Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը նաեւ օրինակ են հանդիսացել». Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդում հանդիսաւոր կերպով նշուեց Հայկական ժառանգութեան ամիսը. «Ասպարեզ»

Մայիս 03,2024 12:26

Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդում Ապրիլի 26ին հանդիսաւոր կերպով նշուեց Հայկական ժառանգութեան ամիսը (Armenian Heritage Month), որը պաշտօնապէս ճանաչուած է Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից: Այս տարի եւս, հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Փօլ Գրիգորեանի առաջնորդութեամբ, ով ներկայում քաղխորհրդի նախագահն է: Գրիգորեանն իր ելոյթում  անդրադարձաւ Միացեալ Նահանգներում հայերի բազմատեսակ ներդրումներին՝ առողջապահութեան, արուեստի, ճարտարապետութեան, գիտութեան եւ նորագոյն արհեստագիտութիւնների, շարժապատկերի արտադրութեան ոլորտներում: Նա ընդգծեց, որ Լոս Անջելեսի քաղաքապետարանում էլ բազմաթիւ հայեր են աշխատում, այդ թւում՝ բարձրաստիճան պաշտօնեաներ, ովքեր ապահովում են քաղաքի ամէնօրեայ գործունութիւնը: «Միաժամանակ, մեր համայնքը բախւում է բազմաթիւ մարտահրաւէրների թէ՛ այստեղ՝ Լոս Անջելեսում, թէ՛ այլ երկրներում: Դրանցից մէկը մեր հնագոյն ժառանգութիւնն ու մշակոյթը պահպանելու, եւ ձուլման ալիքների դէմ պայքարելու մարտահրաւէրն է: Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման միջոցառման, եւ Հայ-ամերիկեան ժառանգութեան միամսեակի այսօրուայ հանդիսութիւնն անդրադառնում է նաեւ այդ խնդրին, եւ այսօր յարգանքի տուրք ենք մատուցում նաեւ  անհատներին ու կազմակերպութիւններին, ում առաջնահերթութիւններից է ուծացման ալիքի դէմ աշխատանքը»:

Փoլ Գրիգորեանը ներկայացրեց հայկական ժառանգութեան պահպանման գործում ներդրում ունեցող անհատների եւ կազմակերպութիւնների՝ նշելով, որ հայ մշակոյթը հարստացրել է աշխարհը Յուլիոս Կեսարի ծնունդից շատ առաջ, եւ հայերը շարունակել են դարերով ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթութեան զարգացման գործում չնայած բազմաբնոյթ մարտահրաւէրների, այդ թւում՝ նուաճողների դէմ անդադար պայքարը, շարունակական ցեղասպանութիւնները:

Փօլ Գրիգորեանն այնուհետեւ ներկայացրեց Լոս Անջելեսում գործող կրթական երկու հաստատութիւններ՝ «Եու.Սի.Էլ.Էյ.» (UCLA) համալսարանի «Փրամիս» (Promise) հայկական հիմնարկն ու «Եու.Էս.Սի.» (USC) համալսարանի հայագիտական հետազօտութիւնների հիմնարկը՝ ընդգծելով նրանց առանցքային դերը հայկական ժառանգութեան պահպանման հարցում:

«Եու.Էս.Սի.» համալսարանի հայագիտական հետազօտութիւնների հիմնարկը ներկայացուեց ի դէմս հիմնադիրներից՝ Չարլի Գալեանի եւ տնօրէն Շուշան Կարապետեանի: «Հայերին ներկայացնելիս, իմ ուսանողներին միշտ պատմում եմ մի քաղաքակրթութեան մասին, որ աւելի քան երկու հազար տարի պայքարել է՝ գոյատեւելու համար տարբեր հզօր ուժերի միջեւ, մարդկանց մասին, ովքեր ապրել են ցեղասպանութիւն, հայրենազրկում, բայց յառնել են ոչ միայն գոյատեւելու, այլ՝ այս աշխարհում արժէքներ ներդնելու համար: Ուսանողներիս միշտ յիշեցնում եմ, որ որտեղ էլ յայտնուել են, հայերը ստեղծել են՝ եկեղեցի, դպրոց, հիւանդանոցներ, եւ աջակցել են կրթական եւ մշակութային ծրագրերին», իր խօսքում նշեց Կարապետեանը՝ ընդգծելով, որ այդ մտայնութեամբ են առաջնորդուել նաեւ «Եու.Էս.Սի.» համալսարանում հայագիտական հետազօտութիւնների հիմնարկի ստեղծման նախաձեռնողները: Նա ընդգծեց, որ այսօր, Լոս Անջելեսի հայերն օրինակ են հանդիսանում աշխարհասփիւռ հայերի համար, եւ իրենց հիմնարկն էլ մեծ ներդրում ունի այդ հարցում:

Շուրջ մէկ ժամ տեւած միջոցառման աւարտին ելոյթ ունենալու ցանկութեամբ հանդէս եկան քաղխորհրդի մի շարք անդամներ: Նրանք հիացմունք արտայայտեցին հայ մշակութային ժառանգութեան մասին, ընդգծեցին հայերի ներդրումը Լոս Անջելեսի զարգացման գործում, եւ նշեցին, որ հայերը նաեւ օրինակ են հանդիսացել շատերի համար՝ իրենց դէպքում, նաեւ ի դէմս  Փօլ Գրիգորեանի:

Նանէ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031