Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր մեղքը ձեր վիզը, ոստիկանությո′ւն»․ ոստիկանները Բագրատ Սրբազանին կրկին թույլ չտվեցին մուտք գործել Կիրանց գյուղ

Մայիս 03,2024 12:38

«Ես, Գառնիկ Դանիելյանը, Սուրեն Պետրոսյանն ուզում էինք գնալ Կիրանց գյուղ, ժողովրդին տեսնել զուտ մարդկային իմաստով, հասկանալու՝ վիճակներն ինչպես է։ Եվ մեր ահասարսուռ ոստիկանությունը որոշեց, որ այդ ողորմությունը մեզ չպիտի անեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ տեղեկացրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նրան այսօր ևս թույլ չտվեցին գնալ և հանդիպել Կիրանց գյուղի բնակիչներին։

Հիշեցնենք, երեկ ևս՝ վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։ Դեպի Կիրանց ճանապարհը ոստիկանները փակել էին, պատգամավորներին, հոգեւորականներին, լրագրողներին, Կիրանցի բնակիչներին աջակցողներին թույլ չէին տալիս գալ գյուղ։ 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, դիմելով ոստիկանությանն, ասաց․ «Պարզագույն խնդրանք, մարդկային խնդրանք՝ ձեր մեղքը ձեր վիզը, ոստիկանությո′ւն․ վերին էշելոններում գտնվող քաջարի մարտիկներին եմ ասում»։

Այս պահին բազմաթիվ ոստիկաններ են կուտակված գյուղի մուտքի մոտ։ Ժամանեցին նաև տասնյակ սև բերետավորներ։ Նրանց տեսնելով՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց․ «Բրավո, ապրեք, եկեք։ Տղերք, քանի եկել եք, եկեք, կարող է բարև տանք առավոտ։ Եկեք, ձեր սեփական ժողովրդից վրեժ լուծողներ»։

Մի կողմից ոստիկանները թույլ չէին տալիս Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մուտք գործել գյուղ, մյուս կողմից տարբեր մեքենաների թույլ էին տալիս ելումուտ անել գյուղ։

Լրագրողները հիշեցրին՝ պարզաբանում էր տարածվել, թե անվտանգության խնդիրներից ելնելով թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքեց․ «Մեր տեղաշարժն արգելելը լրիվ անօրինական է՝ ոչ ականապատ դաշտ ենք մտնում, ոչ որևէ բան անում։ Գնում ենք, մարդկանց բարև տանք, հետ գանք։ Էդ մարդիկ մեզ խնամել են։ Մարդկայնորեն ուզում էինք գնալ, տեսնել, ողջունել գյուղի բնակիչներին, գողեգող չենք գնալու։ Մենք ուզում էինք գնալ, տեսնել նրանց, մեր սերն ու գնահատականն ասել, որ քաջ լինեն, որ պինդ լինեն»։

Բագրատ արքեպիսկոպոսն ասաց, որ Կիրանցի անձնագրով մարդիկ կան ու նշեց՝ շուտով ամեն գյուղ ու քաղաք իր անձնագիրն է ունենալու։ Կիրանցի անձնագրով մարդկանց թողնում են գյուղ մտնել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031