Ամիսներ առաջ Հայաստանի նկարիչների միությունը գրություն էր ստացել գլխավոր դատախազությունից, ըստ որի՝ 90-ական թվականներին Կադաստրի կոմիտեի կողմից Աբովյան-16 հասցեի անշարժ գույքը, որը հանրությանը հայտնի է Նկարիչների միություն կամ Նկարիչների տուն անունով, ստեղծագործական այս միությանը սեփականության իրավունքով տրվել է ինչ-որ խախտումներով եւ այդ հիմքով վարույթ է հարուցվել։
Այսօր այդ առիթով հրավիրված Նկարիչների միության արտահերթ համագումարում, որին հրավիրվել էր նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, արտահայտելով միության հազար երեք հարյուրից ավելի անդամների տարակուսանքը, նշեց, որ այդ շենքը կառուցվել է հատուկ նկարիչների համար եւ միշտ եղել է նկարիչների սեփականությունը։
Երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու, խնդրի էությունը հանգամանալից ներկայացնելու եւ նրանցից որեւէ մեկնաբանություն ստանալու իրենց առաջարկին արձագանք դեռ չկա։
Կարդացեք նաև
Սուրեն Սաֆարյանն ընթերցեց Նկարիչների միության համագումարի հայտարարության տեքստը, որում նշվում է, որ նույն հասցեում գտնվող Նկարիչների տունը կառուցվել է 1956 թվականին Երքաղսովետի գործկոմի որոշման, գլխավոր հատակագծի եւ 1957 թվականի կառուցման նախագծի հիման վրա եւ մինչ օրս ծառայում է իր նպատակին։
Այն սեփականության իրավունքով մինչ օրս պատկանում է Նկարիչների միություն ՀԿ-ին։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է նկարիչների տան նկատմամբ Միության սեփականության իրավունքը, դա արձանագրվել է նաեւ կադաստրի կոմիտեում, ինչը ոչ մի կերպ չի կարող համարվել որեւէ աշխատակցի կողմից թույլ տրված սխալի արդյունք։ Նկարչի տունը չի հանդիսացել պետական սեփականություն, այդ թվում ՀՀ ԳԽ կողմից ընդունված օրենքի հիմքով ու տարբեր իրավասու գերատեսչական մարմինների որոշումներով։
Նկարիչների միությունը դատապարտում է ՀՀ գլխավոր դատախազության գործողությունները եւ վճռական է պաշտպանել իր սեփականությունը։
Հայտարարության տեքստը ընդունվեց միաձայն քվեարկությամբ։
Փաստաբան Կարեն Մեջլումյանը ներկայացրեց խնդրո առարկա դատական գործընթացի որոշ մանրամասներ։ Մասնավորապես, որ հայցը ներկայացվել է վարչական դատարան, որպեսզի նկարիչների միության շենքը 25 տարի հետո պետականացվի։ Ընդ որում, հայցը վարույթ է ընդունվել եւ գրավոր ընթացակարգով է քննվում, ինչը նշանակում է, որ սովորական ընթացակարգով դատ չի լինելու, երբ մասնակցում են դատական նիստերին, դիրքորոշում են հայտնում եւ այլն։ Այսինքն, փակ ինչ-որ բան է լինելու առանց նիստ հրավիրելու։ Նա հատուկ ընդգծեց, որ այն, ինչ ասում է դատախազությունը, թե կադաստրի աշխատակիցն է սխալ արել, այդպես չէ։ Պետությունը ճանաչել է նկարիչների միության սեփականությունը, ստեղծագործական միավորումների գույքերը չի ճանաչել իր սեփականությունը, եւ պետությունը համարել է, որ այդ գույքերը տվյալ ստեղծագործական միավորումների սեփականությունն է։
Երեւանի սրտում տասնյակ միլիոնավոր դոլար արժողությամբ շենքի սեփականության հայց է ներկայացվում եւ ծածկադնփոցով՝ գրավոր ընթացակարգով գործ է քննվում։ Փաստաբանի խոսքով, դա լուրջ հարված է Հայաստանի Հանրապետությանը որպես իրավական երկրի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ