«Այս մարդիկ ոչ միայն Տավուշն են պաշտպանում ու իրենց տներն են պաշտպանում, այլ մի ամբողջ պետության կազմաքանդման գործընթացը փորձում են վերցնել իրենց ուսերի վրա: Մենք ուղղակի բնական կերպով փորձել ենք կանգնել այս մարդկանց կողքին, որեւէ բան կազմակերպված չի եղել»,- այսօր Կիրանցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:
Ինչպես գիտեք, Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Կիրանցից քայլերթով գալիս են Երեւան՝ պատասխան պահանջելու:
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ այս շարժման ամբողջ ուժը նրանով է պայմանավորված, որ որեւէ մեկը մյուսին չի խնդրել դուրս գալ փողոց, բնականոն են համախմբվել: Նա ասաց, որ խնդիր են դրել պետականության քանդումը կասեցնել ու դա պետք է համազգային, համահայկական բնույթ ստանա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ ասաց. «Այս օրերի ընթացքում բացի ՔՊ-ից, մեզ բոլոր կուսակցությունները, անգամ այն կուսակցությունները, որոնք իրար հետ կի սեղանի շուրջ անգամ նստելու ոչ ցանկություն են ունեցել, իրար հետ չեն առնչվել, չեն շփվել տարիներ շարունակ, այսօր եկել են այստեղ: Հենց դա է մեր հաղթանակը ու մեր մեծագույն ձեռքբերումը: Դա մեր համազգային համերաշխության միաբանության վերկուսակցական համահայկական շարժում է, որը պետք է բոլորիս մեկտեղի մեկ սեղանի շուրջ: Սա մեր պետականության, լինելիության հարցն է, գոյաբանական հարց է ու մենք զիջելու տեղ չունենք: Արցախում էլ փորձեցին այնպես ստեղծել, որ դա միայն Արցախի հարց է, հիմա էլ Տավուշում են ուզում ստեղծել այն, որ միայն Տավուշի հարցն է, վաղն էլ Լոռիում են փորձելու: Սա մեր հայրենիքի, մեր երեխաների այստեղ ապրելու, մեր գործունեությունը շարունակելու,մեր գերեզմաններին, մեր եկեղեցիներին տեր կանգնելու գործընթաց է, որը պետք է հաջողությամբ պսակվի, դրանում ոչ ոք թող չկասկածի: Հասնելու ենք մեր նպատակներին, որովհետեւ մեր նպատակները ազնիվ են, անկեղծ են, մեր նպատակն այն է, որ ՀՀ-ն հարատեւ լինի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ ՂԱՐԱՄԱՆՅԱՆԻ