Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննա Վարդապետյանին կոչ ենք անում չկատարել իր անմիջական․․․ իր Աստվածն է, Հիսուսն է, այդ հավերժ սովածի հանձնարարությունները»․ Արամ Պետրոսյան

Մայիս 03,2024 19:44

«Հայաքվե» նախաձեռնության անդամներն այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել երեկ Տավուշի մարզի Կիրանց համայնքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
Նախաձեռնության անդամներից իրավաբան Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝  ՀՀ-ում տապալված է իրավակարգը, տապալված է սահմանադրական կարգը նաեւ այն պատճառով, որ դատախազությունն իր տեղում չէ։
«Այս իրավիճակում դատախազությունը պետք է քրեական հետապնդում սկսած լիներ, վարույթ հարուցած լիներ, դա չպետք է անեին քաղաքացիները»,-ասաց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատումն ու սահմանագծումն այնպես, ինչպես հիմա է արվում, ՀՀ Սահմանադրության եւ օրենքներին հակասում է։ Այդ առնչությամբ նույնպես պետք է վարույթ նախաձեռնված լիներ։ Բազմաթիվ դեպքերի առնչությամբ տրվել են հանցագործության մասին հաղորդումներ, այդ թվում՝ առերեւույթ պետական դավաճանության մասին,  սակայն  վարույթ չի ընդունվել եւ պատճառն այն է, որ այս կառույցի ղեկավարը՝ Աննա Վարդապետյանը քաղաքականացված է, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ դատախազությունը պետք է լինի ապաքաղաքական»։

Սողոմոնյանի ներկայացմամբ՝ երբ ՀՀ պետական շահերին ի վնաս ակնհայտ գործողություններ են կատարվում, ընդ որում՝ տեսախցիկները դրանք արձանագրել են,  եւ ոչ մի իրավական գործողություն չի նախաձեռնվում, դա խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանությունը բռնազավթել է դատախազությունը, խախտված է իշխանությունների հավասարակշռման եւ տարանջատման սկզբունքը։

«Աննա Վարդապետյանը եղել Նիկոլ Փաշինյանի օգնականը,  այս փաստը բավարար է տեսնելու քաղաքական կախվածությունը։ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ-ում ասել է՝ պատերազմում մեր պարտության  գլխավոր պատճառներից մեկն այն է, որ  այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առեւտուր էին կատարել որոշակի քաղաքներում։ Սա քաղաքական հայտարարություն է»,-ասաց Սողոմոնյանը։

«Հայաքվե»-ի մեկ այլ անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանն էլ անդրադառնալով ոստիկանական գործողություններին հավելեց՝  գլխավոր դատախազի անմիջական հսկողության տակ գտնվող  մարմինների ներկայացուցիչներն իրենց հարիր չեն պահում պատգամավորի հետ շփվելիս․ «Նրանք ավելի շատ քրեական ենթամշակույթ կրող են։ Ոստիկանապետի տեղակալն երեկ Կիրանցում պատգմավորին պատասխանում է՝ ըտենց, լավ եմ անում, տենց եմ ուզում։ Այդ  վարքագծով մարդը ոչ միայն ոստիկանապետի տեղակալ չպետք է լինի, այլեւ շարքային թաղային էլ չպետք է աշխատի։

Օրերս կարծեմ Աբովյանի ոստիկանապետը պատգամավոր Արթուր Խաչատրյանին հրելով նստեցեց մեքենան ու ասաց՝ տենց եմ խոսալու հետդ, հարցերին չեմ պատասխանելու։ Այնինչ ոստիկանապետը պետք է զգաստ կանգնի  պատգամավորի առջեւ։ Հետեւաբար, տիկին Վարդապետյանին կոչ ենք անում ոչ միայն չկատարել իր անմիջական․․․ իր Աստվածն է, Հիսուսն է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, Ն․Բ․) իրենց համար, այդ հավերժ սովածի հանձնարարությունները, այլ կատարի այն, ինչի համար ինքն օրենքով լիազորված է եւ պարտավոր է կատարել։ Եթե ոչ, ապա ինքն էլ է լինելու այն ցուցակում, որը մոտ ժամանակներս, երբ ամեն ինչ ընկնի իր տեղը եւ վերջապես ազգային ուժեր կգան իշխանության՝ երկիրը փրկելու իրենցից, նաեւ ինքն է լինելու հիմնական պատասխան տվողներից մեկը,  որովհետեւ ինքն է  ուղիղ պատասխանատուն երկրում տիրող  այս հակաիրավական, ոստիկանապետական ռեժիմի համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031