«Երեք մարդ պիտի անցնի՝ հինգ շարք ոստիկանական պաշտպանություն է»,- Կիրանցում լրագրողների հետ ճեպազրույցում ցույց տալով ոստիկաններին, հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Գառնիկ Դանիելյանին, Բագրատ Սրբազանին, Սուրեն Պետրոսյանին ոստիկաններն այսօր ևս թույլ չտվեցին այցելել Կիրանց գյուղ։
Լրագրողների դիտարկմանը՝ չեք կարծո՞ւմ, որ եթե այս կերպ շարունակվի, սահմանագծումը կարող է տարածվել նաև այլ հատվածներում, և Հայաստանը կվերականգնի իր տարածքները Վարդենիսում և այլուր, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Այսօր իրենք պահանջներ են ներկայացրել մինչև այստեղ ծավալվող գործողությունները, որ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գային․ դուրս եկե՞լ են։ Իհարկե, ոչ։ 31 բնակավայրերը հանձնե՞լ են ՀՀ-ին՝ ոչ, կարգ որոշվա՞ծ է, որ ըստ այդ կարգի արվի սահմանագծում, ոչ։ Սա միակողմանի զիջում է։ Այսինքն՝ մենք առաջնագիծը հանձնում ենք Ադրբեջանին, ընդամենը տեղը ստանում ենք մի փշալար»։
Պատգամավորը վրդովվեց․ «Հիմա էլ ասում են՝ եթե հանկարծ ձեզ անվտանգ չզգաք, գյուղի մեջտեղով ծառ կտնկեք, դպրոցի մոտ ծառ կտնկենք, որ երեխաներն ադրբեջանցիներին չտեսնեն։ Առաջարկում եմ բոլոր ՔՊ-ականներին հավաքվեն, գան այդ պայմաններում ապրեն։ Ադրբեջանի զինված ուժերը, որոնք սահմանապահ են կոչվում, նույն բանակն է։ Մեր սահմանապահն ընդամենը թեթև ավտոմատով զինված է»։
Կարդացեք նաև
Այն, որ իրենց թույլ չտվեցին գնալ Կիրանց գյուղ, Գառնիկ Դանիելյանն այդ առիթով ասաց․ «Ադրբեջանցուն թողնում են, որ գա, ստեղ մարդ մորթի, հետ գնա, մեզ չեն թողնում գյուղ մտնենք»։
Հարցին՝ ի՞նչ կարող են ստեղծված իրավիճակում անել քաղաքացիները, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Դե ոնց բերել եք, տենց էլ հեռացրեք։ Էն մարդը, որ սխալ է գործել, պետք է իր սխալն ուղղի, էն մարդը, որը տեսնում է՝ իր հայրենիքը հանձնում են, պետք է կանգնի իր հայրենիքի կողքին, իր գյուղացու, սահմանապահի, ճշմարտության, հոգևորի կողքին, բարության կողքին, ոչ թե ստի, կեղծիքի կողքին, թշնամուն հանձնողի կողքին, ոչ թե երկիրը մատաղ անողի, ամեն օր ստողի, մեր էրեխեքին մորթողի կողքին։ Գյուղի եկեղեցու չափագրում են անում, թուրքը գա այդտեղ նստի։ Սա մեր թասիբի, նամուսի հարց չի՞։ Տանն ինձ ասում են՝ երկիրը վարի է գնում, դու ո՞ւր ես եկել։ էս մարդկանց տներում հարց չեն տալի՞ս՝ դուք ի՞նչ եք անում․ պահում եք, որ թուրքը գա նստի՞, ադրբեջանցին գա նստի ու ձեռ առնի մե՞զ։ Մեր տան դարպասի բանալիները հանձնվում ենք Ադրբեջանին։ Մի հատ էլ նկարներ են տեղադրում, թե մենք ունեցանք առաջին սահմանազատված հատվածը։ Գետինը մտնեք դուք, այ աննամուսներ, անթասիբներ։ Թուրքին Կիրանց բերում, նստեցնում եք և ուրախանում։ Ձեններդ կտրեինք, մի ծպտուն չհանեիք․ անգամ դրա մեջ բարոյական չեն։ Սրանք ամոթ էլ չունեն։ Պարտությունը հաղթանակ են գրանցում, գյուղ հանձնելն էլ՝ ազատագրում»։
Դիմելով կարմիր բերետավորներին և սև բերետավորներին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Կարմիր բերետավորները գյուղի մանկահասակ երեխաներ են ծեծել, տարել բաժին ու գործից հետո ուրախ-զվարթ գրկախառնվում են: Փաթաթվել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել: Վաղը մյուս օրը ո՞նց են իրանց երեխեքի աչքերին նայելու, պատմություն է դառնալու էս ամենը, ասելու են՝ դուք հայրենիքը հանձնելուն մասնակից էիք դառնում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ