Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս դահլիճում իշխանական պատգամավորները համոզում էին ՄԻՊ-ին, որ ասեր՝ Տավուշում ոստիկանների կողմից բռնություն չի եղել»․ Էլինար Վարդանյան

Մայիս 03,2024 11:49

ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց․ «Եթե խոսենք տավուշցիների իրավունքների մասին, սահմանների հարցը չի կարելի սահմանազատել մարդուց։ Դրա առանցքում մարդու անվտանգ կյանքն ու իրավունքների իրացումն է։ Ի՞նչ է լինելու վաղը, վտանգի տակ է դրվելու մարդկանց կյանքի իրավունքը, ադրբեջանական դիրքերն ամրացվելու են մարդկանց անվտանգության հաշվին։ Եվ այստեղ պետք է խնդրեմ սահմանապահների մասին երազանքները որպես հակափաստարկ չբերեք։ Ձեր վարչապետն է ասում, որ չկա երաշխիք, որ հարձակում ու պատերազմ չի լինելու»։

Էլինար Վարդանյանի խոսքով՝ Կիրանցում մարդիկ զրկվելու են ազատ տեղաշարժի իրավունքից, քանի որ գյուղը զրկվելու է իր հիմնական ճանապարհից։ Եվ գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։

«Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապարհով չի սահմանափակվելու, Ոսկեպարում խմելու եւ ոռոգման ջրի ակունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո, բնակիչներից շատերը ստիպված են լինելու լքել իրենց տները, բնակավայրերը, խախտվելու է մարդկանց սեփականության իրավունքը, ազատ եւ արժանապատիվ կյանքի իրավունքը, երեխաների կրթության իրավունքը։ Ու այստեղ դպրոցների շուրջ ծառերը վստահաբար հարցին լուծում չեն լինելու։ Այսօր տավուշցին պայքարում է այս իրավունքների համար, իսկ ի՞նչ է անում իշխանությունը։ Երեկ, օրինակ, անհամաչափ ուժի կիրառմամբ բերման էր ենթարկել 24 քաղաքացու, այդ թվում՝ երեխաների։ Ու այս դահլիճում իշխանական պատգամավորները համոզում էին ՄԻՊ-ին, որ ասեր՝ չէ, բռնություն չի եղել։ «Պարզվեց, որ պատգամավորները, որոնք նաեւ փորձագետներ են, լրատվամիջոցների նյութերը շատ ուշադիր նայել են, բայց բռնություն չեն տեսել։ Չեն լսել նաեւ, որ ոստիկաններին հորդորում են խփելով աշխատել։ Բայց սա իշխանության համար բնական գործելաոճ է, դա ի՞նչ է որ։ Այս իշխանությունն անցնում է բոլոր կարմիր գծերը»,- հավելեց Էլինար Վարդանյանը։

Նա նշեց, որ ՄԻՊ-ը շատ լավ գիտի, թե ամեն օր ինչ կարմիր գծեր են հատվում, երեւի թե իրավիճակը մի փոքր այլ կլիներ, եթե հնչեին ճիշտ ու հասցեական գնահատականներ։

Էլինար Վարդանյանը դիմեց նաեւ իշխանությանը․ «Քանի դեռ իշխանություն ես, շատ հեշտ է խաղալ մարդկային կյանքերի ու ճակատագրերի հետ, բայց մի օր գալիս է պատասխան տալու ժամանակը, հաստատ գալու է, մարդկության պատմության մեջ սա անխուսափելի նորմ է, բոլոր երկրներում եւ ժողովուրդների մոտ այդպես է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031