Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամներն այսօր Վանաձոր քաղաքում իրազեկման ցույց իրականացրեցին՝ ի աջակցություն Տավուշում սկսված՝ հանուն հայրենիքի պայքարի՝ վանաձորցիներին կոչ անելով միանալ պայքարին, անտարբեր չմնալ ազգը եւ պետությունը կործանող իրադարձություններին, այլապես այդ ամենն ավարտվելու է Երեւանում՝ բոլորիս պարտությամբ:
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում է տավուշեցիներին՝ ծառերով պաշտպանվել ադրբեջանցիներից, եթե չեն ցանկանում նրանց տեսնել. ծառի հիշատակումը շատ հետաքրքիր էր, որովհետեւ Հուդան էլ ծառի հետ կապված պատմություն ունեցավ եւ իր ավարտը, այսպես ասած, ծառի թեմայով էր»,- ցույցի մեկնարկին ասաց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը՝ թե անգիտակցաբար, թե սեփական մեղքի զգացումով, ինչը քիչ հավանական է, ասաց մի բան, որը խորհրդանշական է լինելու իր պարագայում:
Իր խոսքով, այն ամենն ինչ այսօր Նիկոլ Փաշինյանն անում է Կիրանցում՝ շրջափակելով գյուղը, շատ նման է Ադրբեջանի վարքագծին՝ Արցախում:
«Բագրատ սրբազանին չի կարելի միայնակ թողնել՝ հույս ունենալով, որ ինքը խնդիրներ է լուծելու. միայնակ ոչ ոք ոչինչ չի կարողանալու անել»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ասելով, թե Տավուշից տարածքներ հանձնելով խաղաղ ապրելու ենք. այդպես նա ասում էր նաեւ Արցախի պարագայում: Կայունություն եւ խաղաղություն ապահովելու համար, ըստ բանախոսի, պետք է փոխել ՀՀ իշխանությանը եւ նրա վարած քաղաքականությունը. «Մեզ խաբում են, թե մենակ ենք. մենք մենակ չենք, մենք մենակ ենք մնում միայն այն պարագայում, երբ Հայաստանում միտումնավոր փչացվում են բնական դաշնակիցների հետ հարաբերությունները» :
Կարդացեք նաև
Այլ մանրամասները տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ