Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պարզ ինքնիրավչություն է, կամայական սահմանափակում՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի»․ «Հրապարակ»

Մայիս 04,2024 10:45

Կիրանցի ապօրինի պաշարումը ոստիկանական զորքի կողմից շարունակվեց նաեւ երեկ։ Հիշեցնենք․ ոստիկանական ուժային գործողություններից հետո իրավապահները նախօրեին, վաղ առավոտից փակել են դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհները. Կիրանց մտնել ցանկացողներին ստիպում են անձնագիր ցույց տալ, որում նշված լինի, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։ Ովքեր տեղի բնակիչ չեն, նրանց մուտքն արգելում են: Բագրատ Սրբազանին, տավուշյան պայքարի մյուս աջակիցներին երկու օր է՝ թույլ չեն տալիս մտնել Կիրանց։ Տասնյակ հարյուրավոր ոստիկաններ երեկ էլ շարունակեցին փակ պահել գյուղի մուտքերը, թեպետ որոշներին թույլ էին տալիս մուտք գործել, դիցուք` Գառնիկ Դանիելյանին, իրավապաշտպան Արսեն Բաբայանին: Պարզ ասած՝ ոստիկանական ամենաթողություն է, օրենքն այստեղ չի գործում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր զրույցում ասաց, որ այս օրերին պետական կառույցներն ինքնիրավչությամբ են զբաղված, սահմանված չէ իրավական հիմք ունեցող հատուկ ռեժիմ, սահմանելու համար կա՛մ պետք է արտակարգ եւ ռազմական դրության մասին օրենքով առաջնորդվեն, կա՛մ «Պետական սահմանի մասին» օրենքի կարգավորումով: Իսկ «Պետական սահմանի մասին» օրենքը նախատեսում է՝ սահմանային ռեժիմ հայտարարելու համար ելակետ ընդունել պետական սահմանը։ «Իրենք եթե սահմանեն ռեժիմ, կընդունեն, որ այսօրվա հայ-ադրբեջանական շփման գիծը հենց պետական սահմանն է։ Իրենք փորձում են արդարանալ, թե կա նախարարի հրաման եւ այլն, բայց նախարարը նման հրաման տալու իրավունք չունի, խոսքս ՆԳ նախարարի մասին է։ Չունի, որովհետեւ չկա նկարագրված, թե  ինչ է կատարվում, որպեսզի իրավունքների սահմանափակումներն էլ համապատասխանեն Սահմանադրությամբ կամ միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքներին»,- պարզաբանեց Մինասյանը։

Նշենք, որ «Պետական սահմանի մասին» օրենքի 20-րդ հոդվածն է կարգավորում «սահմանային ռեժիմ»-ը․ «ՀՀ կառավարությունը պետական սահմանում պատշաճ կարգ ապահովելու նպատակով, սահմանված կարգով, սույն օրենքին եւ ՀՀ իրավական այլ ակտերին համապատասխան, սահմանում է սահմանային ռեժիմ, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ այլ անձանց` սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու եւ այլ գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները»:

«Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ»: Սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնությամբ տալիս են սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի եւ այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար: «Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելով` սահմանափակվում կամ արգելվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ընտանի կենդանիների, բեռների եւ այլ գույքի մուտքը, այլ գործունեությունը սահմանային շերտում»:

Ուստի. «Սա պարզ ինքնիրավչություն է, կամայական սահմանափակում՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի, եւ սա ունենալու է կոնկրետ իրավական հետեւանքներ։ Մենք հիմա փաստահավաք առաքելություն ենք իրականացնում, դատական  պրոցեսով, ինչու ոչ` նաեւ միջազգային իրավական գործընթացներ սկսելով։ Իրավական հետեւանքները նախատեսում են՝ սկսած նրանից, որ գործողությունները ոչ իրավաչափ են, ավարտված կոնկրետ պատճառված վնասների գնահատման, նաեւ քրեական-քաղաքացիական իրավահարաբերություններից բխող հետեւանքներ՝ պատճառված վնաս, քրեական արդարադատություն: Ի վերջո, գոնե իշխանափոխությունից հետո միանշանակ պատասխանատվության են ենթարկվելու»։ Ասում է Արծվիկ Մինասյանը, ով դեռեւս նախօրեին Կիրանցի շրջափակման օրինականության հարցով նաեւ ՄԻՊ-ին է դիմել, ով խորհրդարանում վերջին օրերին իր ղեկավարած կառույցի տարեկան հաշվետվությունն է ներկայացնում:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031