Լրահոս
Օրվա լրահոսը

«Օղակ-2» հիշեցնող օպերացիան, ոստիկանական գվարդիան եւ Էնթոնի Բլինկենը

Մայիս 03,2024 13:06

«Օղակ-2» հիշեցնող օպերացիային զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հավանություն է տալիս ոստիկանական գվարդիայի ստեղծմանը, պնդելով, որ «ոստիկանությունը ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։

– Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը ինչի՞ մասին էր, ի՞նչ ուղերձ էր հղում՝ խորհուրդ տալով Կիրանցի բնակիչներին ծառեր տնկել, որպեսզի ադրբեջանցիները չերեւան եւ հանգիստ ապրել։

– Նիկոլ Փաշինյանի բեմադրված հարցազրույցները սովորաբար առանց ենթատեքստի կամ որոշակի ուղերձի չեն լինում: Այս անգամ եւս հարցազրույցի հիմնական շահառուն արտաքին է. եթե փորձենք մաքրել հնչած մտքերը մանիպուլյացիոն փաթեթավորումից, մնում են հետեւյալ թեզերը՝ սահմանազատումն արվելու է ամեն գնով, սահմանին զինվոր չի կանգնելու (ծառերով ենք պաշտպանվելու):  Ի դեպ, այստեղ շատ կարեւոր է ավելացնել նաեւ ռուս սահմանապահներից հրաժարվելու օպերացիան, երբ օդանավակայանում ռուս սահմանապահները փոխարինվեցին հայերով. դա արվեց հենց այն բանի համար, որ Ադրբեջանի հետ սահմանին չլինեն ռուս սահմանապահներ: Կարծում եմ, այս պայմանը եւս թշնամու պահանջներից է:

Հարցազրույցի նպատակն արտաքին շահառուներին եւ նաեւ սեփական ընտրազանգվածին ցուցադրելն էր, որ նա տիրապետում է իրավիճակին: Այսպիսի բաներ սովորաբար խոսում են անվստահության մասին:

– Պատահականությո՞ւն էր այդ հարցազրույցից ժամեր անց Կիրանցում ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունը, որի ընթացքում բիրտ ուժի կիրառմամբ ճանապարհ բացեցին ականազերծողների համար։

– Որեւէ բան պատահական չէր, ավելին, հենց այս «Օղակ-2» հիշեցնող օպերացիային զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հավանություն է տալիս ոստիկանական գվարդիայի ստեղծմանը, պնդելով, որ «ոստիկանությունը ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա»: Հիշենք, որ 3-4 օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը քննարկել է Տավուշում տեղի ունեցողը, որից հետո Բլինկենը զանգահարել է Ալիեւին: Այս հեռախոսազրույցը, բեմադրված հարցազրույցն ու Կիրանցի այսօրվա դեպքերը ուղիղ փոխկապակցված են:

– Տեղում մարդիկ շարունակում են պայքարել ու հայտարարում են, որ որոշիչը Երեւանն է, Երեւանը պետք է ոտքի կանգնի։ Երեւանը պետք է ոտքի կանգնեցնեն քաղաքական-հասարակական ուժերը, որոնք կրավորական կեցվածք ունեն. դատապարտումները հայտարարություններից ու հարցազրույցներից այն կողմ չեն անցնում եւ տպավորություն է, որ այս գործընթացում իշխանությունն ընդդիմախոսներ չունի։ Համենայնդեպս, գործողություններ չկան եւ ամեն ինչ իրականացվում է ընդդիմախոսների հայտարարությունների ու դատապարտումների ներքո։

– Բնականաբար, մեր երկրի բոլոր հիմնախնդիրների, եւ այս պահին էլ՝ Տավուշում մեր երկրի անվտանգության պահպանման համար տարվող պայքարի բանալին Երեւանում է: Պայքարը պետք է լինի վերկուսակցական, համահայկական, համախմբված, եկեղեցու կողմից միավորող, բայց քաղաքական, քանի որ խնդիրը միայն ու միայն քաղաքական հարթության մեջ է:

Ըստ իս, քաղաքական կազմակերպությունները՝ կուսակցությունները, հասարակական-քաղաքական գործիչները, հասարակության մեջ հեղինակություն եւ հարգանք ունեցող բոլոր մտահոգ հայրենասեր մարդիկ պետք է միավորվեն եկեղեցու շուրջ, բայց հստակ օրակարգով՝ հանուն հայրենիքի:

Ես չէի անվանի քաղաքական դաշտի կեցվածքը կրավորական, ավելի շուտ՝ շատ բան տեսանելի չէ, նաեւ այն զգուշավոր է՝ նախկինում թույլ տրված սխալներից խուսափելու եւ «իքս ժամին» սպասելուն միտված: Ես, իհարկե, համաձայն եմ, որ շատ սուղ է ժամանակը, բայց եւ սխալվելու էլ իրավունք չունենք:

– Մենք կարողանալո՞ւ ենք ետ շրջել գործընթացները, թե՞, ասենք, հաջորդ իշխանությունն էլ պետք է ասի՝ եթե փորձենք ետ շրջել, պատերազմ կլինի։

– Ետ շրջելն ամեն անցնող օրվա հետ ավելի է դժվարանում, սակայն հնարավորություններ դեռ կան: Ես մեծ հույս ունեմ, որ սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկող, բայց եւ միաժամանակ այդ նույն ժողովրդի անվտանգությունը ոչնչացնող իշխանություն այլեւս չենք ունենալու:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031