«Մենք քննարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, եւ այսօր ամբիոնից ես ուզում եմ հայտարարել, որ խախտվում է նաեւ պատգամավորի խոսքի իրավունքը»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արծվիկ Մինասյանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։
Օհանյանը նշեց․ «Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ որոշ ՔՊ-ական պատգամավորների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն իրողությունների, որոնց մասին մենք խոսում ենք եւ որոնք իրականացվում են սահմանում՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում»։
Սեյրան Օհանյանը հավելեց․ «Եթե այսօր այս հերթականությամբ ու իրականությամբ իրականացնեք սահմանազատում եւ սահմանագծում, ապա հետագայում կարող եմ ասել՝ դուք ձեր արմունկներն եք կրծելու։ Խորհրդային միության ժամանակ այն սահմանները, որոնք ձեւավորվել են, դրանք իրատեսական սահմաններ չեն եւ չեն համապատասխանում աշխարհագրական բնական արգելքներին։ Եվ եթե աշխարհագրական բնական արգելքների վրա հենվելով՝ չիրականացնեք այդ սահմանազատումը, ապա հետագայում դա հիմք է հանդիսանալու լարումների, ագրեսիաների հակառակորդի կողմից։ Այն պարագայում, երբ դուք՝ ՔՊ-ական մեծամասնությունը, չեք նախապատրաստել մեր զինված ուժերին ու սահմանապահներին՝ դիմագրավելու հակառակորդի ագրեսիային։ Ես կխնդրեի, որպեսզի ՄԻՊ-ն այնուամենայնիվ գնահատական տար այն իրողությանը՝ օրինական է, թե՞ օրինական չէ, ինչո՞ւ են խախտվում այն սկզբունքները, որոնք գրված են ԵԱՀԿ փաստաթղթերում»։
Կարդացեք նաև
Նա նաեւ ընդգծեց․ «Եկել այստեղ մեզ ասում եք՝ սուտ են ասում։ Սուտ չենք ասում, սուտը դուք եք ներկայացնում հանրությանը։ Դուք եք ներկայացնում հանրությանը,որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականության մեջ խախտումներով չի իրականացվում։ Խոսում եք բնակավայրերի՝ ուղիղ նշանառության տակ հայտնվելու մասին։ Այո, այսօր էլ ուղիղ նշանառության տակ են գտնվում սահմանապահ այդ գյուղերը, բայց բավականաչափ հեռու հեռավորության վրա՝ մինչեւ մեկ կմ։ Իսկ այս սահմաններով, երբ հակառակորդը գա կանգնի այն կետում, որում դուք եք թույլ տալիս, որ իրենք գան կանգնեն, մի քանի մետր է լինելու կամ էլ բնակիչների տները հայտնվելու են հակառակորդի սահմաններում կամ նրանց տարածքներում։ Խոսում եք սահմանապահների մասին, ձեր երկրի ղեկավարը սահմանապահների փոխարեն ասում է՝ ծառ տնկեք։ Չի կարող երկրի ղեկավարն ասել՝ ծառ տնկեք, որ ադրբեջանցիներին չտեսնեք»։
Ըստ Օհանյանի՝ բավական մեծ տարբերություն կա Ադրբեջանի եւ ՀՀ սահմանապահ ծառայությունների միջեւ։ «Այն ոստիկանական խմբերին, որոնց դուք հագեցրել եք համապատասխան հանդերձանքով, այսօր շարքերով կանգնած սահմանային բնակիչների իրավունքն են ոտնահարում, նրանց տարեք սահմանում կանգնելու։ Խոսում եք ոստիկանության մասին, բայց ոստիկանության որեւիցե բարեվարքության նորմ չկա։ Այս օրերին ոստիկանական շարքերում մի ինչ-որ գնդապետ է հայտնվել՝ հիպիի մազերով՝ առանց գլխարկ, համառ ու ոչինչ չասող հայացքով։ Ու գտնվում է ոստիկանության շարքերում, որովհետեւ դա նորմ է դարձել ոստիկանության ղեկավարության համար, որ իրենց ենթակաները կարող են շարք կանգնել, հանդերձանք կրել, իսկ իրենք չեն կարող շարք կանգնել ու հանդերձանք կրել»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ