Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող գնահատական տալ, պետք է հասկանամ, թե մարդկանց տեղաշարժը Տավուշում ի՞նչ հիմքով է սահմանափակված»․ ՄԻՊ

Մայիս 03,2024 17:05

«Մարդկանց ազատ տեղաշարժի հետ կապված ես հիմա վերջնական գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ որպեսզի ես կարողանամ տալ վերջնական գնահատական, պետք է հասկանամ, թե նրանց տեղաշարժն ինչ հիմքով է ընդհանրապես սահմանափակված։ Մի շարք միջազգային չափանիշներով շատ հնարավոր է, որ լինեն մարդու իրավունքները սահմանափակելու հիմքեր, եւ նաեւ մարդու իրավունքների սահմանափակումը լինի համաչափ։ Դա է պատճառը, որ ինձ անհրաժեշտ է հստակ պաշտոնական պարզաբանում, որից հետո ես կկարողանամ գնահատական հնչեցնեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանության գործողություններին։

Լրագրողները նկատեցին, որ արդեն երկրորդ օրն է՝ Տավուշում ոստիկանները սահմանափակում են մարդկանց տեղաշարժը, ՄԻՊ-ը դիմե՞լ է տեղեկատվություն ստանալու համար։ Մանասյանն ասաց, որ դիմել է, եթե քաղաքացիները բողոքում են իրենց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման հետ կապված, բնականաբար, կան կասկածներ։

Հարցին, տեղյա՞կ է, թե ինչո՞ւ Բագրատ Սրբազանին թույլ չեն տվել մտնել Կիրանց ու շփվել մարդկանց հետ, Մանասյանն հստակ պատասխան չտվեց․ «Որպեսզի կարողանամ գնահատել, թե կոնկրետ այդ իրավիճակում կա՞ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, ես պետք է ունենամ այն հիմնավորումը, որի համաձայն սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Ես չեմ պատրաստվում կորցնել իմ խոսքի արժանահավատությունն ընդամենն այն պատճառով, որ ես դառնամ պոպուլյար»։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Կիրանցում նաեւ անչափահասներ են բերման ենթարկվել, Մանասյանն ասաց․ «Անչափահասների հետ կապված ես հատուկ արձանագրել եմ, որ երեխայի լավագույն շահը պետք է նկատի ունենան ինչպես պետական իրավասու մարմինները, այնպես էլ հավաքի կազմակերպիչները, ԶԼՄ-ները»։

Մանասյանը հստակ չպատասխանեց նաեւ հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, որ Տավուշում որոշ ընտանիքներ սեփականության վկայականներ ունեն, բայց նրանց տները անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ․ «Այն հանգամանքը, որ իրավունքի պաշտպանությունը պետք է երաշխավորվի, ակնհայտ է»։

Լրագրողները նաեւ հարցին՝ ՄԻՊ-ը չի պատրաստվո՞ւմ մեկնել Տավուշ եւ իրավիճակին տեղում ծանոթանալ։ «Եթե ես այցելեմ որեւէ բնակավայր, դրա վերաբերյալ կտեսնեք պաշտոնական հրապարակում»,- պատասխանեց Մանասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031