«Կա՞ մի մարդ Հայաստանում, որը վստահում է Նիկոլ Փաշինյանին, կամ կա՞ ինչ-որ դեպք, որտեղ նա չի ստել։ Մինչև այսօր իշխանությունը մի բան է արել՝ շատ հստակ՝ ժամանակացույցին համապատասխան դա միայն եղել է հողերի հանձնումը և ժողովրդին ահաբեկելը»,- լրագրողների այն հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ հատվածներում դեռ սահմանազատում չի լինի, Կիրանցում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե հոգևորականներն ինչու են զբաղվում քաղաքականությամբ․ թող ամեն մեկն իր գործով զբաղվի, Սուրեն Պետրոսյանն ասաց․ «Խնդրում եմ՝ այդ մարդկանց հարցրեք՝ դուք ձեր գործն անո՞ւմ եք՝ տարածքային ամբողջականությունն ապահովո՞ւմ եք, ժողովրդի անվտանգությունը երաշխավորո՞ւմ եք։ Մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի ու հայ ժողովրդի միջև տեղեկատվության փոխանցողի»։
Այն պնդումներին, թե սահմանազատման այլընտրանքը պատերազմն է, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․ «Երբ պատերազմ են ասում, պատկերացնում են միայն ռազմական գործողություններ։ Ռազմական գործողությունները պատերազմի մի բաղադրիչն են, և ամենևին ոչ սարսափելին ու մահաբերը։ Ամենասարսափելին մարդկանց հողից, ինքնությունից, պատմությունից զրկելն է, որը մեր ներսից է արվում։ Ռազմական գործողությունները միտված են եղել այս ամենը պաշտպանելուն»։
Սուրեն Պետրոսյանը վրդովվեց ու ասաց՝ կա՞ մի միջազգային նորմ, որի համապատասխան այս գործառույթներն արվում են ներպետական օրենսդրության համաձայն․ սա միակողմանի հանձնում է։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ