ԱԺ նիստում վիճաբանություն տեղի ունեցավ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Սեյրան Օհանյանի միջեւ։
ՔՊ-ականները, փորձելով իրենց վրայից պատասխանատվությունը գցել, իրենց ելույթներում շարունակում են հայտարարել, թե ընդդիմությունն է Արցախը լուծարել։ Արթուր Հովհաննիսյանն այսօր դարձյալ նման հայտարարություն արեց․ «Սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին է, բաղանիսցին է, բերքաբերցին է, ովքեր չպետք է ապրեն խրամատից իրենց նայող ուղիղ նշանառության տակ, այլ պետք է ապրեն պաշտպանված պետական սահմաններով։ Եվ որեւէ մեկը չի կարողանալու խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, ինչպես Ղարաբաղում խափանեցիք՝ լուծարելով Լեռնային Ղարաբաղը։ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը հիմա ժպտում են, երբ որ ասում եմ՝ իրենք լուծարեցին Լեռնային Ղարաբաղը»։
Արծվիկ Մինասյանը տեղից արձագանքեց․ «Սուտ ես ասում»։ «Իմ հետ դու-ով չխոսեք, պարոն Մինասյան։ Ձեզ էլ եմ հորդորում, պարոն Օհանյան, հանկարծ չհամարձակվեք դու-ով խոսեք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՔՊ-ականները վիրավորում են իրենց՝ նման հայտարարություններ անելով։ Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց․ «Դուք լսե՞լ եք, թե ձեր խմբակցության պատգամավորներն ինչեր են խոսում, դուք լսե՞լ եք ձեր երեկվա ելույթը, որ հիմա համարձակվում եք ինձ ասել, որ ես ձեզ վիրավորում եմ, երբ ասում եմ, որ դուք անբարոյական ստեր եք ասում»։
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ասաց․ «Դուք այսօր զրկվում եք ձայնի իրավունքից, խնդրում եմ, չշարունակեք»։ «Մի հատ բացեք, կանոնակարգը նայեք, դուք մի շարունակեք»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ