Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է մշտական ցուցադրությունը՝ Մատենադարանում պահվող հայկական ձեռագրերն և ձեռագրակազմերը: Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին:
ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահը դիտել է նաև պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված «Պատկերի պոեզիան» և «Մատենադարան. լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրերով ցուցադրությունները:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ «Պատկերի պոեզիան» ցուցադրությունը երկու քաղաքակրթությունների ու մշակութային պատկանելության համերաշխության դրսևորում է։ «Պատկերի պոեզիան» ցուցադրությունը ներառում է բացառիկ ձեռագրական ցուցանմուշներ. առաջին անգամ հանրությանն են ներկայացվում Անդրե Սևրուգյանի ստեղծագործական տարբեր փուլերին պատկանող հաստոցային գեղանկարներ։
Կարդացեք նաև
Նշենք, որ օրերս բացված «Պատկերի պոեզիան» ցուցադրությունը կայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Հայաստանի պատմության, Երևանի պետական համալսարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների, Սարդարապատի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանների մասնակցությամբ։
ԿԳՄՍՆ