Այսօր ԱԺ-ում դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման գործից՝ ասելով, որ պետության պաշտպանության տակ գտնվող անձի նկատմամբ իրականացվել են նսեմացուցիչ գործողություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ: Դատախազությունը պատգամավորի դիմումի հիման վրա հարուցել է վարույթ: Ուզում եմ հասկանալ՝ հարցաքննվե՞լ են ուղեկցող ոստիկանները, ի՞նչ տեղեկություն են հայտնել, ինչու են միաժամանակ ցանկություն հայտնել երկուսով այդ մութ տեղանքում էդ ժամին դուրս գալ կարիքները հոգալու ու արդյոք հայտնաբերվել են դիմակավորված բանդայի ներկայացուցիչները»:
Նա պատասխանեց, որ այդ տեղեկատվությունը կտրամադրի գրավոր:
Աննա Գրիգորյանը նաեւ հարցրեց ընտրովի արդարադատությունից ու երկակի ստանդարտներից: Նա հիշեցրեց, որ կալանավորվել է Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը՝ լրագրողի նկատմամբ բռնության դեպքի հետ կապված. «Եթե Արթուրի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք: Օրինակ, Հակոբ Արշակյանը բռնություն է կիրառել մեկ այլ լրագրողի նկատմամբ եւ դա եղել է անհետեւանք, այսինքն, որեւէ իրավական հետեւանք նման բռնությունը չի ունեցել: Առհասարակ նման դեպքեր շատ կան, երբ բռնություն կիրառվել է լրագրող Անի Գեւորգյանի, Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ, Կիրանցում օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանի նկատմամբ եւ շատ ալոց նկատմամբ: Եթե այս դեպքում մարդը կալանավորվում է,ապա մեկ այլ դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում»:
Գլխավոր դատախազը պատասխանեց. «Նույն Հռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված, Անի Գեւորգյանի հետ կապված, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարինե Սիմոնյանի հետ կապված նախաձեռնված քրեական վարույթներ կան, որոնք գտնվում են ընթացքի մեջ: Բացի այդ, Տավուշում երկու դեպքով դատախազությունը իր նախաձեռնությամբ է տեսանյութեր ուղարկել Քննչական կոմիտե եւ մինչ գալը ԱԺ ես դեռ տվյալ չունեի նախաձեռնված վարույթի հետ կապված, բայց ուղարկվել են Տավուշի քննչական վարչություն՝ վարույթ նախաձեռնելու համար: Անձը գտնվում է կալանքի տակ: Քննչական մարմինը ներկայացրել է կալանքի հիմնավորումները: Բոլորդ տեսել եք տեսանյութը: Լրագրողները ինձ հարցնում են՝ միգուցե միջանձնային հարաբերություններ են եղել, նախաքննությունը նման տվյալի չի տիրապետում, որ միջանձնային հարաբերություններով են պայմանավորված, այլ կոնկրետ լրագրական որոշակի գործընթացներով»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Փայլակ Ֆահրադյանի դեպքին, Աննա Վարդապետյանն ասաց. «Ես այդ ժամանակ իրավապահ համակարգում չեմ աշխատել, բայց որքանով տեղեկացված եմ լրատվամիջոցից, նաեւ սադրիչ գործողություններ կային այն իմաստով, որ այն, ինչ դուրս էր մնացել կադրից, թե պարոն Արշակյանը ինչու է նման կերպ արձագանքել, կարծում եմ, դուք էլ եք տեղեկացված, այ այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չի: Նախորդ իրավիճակում, որի հիմքով անձը կալանավորվել է, կապված է եղել հենց լրագրողական գործունեության հետ եւ կոնկրետ պիտակավորում է եղել՝ անձին «սրբապիղծ» անվանելով, ձեր նկարագրած իրավիճակում ոչ թույլատրելի բառակապակցության, պարոն Արշակյան, ներողություն եմ խնդրում՝ հայհոյանքին ի պատասխան վարքագիծ է եղել եւ միջանձնային հարաբերություն է եղել: Շատ հեշտ է ասել ընտրողաբար»:
Աննա Գրիգորյանը զարմացավ. «Այսինքն, դուք արդարացնո՞ւմ եք բռնությունը»: Վարդապետյանը արձագանքեց. «Բնավ չեմ արդարացնում»: Պատգամավորը պնդեց. «Չէ, դուք արդարացնում եք բռնությունը: Եթե միջանձնային խնդիր կա, բոլոր դեպքերում մենք կարող ենք եզրակացնել կամ ինչ-որ բացահայտում անել, թե միջանձնային էր, բայց բռնությունը չի կարող արդարացված լինել»:
Դատախազը պատասխանեց. «Ես չեմ արդարացնում որեւէ բռնություն, ես ասում եմ՝ լրագրողի օրինական գործունեության դեպքը պետք է տարբերել միջանձնային հարաբերությունների հողի վրա տեղի ունեցող վեճից եւ որոշակի այլ հանցակազմ պարունակող կամ չպարունակող վարքագծից: Տվյալ իրավիճակում լրագրողի նկատմամբ բռնություն չի որակվել, որովհետեւ լրագրողական գործունեության հետ կապված չի եղել, կապված է եղել անձնական բնույթի հայհոյանքի հետ»:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը իր կողմից հավելեց, թե եթե գործի մանրամասները հետաքրքրում է, կարող է տրամադրել պատգամավորին. «Ես այդ գործի ժամանակ չեմ էլ իմացել, որ նման անուն ազգանունով լրագրող կա»:
Aravot.am-ը այս առնչությամբ խոսեց Փայլակ Ֆահրադյանի հետ, նա պատրաստվում է հերքել ու միջոցներ ձեռնարկել՝ Աննա Վարդապետյանից իր հայտարարությունների համար պարզաբանումներ պահանջելու, որովհետեւ միջադեպի ժամանակ նա ներկայացել է, որ լրագրող է ու իր հարցերն է ուղղել, տեսանյութից էլ ոչինչ դուրս չի մնացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ