Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգուշացրել էինք՝ չփորձեք դիպչել Տավուշին. գալիս ենք Երեւան՝ պատասխան պահանջելու». Բագրատ Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից

Մայիս 04,2024 16:15

Կիրանցում քիչ առաջ Բագրատ Սրբազանը հայտարարեց պայքարի նոր մեկնարկի մասին:

Նա ասաց, որ բոլորով Կիրանցից շարժվում են դեպի Երեւան. «Անհասկանալի պատճառներով գյուղի այս տարածքները հանձնում են: Ինչ ենք դիմացը ստանում, ըստ վկայողի, ստանում ենք ռիսկերի նվազում: Այս բոլորին ականատես լինելով՝ «Տավուշն հանուն հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով գնալ Երեւան ու պատասխաններ պահանջի ու պահանջ ձեւակերպի, որ այս գործընթացը պետք է դադարի: Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ չունի, սահման չունի, դրան հաջորդելու են այսպես կոչված անկլավների խնդիրը, Տիգրանաշենի, Սյունիքի խնդիրները եւ այլն: Այսինքն, հյուսիսից հարավ անհասկանալի գործընթացի մեջ ենք գտնվում, ու այս գործընթացը պետք է կասեցվի: Սա մեր պահանջն է: Եթե սահմանագծման, սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքներին համապատասխան ու միջազգային պայմանագրերի հիմունքների, սկզբունքների վրա, այլ կերպ չի կարող լինել: Միակողմանի, միանձնյա որոշումներ՝ մոլորեցնող, խաբեբայական, այլ դրսեւորումներ չեն կարող լինել»:

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ սա «չակնկալիքների» շարժում է, որի դիմաց ստանալու ենք հայրենիք եւ պատիվ. «Այս շարժումը նաեւ պատճառ ու միջոց պիտի դառնա հասարակական լայն հաշտության: Այստեղ ո՛չ ատելություն կա, ո՛չ թշնամություն, ո՛չ հակակրանք: Ովքեր այսպիսի տրամադրությամբ կփորձեն մտնել այս շարժման մեջ, նրանք կապ չունեն ընդհանրապես ո՛չ մեր հայության հետ, ոչ մեր իղձերի հետ,ոչ մեր շարժման հետ, ոչ մեր գոյության հետ: Սա լայն հասարակական հաշտության շարժում է, որը միտված է բարին ստեղծելու եւ ճշմարտություն արտահայտելու»:

Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ զգուշացրել էր՝ չփորձեք դիպչել Տավուշին, դա լինելու է մեր ստորացման վերջին մեխը:

Բագրատ Սրբազանը, կիրանցի Լենա տատիկից ծնկաչոք օրհնություն ստացավ՝ ճանապարհ ընկնելուց առաջ: Նրան հետեւեցին ներկաները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031