Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրաստանյան զարգացումներում նախագահ Զուրաբիշվիլիի ակտիվությունն ակնհայտ է դարձնում ՀՀ նախագահի անգործությունը

Մայիս 04,2024 11:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խորհրդարանական երկրներում նախագահը պետք է սեփական հեղինակությամբ և նախաձեռնողականությամբ կարողանա հակազդել գործադիրի հնարավոր ծավալապաշտությանը։ Վրաստանում դա կա, Հայաստանում՝ ոչ։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքի՝ արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունման ֆոնին մայրաքաղաք Թբիլիսիում իրվաիճակը թեժանում է։ 

Այս համատեքստում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխությամբ է վերաբերվում Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարող ցուցարարներին՝ հայտարարելով՝ չի ստորագրելու այդ օրենքը։

Նախագահը ակտիվ է սոցիալական հարթակներում՝ ընդգծելով, որ վերոհիշյալ օրենքը ռուսական նմանատիպ օրենքի կրկնօրինակն է և հակասում է Թբիլիսիի եվրաատլանտյան հավակնություններին։ Նա նաև ոչ համաչափ է որակել օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանական գործողությունները։ Այս օրերին Զուրաբիշվիլին հարցազրույցներ է տալիս միջազգային մի շարք ԶԼՄ-ների՝ France 24, Sky News, DW News։

Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, ու թեև սահմանադրորեն նախագահի լիազորություններն ավելի լայն են, քան Հայաստանի նախագահինը, այստեղ կարևոր է արձանագրել նախագահի անձնական նախաձեռնողականությունը և/կամ հավատարմությունը երկրի ապագայի մասին իր պատկերացումներին։

Այստեղ չենք քննարկում՝ արդյո՞ք այս օրենքը ռուսական է, արդյո՞ք գործող իշխանությունն իրականում ռուսամետ է, արդյո՞ք նախագահի գաղափարախոսությունը ճիշտ է։ Փաստն այն է, որ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանատվության զգացում է կրում իր հայրենիքի, պետության և ժողովրդի, նրանց ապագայի հանդեպ։

Նույնը հնարավոր չէ ասել Հայաստանի նախագահի մասին։ Հասարակությունը Վահագն Խաչատուրյանին տեսնում է հիմնականում միայն պաշտոնական և արարողակարգային միջոցառումների ժամանակ։ Բաղրամյան 26-ը, կարելի է ասել, որևէ կերպ չի անդրադառնում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, բացառությամբ, երբ Սահանադրությամբ «պետության գլուխ» Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումների ժամանակ նրան գովասանքի է արժանացնում։

Ակներև է, որ Հայաստանի նախագահի մոտ բացակայում է նախաձեռնողականությունը, ինչը ՀՀ նախագահի պարագայում պարտադիր պայման է՝ հաշվի առնելով Սահմանդրությամբ իրեն վերապահված, քաղաքական կյանքում հիմնականում ազդեցություն չունեցող լիազորությունները։

Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, թեև համեմատելի չէ Սալոմե Զուրաբիշվիլիին, շատ ավելի նախաձեռնող էր, քան հինգերորդ նախագահն է։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո նա քաղաքական լայն խորհրդակցություններ էր անցկացնում՝ ջանալով համերաշխություն և միասնականություն բերել շոկի մեջ գտնվող հայ ժողովրդին։ Սարգսյանը նաև հակակշիռ էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, քանի որ նա մի քանի անգամ չի ստորագրել Ազգային Ժողովի ընդունած օրենքները և ուղարկել է դրանք Սահմանադրական դատարան։

Այսպիսով՝ այսօր Վրաստանը քաղաքականպես ավելի հասուն է, քան Հայաստանը (թեև երկուսն էլ այս պահին կարելի է ոչ հասուն երկրների շարքին դասել)։ Այնտեղ կա նախագահ, որը զսպում է, հակակշռում է իշխող մեծամասնությանը՝ նպատակ ունենալով կանխել մեծամասնության բռնապետության առաջացումը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031