Լինում են դեպքեր, երբ հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելու որոշումը կայացնում են հղի կնոջ սկեսուրը կամ մայրը։ Այս մասին բարձրաձայնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լաուրա Սարգսյանը։
Նա նշում է, որ ամուսնու փոխարեն հղի կնոջ հետ բժշկական կենտրոն է գալիս կամ սկեսուրը կամ մայրը ու խոսում են աբորտ կատարելու անհրաժեշտությունից․ «Տեսնում եմ, որ հարսը գլխիկոր է, թեման իրեն դուր չի գալիս, իսկ սկեսուրն ասում է, որ աբորտի համար են եկել: Հարցնում եմ` ինչո՞ւ, սկեսուրն է պատասխանում, որ իր տղան ինչքան էլ աշխատի չի կարող այդ ընտանիքը պահել, որովհետև դժվար է: Կամ աղջկա մայրն է գալիս ու ասում, որ իր աղջկան հո չի ամուսնացրել, որ անընդհատ երեխա ունենա, նա դեռ պետք է իր աշխատանքում հաջողությունների հասնի»,-պատմում է մանկաբարձ-գինեկոլոգն ու իր տեսակետը հայտնում այն մասին, որ թյուր կարծիք է՝ ֆինանսական հաջողությունը երեխաների քանակի հետ կապելը․ «Այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան՝ ծնողները իրենց բարեկեցությանը հասնում են ավելի արագ, քան այն ընտանիքները, որտեղ պաշտպանվում են, որ հղիություն չլինի, կամ մեկ երեխա են ունենում, որ հասնեն իրենց կարիերայի բարձունքին»:
Գինեկոլոգի մոտ միասին եկած ամուսինները հաճախ հրաժարվում են իրենց ձևավորվող երեխայի կյանքն ընդհատելուց՝ հետևելով բժշկի խորհրդին
Մանկաբարձ-գինեկոլոգ Լաուրա Սարգսյանը շեշտում է՝ երբ որոշվել է ընդհատել հղիությունը, կնոջ հետ պետք է բժշկի մոտ գա նաև տղամարդը․ «Երբ զույգերին` ամուսիններին, համատեղ ենք բացատրում, թե ինչ բան է հղիության արհեստական ընդհատումը՝ նրանք հաճախ հրաժարվում են այդ քայլից, մինչդեռ մեր երկրում կանայք մեծամասամբ միայնակ են գալիս բժշկի մոտ»,-ասում է նա ու ընդգծում, որ հղիության արհեստական ընդհատումից առաջ զույգի առաջին քայլը պարտադիր պետք է լինի բժշկի խորհրդատվությանը դիմելը:
Կարդացեք նաև
Գինեկոլոգի խոսքով՝ մեծ թիվ են կազմում սեռով պայմանավորված ընդհատումները, քանի որ ներկայումս մինչև 12 շաբաթական հղիությունը պտղի սեռը ստուգելու հնարավորություն կա։
Արհեստական ընդհատում կատարած կանայք երբ գալիս են հետազոտությունների՝ դեպրեսիայի մեջ են լինում
«Հղիության արհեստական ընդհատումից հետո ամենածանր բարդությունը կնոջ հոգեհուզական համակարգում առաջացած փոփոխություններն են, որովհետև արհեստական ընդհատում կատարած կանայք երբ գալիս են ստուգումների՝ դեպրեսիայի մեջ են լինում, չեն մոռանում այն երեխային, որն արդեն իրենց մտքում տպավորված երեխա էր, տանջվում են հոգեպես»,-ասում է 44 տարվա մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքային փորձ ունեցող Լաուրա Սարգսյանը:
Նա արդեն 21 տարի է՝ աբորտ չի անում և իրեն այդ հարցով դիմած զույգերին փորձում է հետ պահել նման որոշումից։ «Երբ ինձ դիմում են աբորտի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար, հարցնում եմ` ունե՞ք երեխաներ տանը, լա՞վն են, պատասխանում են` ունենք, յուրահատուկ են, հարցնում եմ` իսկ ի՞նչ գիտեք, որ հիմա ձեր արգանդում գտնվողն ավելի յուրահատուկ չի ծնվելու, որ մեծ գիտնական չի լինելու, օրինակ, Վիկտոր Համբարձումյանի մայրը գիտե՞ր, որ Վիկտոր Համբարձումյան է ծնելու: Երբ բժիշկը կարողանում է խորհրդատվությամբ զույգին հետ պահել հղիության արհեստական ընդհատում կատարելու որոշումից՝ դա նվաճում է մեր երկրի համար։ Իսկ երեխայի ծնվելուց հետո ծնողները շնորհակալ են լինում ինձ, որ իրենց հետ եմ պահել այդ քայլից»,-ասում է Լաուրա Սարգսյանը:
Ես կողմնակից եմ, որ հղիության արհեստական ընդհատումները խիստ սահմանափակվեն
Բժիշկը ներկայացնելով հղիության մինչև 12 շաբաթական ժամանակահատվածը կատարվող հետազոտությունները, նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության 7-րդ շաբաթում երեխայի սրտի աշխատանքի ձայնն են լսում, 8-րդ շաբաթում երեխայի շարժումներն են տեսնում․ «Ինչ վերաբերում է օրենքի վերանայմանը, ես կողմնակից եմ, որ հղիության արհեստական ընդհատումները խիստ սահմանափակվեն: Անցանկալի հղիությունը կանխելու համար զույգերը կարող են կիրառել հակաբեղմնավորիչներ, որոնք այսօր բազմատեսակ են: Ցանկացած պացիենտի անհատական ենք մոտենում` ելնելով նրանց օրգանիզմի առանձնահատկություններից: Հակաբեղմնավորիչների կիրառումը բավական մեծ տոկոսով կանխում է անցանկալի հղիությունը, իսկ հարյուր տոկոս ապահովության համար կիրառվում է տղամարդու սերմնածորանների կապելու մեթոդը, կամ կնոջ փողերի ստերիլիզացիան, այսինքն՝ փողերի կապումը»,-ասում է Լաուրա Սարգսյանն ու խորհուրդ տալիս հայ ազգին՝ կանխել անցանկալի հղիությունը նշված տարբերակներով, բայց չորրորդ երեխան ունենալուց հետո․ «Պատերազմից` հազարավոր երիտասարդների կորստից, հետո մեզ պետք են շատ երեխաներ։ Իսկ մայրությունը շատ վեհ պարտականություն է, որ Աստծո կողմից դրվել է կնոջ վրա»:
Նույնիսկ լավագույն բժշկական կենտրոններում ամենապրոֆեսիոնալ բժշկի կողմից ընդհատվող հղիությունը, անկախ ընտրված տարբերակից, կարող է ունենալ բարդություններ
Լաուրա Սարգսյանը ներկայացնելով ժամանակակից բժշկության մոտեցումը, նշում է, որ ներկայում երկու տարբերակ են կիրառում հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելու համար. մեկը` մեխանիկական ճանապարհն է` վակուում ասպիրացիան, մյուսը` դեղորայքային տարբերակը: Սակայն, նրա խոսքով, երկու տարբերակն էլ հղի է բարդություններով՝ նույնիսկ լավագույն բժշկական կենտրոններում ամենապրոֆեսիոնալ բժշկին դիմելու դեպքում։
«Հղիության արհեստական ընդհատումը` մինչև 12 շաբաթականը կատարվող ընդհատումն է, որը մեծ մասամբ, ցավոք, կատարվում է կնոջ պահանջով, իսկ որոշ դեպքերում կարող է լինել բժշկական ցուցումով, եթե դա կապված է մոր առողջական վիճակի` տարբեր օրգան համակարգերի հիվանդությունների հետ, եթե հղիությունը ծանրացնում է այդ հիվանդությունների ընթացքը, ինչպես նաև եթե պտուղն ունի վաղ ախտորոշված արատներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են, կամ գենետիկ արատներ: Սակայն, ավելի մեծ տոկոս են կազմում մոր պահանջով կատարվող ընդհատումները»,-մեկնաբանում է բժիշկը:
Նրա խոսքով՝ դեղորայքային ընդհատումը շատ տարածված է այսօր, և երիտասարդ կանայք կարծում են, թե դա անվտանգ է, նույնիսկ կան կանայք, որոնք չեն պատկերացնում, որ դա ևս հղիության ընդհատում է․ «Երբ նրանք գալիս են բժշկի մոտ հետազոտության, հարցնում ենք` արդյոք դիմե՞լ եք արհեստական ընդհատման, ասում են` ոչ, ուղղակի 5-6 շաբաթականում դեղորայք խմեցինք: Դա նույն աբորտ կոչվածն է՝ ուղղակի դեղորայքի միջոցով: Մեր կանայք երբեմն իրենք են դիմում դեղատուն` քույրերի, բարեկամների, ընկերուհիների խորհրդով ու ձեռք բերում հղիությունն ընդհատելու համար վաճառվող դեղորայքը, որից հետո գալիս են հիվանդանոց այնպիսի բարդություններով, ինչպիսին կյանքին վտանգ սպառնացող արյունահոսություններն են»։
Հղիության արհեստական ընդհատումից հետո ամենատարածված բարդությունը անպտղությունն է
Մանկաբարձ-գինեկոլոգը ներկայացնելով հղիության արհեստական ընդհատումից հետո առաջացող բարդությունները, ընդգծում է, որ հղիության ժամանակ կնոջ օրգանիզմը վերադասավորվում է` բոլոր օրգան համակարգերը փոփոխությունների են ենթարկվում, որպեսզի պահպանվի հղիությունը, իսկ արհեստական ճանապարհով վերացվում է այն, ինչը պետք է նորմալ ֆիզիոլոգիական ճանապարհով ընթանար։ Ինչ վերաբերում է աբորտի վաղ բարդություններին՝ գինեկոլոգը հիշատակեց, որ ամենավտանգավորը արգանդի թափածակումն է, երբ խախտվում է արգանդի պատի ամբողջականությունը, որն էլ կարող է բերել կնոջ կյանքի համար վտանգավոր հետևանքների` խոշոր անոթների, աղիքների, միզապարկի վնասման։
«Աբորտի հետևանքով առաջանում են էնդոկրին համակարգի խանգարումներ, դաշտանային ցիկլի խանգարումներ, ամենաշատ հանդիպող բարդություններից մեկը` էնդոմետրիտն է, երբ առաջանում է արգանդի լորձաթաղանթի բորբոքում, կարող են լինել նաև արգանդի խոռոչում կպումային պրոցեսներ, արգանդափողերի անանցանելիություն, որոնք կարող են անպտղության կամ առաջացած հղիության կրելախախտի պատճառ դառնալ։
Աբորտից հետո առաջացած հղիությունը հաճախ ավարտվում է ինքնուրույն վիժումով կամ վաղաժամ ծննդաբերությամբ»,- թվարկելով հղիության արհեստական ընդհատումից հետո առաջացող բարդությունները՝ բժիշկը նշում է, որ երբեմն նաև արգանդի պարանոցի վնասումներ են լինում, որի հետևանքով առաջանում է արգանդի պարանոցի անբավարարություն և ինքնուրույն վիժում․ «Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ աբորտից հետո առաջանում է էնդոմետրիոզ, երբ արգանդի լորձաթաղանթը ներաճում է հարակից հյուսվածքների մեջ առաջացնելով բարդություններ։ Արհեստական վիժումներից հետո, արգանդի լորձաթաղանթի վնասման հետևանքով կարող է հաջորդ հղիության ժամանակ պլացենտան տեղակայվի ոչ նորմալ տեղում, որի հետևանքով ունենում ենք առաջադիր պլացենտա, որը հղի է ծանր բարդություններով, այդ թվում՝ արյունահոսությամբ, որը թե մոր, թե պտղի կյանքի համար սպառնալիք կարող է լինել։ Երբեմն գրանցվում են նաև արտաարգանդային հղիություններ»: Բժշկի խոսքով՝ արհեստական վիժումների բարդությունները կարող են հասնել ընդհուպ սեփսիսի առաջացման։
Այդպիսի երկիր չկա, որ հղիության արհեստական ընդհատումից հետո մահացության տոկոս չգրանցվի
«Աշխարհի տարբեր երկրներում գրանցվում են մայրական մահացություններ` հղիության արհեստական ընդհատումներով պայմանավորված։»,- ասում է Լաուրա Սարգսյանն ու շեշտում, որ չկա այնպիսի երկիր, որ հղիության արհեստական ընդհատումից հետո մահացության տոկոս չգրանցվի, պարզապես տարբեր երկրներում տոկոսները տարբեր են լինում՝ կախված երկրի զարգացածության մակարդակից։
Նարա Մարտիրոսյան
Շատ ողջունելի է ձեր արարքը, այո՛, պետք է կանխել այս ցեղասպանությունը (երեխաների)։ Այսպիսի հերոս գինեկոլոգներ շատ են մեզ պետք ։