Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվյալներից անդին» խորագրով ցուցահանդեսն ամփոփվեց 11 նկարիչների գործերի աճուրդով

Մայիս 03,2024 13:30

Մարտի 28-ից մինչեւ ապրիլի 28-ը այցելուները ՆՓԱԿ-ում վայելեցին բացառիկ ցուցահանդեսը

Ուղիղ մեկ ամիս՝ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 28-ը ՆՓԱԿ-ում ներկայացված էր ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի՝ «Տվյալներից անդին» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայաստանի ստեղծարար արդյունաբերությանը: Ցուցահանդեսը երկամյա հետազոտական ջանքերի վերջնարդյունքն էր, որը ուղղված էր Հայաստանի ստեղծարար եւ մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:

«Տվյալներից անդին» ցուցահանդեսը, որի համադրողներն էին Տատյանա Վահանը եւ Աննա Գարգարյանը, հրավիրել էր 8 արվեստագետների եւ արվեստագետների խմբերի (Նազիկ Արմենակյան եւ Փիրուզա Խալափյան, Մայդա Շավակ եւ Արմինե Շահբազյան, Անուշ Ղուկասյան, Դի ստուդիո, Սամվել Սաղաթելյան, Գոհար Սարգսյան, Տատյանա Վահան, Ալեքսեյ Մանուկյան)՝ քննարկելու «Կատապուլտի» շրջանակներում վերջերս լույս տեսած՝ Հայաստանի ստեղծարար արդյունաբերության վերաբերյալ հետազոտությունը։

Ցուցադրվող արվեստի գործերում անդրադարձ էր կատարվել արվեստի տնտեսական զարգացմանը խոչընդոտող այնպիսի հիմնական խնդիրների, ինչպիսիք են արվեստագետների աշխատանքային պայմանները, գործնականում չաշխատող մշակութային քաղաքականությունը եւ տեղական փոքր շուկան։ Արվեստը որպես միջոց կիրառելով՝ ցուցահանդեսը ձգտել էր ընդլայնել տվյալների հետազոտության ավանդական սահմանները, որպեսզի անդրադարձ արվի նաեւ տարբերություններին, նրբերանգներին, հակասություններին եւ այն իրականությանը, որը փորձում է նկարագրել հետազոտությունը։
Մեկ ամսվա ընթացքում «Տվյալներից անդին» ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան շրջելու եւ ծանոթանալու բացառիկ հետազոտությանը: Իսկ ցուցահանդեսի փակմանը «Կատապուլտը»՝ «Կապ» համայնքի ընկերների հետ համագործակցությամբ, ներկայացրեց «11 արվեստագետներ, 11 աշխատանքներ» ցուցահանդեսը, որն ընդգրկում է տարբեր սերունդների արվեստագետների ստեղծագործությունները։

Ապրիլի 28-ին կայացավ Կարինե Մացակյանի, Նարե Պետրոսյանի, Սոնա Աբգարյանի, Գայ Ղազանչյանի, Գեւորգ Խանդկարյանի, Գրիգոր Խաչատրյանի, Սիրանուշ Աղաջանյանի, Ջիմ Հովհաննիսյանի, Զակ Դեմիրճյանի, Կարեն Օհանյանի եւ Նարեկ Բարսեղյանի ստեղծագործությունների աճուրդը, որը վարեց ճանաչված ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը: «Սա ուղղակի գումար ծախսելու միջոց չէ, դուք արվեստի գործեր եք գնում… Սա այն է, ինչ կարող եք ժառանգել ձեր երեխաներին եւ թոռներին»,-ասաց աճուրդավարը:


Ամեն աշխատանք ներկայացվելիս, ներկայացվում էր նաեւ ամփոփ տեղեկատվություն հեղինակի մասին: Աճուրդի կազմակերպիչ եւ «Կապ» համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ Հայաստանում հազվադեպ է իրականացվում արվեստի գործերի աճուրդ, եւ այն համեմատաբար նոր մշակույթ է մեզանում, որը կարիք ունի ավելի բարելավելու եւ զարգացնելու:
«Նկարիչների մի մասն աշխատում է տարբեր ցուցասրահների եւ թանգարանների հետ, մի մասը աշխատանքները վաճառում է այգիներում կամ առցանց հարթակներում, հետեւաբար աճուրդը շատ լավ հնարավարություն կարող է լինել արվեստի գործերի վաճառքը խթանելու, արվեստագետներին ոգեւորելու եւ ընդհանրապես մշակույթը զարգացնելու առումով: Ոլորտը դեռեւս զարգացած չէ, ժամանակի ընթացքում հասարակությունը կտեսնի արդյունքը, ամեն ինչ կկատարելագործվի եւ արվեստագետներն էլ ավելի լայն լսարան կունենան ու հրաշալի գլուխգործոցներ կստեղծեն»,-հավելեց Կարեն Հովհաննիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Լուսանկարներում՝ աճուրդին մասնակից արվեստագետների գործերը:

«Առավոտ» օրաթերթ
03.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031