Տիկին նախարարը քիչ առաջ ասաց եկեք քննարկենք։ Երկու ամիս առաջ, երբ կառավարությունն իրականացրեց կրթական համակարգի՝ բուհերը Աշտարակի ճանապարհ տանելու եւ այնտեղ կլաստեր կառուցելու բարեփոխում, սկզբում որոշումը կայացրեց։ Եվ երբ սկսվեց մեծ բողոք, ընդվզում, տիկին նախարարն իր էջում գրեց. «Եկեք քննարկենք»։ Սկզբից քննարկում են, հետո որոշում։ Հիմա նույնը մեզ են առաջարկում։ Այսինքն, դատախազության սուրը թափ են տալիս մեր գլխին, հետո ասում են եկեք քննարկենք։

Նկարիչները խաղաղ ժողովուրդ են, շատերն ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում։ Բայց սա քաղաքական հարց է։ Եվ երբ որ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը գալիս, զբաղվում է մեզնով ու շատ դաժան ձեւով։ Ես քննարկելուն  կողմ կքվեարկեն միայն այն դեպքում, եթե դատախազությունը իր հայցը հետ կկանչի, եւ մենք՝ կառավարությունը, մեր միությունը կլինենք խաղաղ պայմաններում։ Օրինակ բերեմ, որ վարչապետն ԱԺ-ում ասել է, որ այդպիսի բան չկա։ Վարչապետը շատ բան է ասել։ Ասել է. Արցախը՝ Հայաստան է, ասել է, որ ոչ մի սանտիմետր հող Հայաստանից չենք տա։ Հենց հիմա մեր՝ Հայաստանի, գյուղերը հանձնում են թշնամուն։ Այնպես որ, չքվեարկեք կողմ, մինչեւ դատախազության հայցը հետ կանչվի։

Մեզ կարող են հակադարձել, թե դատախազությունը անկախ է։ Ոչ սիրելիներ։ Ես երիտասարդ չեմ, ես շատ լավ գիտեմ, որ մեր դատական համակարգը անկախ չի եւ ամեն ինչը հրահանգով է արվում։ Մենք ունենք թալանված, սեփականաշնորհված, ավերված  բազմաթիվ  գործարաններ։ Ինչու դրանցով դատախազությունը չսկսեց զբաղվել, այլ սկսեց զբաղվել Երեւանի կենտրոնում գրողների միության, նկարիչների միության շենքերով։ Այստեղ ես ակնհայտ շահագրգռվածություն եմ տեսնում։ Վաղը կլինեն ճարտարապետները, մյուս օրը’ կոմպոզիտորները։

Ես որպես անհատ մարդ եմ առաջարկում. մինչեւ դատախազության հայցը հետ չկանչի, մենք ոչ մի քննարկման նույնիսկ չենք մասնակցելու»,- ասաց արվեստագետը։

Ավելի ուշ Զարուհի Մուրադյանը Aravot am-ին ասաց. «Կուզեմ իմ ասածին ավելացնեք, որ ես վիրավորված եմ նախարարի օրինակից։ Այդ մարզադպրոցը կամ ստադիոնը երեւի 10-12 կառավարիչ է ունեցել, որոնք շահադիտական նպատակով այդ բանն արել են։ Բայց մենք հազարից ավել անդամ ունենք։ Եվ այդ օրինակը բերել, ոնց որ հազարից ավելի անդամի վիրավորել, թե կարող է մի օր էլ դուք այդպես ընչաքաղց դառնաք, որ ձեր շենքը ծախեք։ Ես վիրավորված եմ։ Ես որպես անհատ անձ,  չեմ հավատում ոչ վարչապետին, ոչ նախարարին, ոչ կառավարության որոշումներին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031