Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվաշենը՝ դատարկ, տները փլվում են, հարևան գյուղերի ադրբեջանցիները հայերի վերադարձը չեն ուզում․ բաքվեցի լրագրողի ռեպորտաժը

Մայիս 03,2024 23:30

Հայկական անկլավ Արծվաշենը դատարկ է, անտեր մնացած տները փլվում են, գյուղն ադրբեջանցիներով չի բնակեցվել, կողքի գյուղերի բնակիչներն իրենց ոչխարներն են բերում արածեցնում Արծվաշենին պատկանող տարածքներում, որն իրենց համար արոտավայր են դարձրել, ու չեն ցանկանում, որ հայերը վերադառնան։

Ընդհանուր առմամբ այսպիսի պատկեր է բաքվեցի լրագրող Ֆաթիմա Մովլամլիի նյութում, որը հրապարակվել է JAMnews տարածաշրջանային հարթակում։ Գետաբեկի շրջանի Շինըխ գյուղի բնակիչ 53-ամյա Վելին ասել է, որ իր ընտանիքը կերակրում է այստեղ անասուններ պահելու միջոցով, և միայն ինքը չէ՝ շրջակա գյուղերի մարդիկ նույն կերպ են ապրում՝ աշխատանք չկա, գործազրկություն է, դժվարությամբ են հաց վաստակում։

«Եթե այս գյուղը չլինի, մենք կկորցնենք մեր գոյության վերջին հնարավորությունը։ Ստիպված կլինենք վերցնել մեր ընտանիքներն ու հեռանալ այստեղից», – ասել է անասնապահ Վելին։

Լրագրողը պատմում է, որ Արծվաշենի մուտքի մոտ մի քանի մարտական հենակետ կա, ինչ-որ վերահսկողություն կա, սակայն տեղացիներին չեն ստուգում, իրեն էլ չեն ստուգել, հարևան գյուղի բնակիչներից մեկն ուղեկցել է իրեն, ծանոթի տեղ են դրել։ Շրջապատում քիչ մարդիկ են եղել, մի քանի անասնապահ ու հող մշակող է տեսել։

Արծվաշենը, որ ադրբեջանցիները Բաշքենդ են անվանում, Հայաստանի նախկին Կրասնոսելսկի շրջանի ամենամեծ ու հարուստ գյուղն էր։ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին՝ 1992 թվականի օգոստոսի սկզբին այստեղ տեղի ունեցած մարտերի արդյունքում ադրբեջանցիները գրավեցին Հայաստանի սահմանից 30 կիլոմետր հեռու ընկած գյուղը։ Արծվաշենը նախկինում անկլավ չի եղել, այն լեզվակի պես խորացած էր Ադրբեջանի տարածքում, հետո լեզվակը կտրվել է, ու գյուղը Խորհրդային Հայաստանի անկլավ է դարձել Խորհրդային Ադրբեջանի տարածքում, իսկ հիմա արդեն 32 տարի գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

90-ականների սկզբներին Գետաբեկի շրջանի գործկոմի ղեկավար Սալեհ Ռուստամլին ասել է, որ հայ բնակչության հեռանալուց հետո գյուղն ամբողջությամբ ամայացել է։ Նրա ասելով՝ ոչ այն ժամանակ, ոչ էլ հետագայում այնտեղ որևէ բնակեցում չի եղել։ «Սա վկայում է այն մասին, որ մենք գյուղը չեն վերցրել օկուպացիայի նպատակով։ Դա անհրաժեշտ էր անվտանգության համար» , – նշել է Գետաբեկի շրջանի նախկին ղեկավարը։

Հայ – ադրբեջանական կարգավորման բանակցություններում այս պահին թեև անկլավների հարցը սեղանի վրա չէ, սակայն այդ թեման շոշափվում է։ Սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ի նիստում կողմերը պայմանավորվել են շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով մի քանի անգամ խոսել է հայերի վերահսկողության տակ գտնվող ութ գյուղերը վերադարձնելու անհրաժեշտության մասին, որոնցից չորսն անկլավներ են, մյուս չորսը՝ էքսկլավներ, վերջինների մասին ասելով, որ դրանք պետք է վերադարձվեն անվերապահորեն։ Այս պահին Տավուշի մարզի սահմանին ընկած ադրբեջանական չորս գյուղերի տարածքները վերադարձվում են, երկու կողմերի մասնագիտական խմբերը տեղում սահմանազատում են իրականացնում։

Անկլավների հարցում ըստ էության երկու տարբերակ կա․ դրանք կա՛մ վերադարձվում են, կա՛մ տարածքների փոխանակում է կատարվում։ Ադրբեջանցի քաղաքագետների մի մասի կարծիքով՝ ամենահարմար տարբերակը փոխանակումն է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031