Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը հերքում է իշխանությունների պնդումները, թե Երեւանում ցույցերով երրորդ երկրները հեղաշրջման փորձ են արել. նման վարույթ չկա

Մայիս 03,2024 18:50

«2023-ի սեպտեմբերին, երբ ՀՀ իշխանությունները դավադրաբար դրժեցին իրենց հանձնառությունը՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց, էթնիկ զտման ենթարկեց Արցախը, բռնակցեց ԱՀ-ն: Դա բնականաբար Երեւանում չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել: Բողոքի մասին խոսելիս՝ ՀՀ քաղաքական իշխանությունները բազմիցս նշել են, որ երրորդ երկրները փորձել են ՀՀ-ում հեղաշրջում անել: Կա՞ն քրեական գործեր, որտեղ կոնկրետ մարդիկ մեղադրվում են երրորդ երկրի պատվերով Հայաստանում ռազմական կամ այլ հեղաշրջում կատարելու համար»,- այսօր ԱԺ-ում դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Վարույթ կա խուլիգանության, զանգվածային անկարգության դեպքով, ձեր նշած քաղաքական հայտարարությունների հիմքով վարույթ չունենք: Զանգվածային անկարգություններով դատարան ուղարկված գործեր կան ու կան գործեր, որ ոչ խուլիգանության հանցակազմի հատկանիշներ են պարունակել, դրանցով քրեական հետապնդում չի իրականացվել կամ եթե հարուցված է եղել, ապա կարճվել է»:

Հետո Արթուր Խաչատրյանը հարցրեց կալանքներից՝ ասելով, որ ազատազրկվածների 53%-ը կալանավորվածներն են՝ առանց մեղադրական վճռի, այսինքն, ավելի շատ անմեղ մարդ է այսօր ազատությունից զրկված, քան մեղավոր, դատախազությունը այստեղ անելիք չունի՞: Վարդապետյանը պատասխանեց՝ թվերը ներառում են նաեւ զինվորական ծառայության ոլորտում կալանքների կիրառման դեպքերը. «Զինծառայության ոլորտում կալանավորումը կիրառվում է միջին ծանրության հանցագործություններով այն դեպքում, երբ ունենք զինծառայությունից խուսափման դեպք: Թվերի տարբերությունը կայանում է նրանում, որ հետախուզվող անձանց նկատմամբ կիրառվում է կալանքը՝ որպես խափանման միջոց»:

Խաչատրյանը նաեւ հարցրեց ոստիկանական բռնությունների մասին, ոստիկանների դեմ քանի՞ հանցագործության մասին հաղորդում է եղել, քանիսի՞ն է ընթացք տրվել ու քանի՞ ոստիկան է ենթարկվել քրեական պատասխանատվության:

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ «կա երկու դատական ակտ՝ 4 անձի վերաբերյալ, որոնք դատապարտվել են ազատազրկման, անցյալ տարվա ընթացքում 5 անձանց վերաբերյալ գործեր են եղել, դրանք ներառում են Էրեբունու դեպքերը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031