Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի թուղթ «լեգիտիմ չէ»

Մայիս 04,2024 10:00

Եթե մի կողմ թողնենք բոլոր տեսակի արդարացի կամ անարդար մեղադրանքները, ապա այսօրվա իշխանությունների կոնցեպտուալ սխալն այն է, որ նրանք կարծում են, թե հնարավոր է պատերազմից խուսափել կամ, առնվազն, անորոշ ժամանակով հետաձգել այն:

Որպես երաշխիք՝ ներկայիս վարչապետը ներկայացնում է ինչ-որ մի թղթի «լեգիտիմությունը» (ի դեպ՝ սխալ հասկանալով այդ բառի իմաստը):

50 տարի առաջ, հարաբերական խաղաղության պայմաններում նման «կադաստրի թղթերը», պայմանագրերը կամ հռչակագրերը թերեւս որոշակի նշանակություն ունեին: Այսօր դրանց նշանակությունը նույնն է, ինչ վարչապետի կողմից այդքան սիրված Հայաստանի ստվարաթղթե մակետը:

Հեռու չգնալու համար բերեմ երկու փաստարկ: 1/ Ադրբեջանն ակնհայտորեն չի պատրաստվում հետ քաշվել այն տարածքներից, որոնք անվիճելիորեն պատկանում են Հայաստանին: Դա անուղղակիորեն հաստատել է ինքը՝ Փաշինյանը՝ վերջին հարցազրույցում մի քանի անգամ խուսափելով պատասխանել այդ թեմայով հարցին: 2/ Տավուշում «սահմանազատումը» կատարվում է ո՛չ Ալմա-Աթայի հռչակագրով, ո՛չ էլ Խորհրդային քարտեզներով, այլ բացառապես Ադրբեջանի քմահաճույքներով:

Որեւէ թուղթ (ստվարաթուղթ) Ալիեւին հետ չի պահի Հայաստանի վրա հարձակվելուց, ինչպես նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը հետ չպահեց Արցախը շրջափակելուց, իսկ այնուհետեւ՝ հայաթափելուց: Հարաճուն զիջումները, հետեւաբար, չեն հեռացնում պատերազմի վտանգը, պարզապես վատթարացնում են մեր ռազմավարական դիրքերը՝ ապագա մարտական գործողությունների պարագայում:

Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի մտնել պատերազմի մեջ: Ճիշտ է, եթե դա տեղի ունենա Փաշինյանի օրոք, դիմադրելու շանսերը քիչ են: Այդ հետեւությանը կարելի է գալ՝ դատելով ոչ միայն նրանից, թե ինչպես էր նա պետությունը ղեկավարում 44-օրյա պատերազմի ժամանակ, այլեւ՝ դրանից հետո բանակի հետ եւ հանդեպ կատարվող աղաղակող սխալներից:

…Ըստ «Գելափի» վերջին հարցման՝ «պատրա՞ստ եք համակեցության ադրբեջանցիների հետ, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունը և անվտանգությունը» հարցին 75.7 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ՝ ոչ»: Բայց դա չի նշանակում, որ եթե այդ «համակեցությունը» (իսկ իրականում՝ հետագա զավթումն ու էքսպանսիան) շարունակվի, մեր բնակչության ¾-ն ընդվզելու է: Հայաստանցիների ավելի մեծ տոկոսը դեմ էր, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչպես պարզվեց՝ մեկ մարդու կողմ լինելը լրիվ բավարար էր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031