Ինձ համար, որպես Արցախի Հանրապետության նախկին պատգամավորի, խիստ զարմանալի է, որ ՀՀ որոշ պատգամավորներ քննադատում են հոգեւորականներին, այդ թվում՝ սրբազան հայրերին, ովքեր առաջնորդում են իրենց խնամքին հանձնած հոգեւոր համայնքներին եւ թեմերին: Նման պատգամավորներին, եթե նրանք իրոք մտահոգված են հպարտ հայրենակիցների եւ ազգի ճակատագրով, խորհուրդ կտայի կարդալ ՀՀ Սահմանադրությունը եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:
ՀՀ պատգամավորների եւ մյուս վարձու քննադատների աշխատանքը հեշտացնելու համար մեջբերեմ.
-
ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
-
«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախաբանում նշված է. «… Ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար:
Կարդացեք նաև
Օրենքներին փոքր ինչ ծանոթ մարդուն պետք է հասկանալի լինի, թե ինչ է նշանակում «ազգային ինքնության պահպանում» եւ «ազգապահպանության կարեւոր պատվար» հասկացությունների իմաստը եւ դրանց իրագործման եղանակները:
Կրկնակի զարմանալի է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին քննադատող պատգամավոր տիկնոջ վարքագիծը: Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ պետք է լիներ ցեղասպանության ենթարկված, բռնի տեղահանված Արցախի թեմի առաջնորդը, եթե ո´չ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի թիկունքին կանգնած:
Աշոտ Սարգսյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր