Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ուժերը տավուշցիների հույզերի վրա են ազդում, ստեր են ասում՝ Հայաստանից գյուղերը տրվեցին, թուրքը եկավ մեր բարձունքները գրավեց»․ Հակոբ Արշակյան

Մայիս 03,2024 12:46

ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։

«Խոսվեց Կիրանցի ճանապարհի փակման ժամանակ հայտնի դեպքի մասին, երբ ԵԿՄ մեքենայի դիմապակուն հարվածել են, եւ կոտրվել է։ Արծվիկ Մինասյանն ասաց՝ մեքենան մխրճվում էր մարդկանց բազմության մեջ։ Սիրելիներս, երբ մեքենան մխրճվում է բազմության մեջ, կադրերում դա երեւում է, պետք չէ այստեղ գալ ու ապոկալիպտիկ ինչ-որ բաներ նկարագրել։ Ակնհայտորեն երեւում է, որ ինչ-որ երիտասարդներ ոգեւորվել էին եւ կոտրում էին այդ մեքենայի ապակիները։ Սրա նախադեպեր էլի են եղել՝ Երեւանի կենտրոնում մարդկանց մեքենաների վրա հարձակվում էին ու դիմապակիներ էին կոտրում։ Տպավորում է, ոնց որ դուք դիմապակիների դեմ պատերազմ հայտարարած լինեք։ Հետո պետությանը մեղադրում եք, որ այդ մեքենաների վրա հարձակված ու կոտրած մարդկանց նկատմամբ գործ են հարուցել, դատավորն էլ կալանք է դրել»,- ասաց Արշակյանը։

Նա հավելեց․ «Ես հասկանում եմ կիրանցիների ու սահմանամերձ մեր բնակավայրերի բնակիչների հույզերը։ Եվ խնդրել եմ այստեղից, որ մի փոքր վստահություն ու համբերություն ունենան, եւ մենք այս ճանապարհը միասին անցնենք։ Հարցն այն է, որ կարո՞ղ է որոշ քաղաքական ուժեր այնքան ստեր են ասում, երբ ամեն օր ասում են՝ Հայաստանից գյուղերը տրվեցին, թուրքը եկավ մեր բարձունքները գրավեց, այնքան եք խոսում, մարդկանց հույզերի վրա այնքան եք ազդում, որ նման բաներ են անում։ Ես անթույլատրելի եմ համարում նման խոսույթ, չի կարելի մեքենաներ կոտրել, չի կարելի մարդկանց ահաբեկել, չի կարելի ստեր խոսելով՝ ծայրահեղություններն արդարացնել»,- հայտարարեց Հակոբ Արշակյանը։

Դիմելով ընդդիմությանը՝ Արշակյանը նաեւ ասաց․ «Ես կառաջարկեմ, որ այն խոսույթը, որոնցով առաջնորդվում եք եւ այն ստերը, որոնք հյուսում եք, դադարեցնեք, չազդեք մարդկանց հույզերի վրա։ Եվս մեկ անգամ ուզում եմ կոչով դիմել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին եւ խնդրել, որպեսզի մենք փոխվստահությամբ այս ճանապարհն անցնենք։ Մենք որեւէ բան ձեր մեջքի հետեւում չենք անելու, չենք անում։ ՀՀ սուվերեն տարածքից որեւէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ ՀՀ օրենսդրությամբ»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031