Արցախը զավթած ադրբեջանցիները մոտ մեկ ամիս է՝ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին ռեստորանն են աշխատեցնում․ նրանք անվանափոխել ու վերաբացել են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս Գարդեն Ստեփանակերտ» ռեստորանը, որը «Ֆլորենս» ցանցի մեջ համարվում էր ամենաշքեղը։
Արցախի պետական կառույցների շենքերը հիմնահատակ քանդող ադրբեջանցիները ռեստորաններին ու սուպերմարկետներին ձեռք չեն տալիս․ նոր անվանումներ տալով՝ փող են աշխատում։
Ստեփանակերտում նույնիսկ բացվել են ադրբեջանական որոշ սուպերմարկետների ցանցերին պատկանող խանութներ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վերաբացված ռեստորանի նկարը, մեզ հետ զրույցում ասաց․ «Ֆլորենսը» Ստեփանակերտի ամենաշքեղ ռեստորաններից է, ադրբեջանցիներն այն չքանդեցին, շենքը վնասված էլ չի եղել, ամբողջ գույքը, տեխնիկան տեղում է։ Ադրբեջանցիները դա բացելով՝ անվանել են «Սալամ Խանքենդի»՝ «Ողջույն Խանքենդի»։ Խանքենդի նրանք ասում են պատմական Վարարակն քաղաքին, որը խորհրդային տարիներին անվանվել է Ստեփանակերտ, Արցախի մայրաքաղաքն է։
Կարդացեք նաև
Շատ հետաքրքիր է, որ բիզնես օբյեկտները չեն քանդում՝ վերանվանում են, բիզնես անում, մինչդեռ Ստեփանակերտում հողին են հավասարեցնում անկախության տարիներին կառուցված և անկախության խորհրդանիշ համարվող, հայի հաղթանակը հանդիսացող այնպիսի կառույցներ, ինչպիսին օրինակ՝ Ազգային ժողովի շենքն է, որից նույնիսկ փոշի չի մնացել, տեսանյութերը կան։ Քանդեցին Արցախի վետերանների միության շենքը։ Արցախի վետերանների միության շենքը առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ հաղթանակած մեր զինվորականների պատվին էր կառուցված, որտեղ նրանք հավաքվում էին, իրենց խնդիրները բարձաձայնում, զբաղվում։
Հիմա ամբողջությամբ այլանդակում ու վերաձևում են Ստեփանակերտի պետական համալսարանի շենքը, որը թիվ 1 հայեցի կրթության օջախներից է։ Բացարձակ զարմանալ պետք չէ, որ ադրբեջանցիները քանդում ու պղծում են Հայ Առաքելական եկեղեցու կոթողներն ու տաճարները՝ դրանք փորձելով կամ ընդհանրապես ջնջել երկրագնդի երեսից, ինչպիսի օրինակ՝ Շուշիի «Կանաչ վանքն» էր, կամ պղծել, վերափոխել ու դա ներկայացնել որպես աղվանական եկեղեցի, ինչպես անում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեպքում։
Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ու շարունակի նվաստացնել մի ողջ ազգի, չպիտի բացառենք, որ վաղը մյուս օր Երևանի հայտնի ռեստորաններից մեկն էլ դառնա «Սալամ Իրեւան», իսկ Երևանի ջազի, գինու փառատոներին ակտիվ մասնակցող մեր քաղաքացիներն էլ, որոնք արհամարհած ունեն Ադրբեջանից եկող վտանգը, սիրով գնան այդ ռեստորան»,- ասում է քաղաքագետը։
Նկատենք, որ ՀՀ նախկին վարչապետի՝ Արցախում գտնվող ռեստորանի ֆեյսբուքյան էջում ամենուր Արցախի գովքն է․ մի տեղ Ստեփանակերտը համարվում է սեր տարածող քաղաք, որը ամենամեծ շարժիչ ուժը՝ սերը․ ստանում է տիեզերքից ու «շարունակում է ապրել, ապրել՝ գեղեցիկը տեսնելու, մանրուքները գնահատելու, ամենակարևորը՝ սեր տալու անհագ ցանկությամբ»։ Մեկ այլ հայտարարության մեջ երեխաների տոնը շնորհավորելիս՝ խոսվում է անկախ, խաղաղ ու պաշտպանված հայրենիքում ապրելու մասին։
Վերջին թարմացումը կատարվել է 2023 թվականի հուլիսի 6-ին, որտեղ ազդարարել են ռեստորանի ժամանակավոր փակման մասին։
«Մեր շատ սիրելի հյուրեր,
Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է, որ մենք փակենք «Ֆլորենս Գարդեն Ստեփանակերտի» դռները։
Պատճառը բոլորիդ է հայտնի. մթերքների քիչ քանակ, վառելիքի պակաս, սահմանափակումներ, «սահմանԸ-փակումներ…», որի պատճառով Ձեր հարազատ «Ֆլորենսը» չի կարողանա Ձեզ ծառայել ժամանակավորապես», -գրված է ֆեյսբուքյան էջում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ