Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ Անահիտ Մանասյանը ասպատակեց թիվ մեկ ամբիոնում, շտապախոսեց հայերենով, բայց անհասկանալի»․ Թագուհի Թովմասյան

Մայիս 03,2024 11:22

«Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ասպատակեց ՀՀ թիվ մեկ ամբիոնում։ Խոսեց, իսկ ավելի շուտ շտապախոսեց հայերենով, բայց անհասկանալի»,- այս մասին ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա հավելեց․ «Եվ սա միայն իմ կարծիքը չէ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանը վերջերս փորձել էր մասնագիտական վերլուծության ենթարկել Անահիտ Մանասյանի հնչեցրած մտքերը։ Եվ եկել էր այն եզրահանգման, որ հայերեն բառեր են հնչում, ուղղակի խճողման է տանում խոսքը, որպեսզի ընկալում չլինի։ Եվ վերջապես, լեզվաբանը հանգել է եզրակացության, որ Հայաստանի օմբուդսմենը թաքնվում է իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետեւում։ Այո, իրականում Անահիտ Մանասյանը երեկ ներկայացրած իր զեկույցով, ապա հարց ու պատասխանով որքան էլ փորձեց բալանսավորված մտքեր արտահայտել, չստացվեց։ Նա չհնչեցրեց հստակ պարզաբանումներ ու գնահատականներ կոնկրետ իրավախախտումների առնչությամբ եւ չասաց, թե մարդկանց խախտված իրավունքների վերականգնում եղել է, թե ոչ»։

Թովմասյանի խոսքով՝ Անահիտ Մանասյանը ոստիկանության հսկողության տակ գտնված եւ բռնության ենթարկված Սամվել Վարդանյանի գործով ՄԻՊ-ը իրավական գնահատական չի տվել։ «Ու ձեր այս վարքագծով եւս մեկ անգամ ամրապնդեցիք հանրության լայն շրջանում առկա տեսակետը, որ ՔՊ կուսակցության օմբուդսմենն եք։ Մինչդեռ, պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների վերականգնմանը։ Բայց դուք չասացիք, թե ինչ եք արել Սամվել Վարդանյանի իրավունքների վերականգնման համար, եւ ո՞ւր է արդյունքը։ Եվ սա է պատճառը, տիկին Մանասյան, որ ձեր լուսանկարները մարդիկ փակցնում են Երեւանի տարբեր բնակավայրերում պատերի ու ծառերի վրա՝ գրելով, որ փնտրվում է օմբուդսմեն»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Թագուհի Թովմասյան անդրադարձավ խտրական կամ ընտրովի արդարադատության օրինակներին։ Դրանից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքն է։ «Անցած տարի ապրիլի 3-ին տեղի ունեցավ խայտառակ միջադեպ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թիկնապահներին հրահանգեց բռնել իրեն դավաճան անվանած քաղաքացուն եւ թքեց նրա դեմքին։ Դուք՝ որպես օմբուդսմեն, այս դեպքին գնահատական չեք տվել եւ չեք ասել, թե ինչ եք արել քաղաքացու իրավունքների վերականգնման համար։ Դուք գնահատական չեք տվել նաեւ անցած տարվա ապրիլի 4-ին՝ հենց ձեր ընտրության օրը, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից հնչեցրած սպառնալիքներին՝ ձեր մրցակցի նկատմամբ՝ լեզուդ եւ ականջներդ կկտրեմ։ Ավելին, դուք դրանից հետո ժպիտով շարունակեցիք նիստը, տիկին Մանասյան, ասես ոչինչ չէր եղել։ Դուք գնահատական չեք տվել նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի վարքին, որը Եռաբլուրում հայհոյեց զոհված զինծառայողի ծնողին, ի պատասխան ստացավ ապտակ, եւ կալանավորվեց զոհված զինծառայողի ծնողը»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Թովմասյանը նաեւ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ «Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց՝ «ով ինձ կասի հող հանձնող եմ, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու, մատ էլ եմ թափ տալու, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ»։ Կամ Երեւանի կենտրոնում հայտարարեց, որ «մի հատ բախտներդ փորձեք, ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, այնքան հարուստ, որ բորդյուր լիզեք»։ Դուք դրանից առաջ ավելի լայն մասսաներին սպառնացող ելույթներին չեք անդրադարձել՝ «հունիսի 20-ին չագուչը իջնելու է ձեր դատարկ գլխին»։ Տիկին Մանասյան, դուք այս լոզունգներով, խոսույթով եւ ատելության խոսքի նման չափաբաժնով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ձեւավորած քաղաքական ուժի կողմից ընտրված օմբուդսմեն եք, եւ այս դահլիճում հենց այս ուժի ներկայացուցիչներն են իրար հերթ չտալով՝ ձեզ շնորհակալություն հայտնում։ Դուք իսկապես համարում եք, որ մարդկանց իրավունքնե՞րն եք պաշտպանում պետական պաշտոնյաներից կամ ՏԻՄ ներկայացուցիչներից»։

Թագուհի Թովմասյանը նաեւ հարցրեց Անահիտ Մանասյանին․ «Ճշտեցի՞ք՝ հայրենիքի հանձնման դեմ դուրս եկած Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժի իրավունքն ինչո՞ւ էր սահմանափակվել, ո՞ւմ հրամանով, ի՞նչ նպատակով։ Եվ ի՞նչ արեցիք դուք՝ Տավուշի հոգեւոր առաջնորդի իրավունքների վերականգնման համար»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031