Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր պաշտոնյաների կանայք առեւտուր են կատարել որոշակի քաղաքներում, դա ես համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը». Աննա Վարդապետյան

Մայիս 03,2024 17:59

Այսօր ԱԺ-ում դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ուշագրավ հայտարարություն արեց:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նրան հարցրեց, թե ինչ հետեւություններ են արվել 44-օրյա պատերազմի ընթացքում դատախազության գործունեության, կարգուկանոն հաստատելու հետ կապված, ի՞նչ արդյունքներ ունեն:

Վարդապետյանը պատասխանեց. «Երկու վարույթ ունենք Հայաստանի դեմ ագրեսիայի մասով 44-օրյա պատերազմի հետ կապված եւ եւս մի վարույթ է նախաձեռնվել բռնի տեղահանման հանցագործությունների հիմքով: Երկու վարույթն էլ հրապարակային քննարկման ենթակա չեն, գաղտնիության ռեժիմ կա, բայց 44-օրյա պատերազմի հետ կապված կընդգծեմ, որ դա ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես նախ ՀՀ քաղաքացի եւ հետո որպես գլխավոր դատախազ, շատ դաժան դաս էր ու այդ դասից մենք 3 կարեւոր հետեւություն ենք քաղել:

Առաջինը՝ զինդատախազության մասով լրջագույն կադրային եւ պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում, այն առումով, որ ընդլայնում ենք թվաքանակը զինդատախազների ու պրոֆեսիոնալացնում ենք, որ զինդատախազությունը չդառնա այսպես ասած սպասարկու որոշակի պրոցեսների, այլ արտաքին դիտորդի աչքով կարողանա պրոցեսներին հետեւել: Նաեւ կարողանա կանխարգելել, զինդատախազությունը զորամասեր է այցելում, ես ինքս էլ եմ գնում: Նպատակը ոչ թե ահաբեկելն է, այլ բացատրելը, որ ամեն արարք առաջացնում է հետեւանք ու մեր նպատակն է, որ բանակում ոչ թե հետեւանքները կանխենք, այլ նախականխենք ու թույլ չտանք, որ զինծառայողների մոտ միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձեւավորվի»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջերս նյութական ապահովման մասով խոշոր կոռուպցիոն դեպք է բացահայտել՝ բարձրաստիճան պաշտոնավարող անձի հետ կապված, որի նկատմամբ մի շարք խափանման միջոցներ են կիրառվել:

Աննա Վարդապետյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի քրեական գործերի մասին շատ չեն խոսում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի եւ բարոյահոգեբանական անկում չլինի, բայց վստահեցրեց, որ բոլոր գործերը, որոնք կապված են հատկապես հրամանատարների կողմից իրենց պարտականությունները չկատարելուն, հետեւողականորեն ուղարկում են դատարան:

Սեյրան Օհանյանը արձագանքեց. «Մեր երկրում թյուրըմբռնում կա ու սխալ տեսակետ կա, որ պատերազմի համար պատասխանատու են միայն բանակը: Ձեր խոսքում էլ դա կար, այնինչ պատասխանատու են իշխանության բոլոր թեւերը: Ինչպիսի՞ ռազմավարական պլանավորում կա: Որտե՞ղ են արտացոլված ձեր գործառույթները պատերազմական ժամանակահատվածի համար»:

Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Այո, թիկունքը շատ կարեւոր է ու մենք կոռուպցիոն հանցագործություններին ենք այս առումով շատ մեծ ուշադրություն դարձնում ու ոչ միայն բանակում: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր կոռուպցիոն դրսեւորում զրկում է բանակին հնարավորությունից՝ ունենալու է՛լ ավելի լավ զենք, մարտունակ պատրաստվածություն եւ այլն: Ինձ, որպես գլխավոր դատախազ, շատ տհաճ է, երբ ես օրինակ պատերազմական գործողությունների ընթացքում կարդում եմ, որ մեր պաշտոնյաների կանայք առեւտուր են կատարել որոշակի քաղաքներում: Դա ես համարում եմ պարտության թիմ մեկ պատճառներից մեկը: Դրա համար մենք կոռուպցիոն հանցագործություններին ենք շատ ուշադիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031