Ո՞րն է Տավուշում տեղի ունեցողի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տարածած ամենամեծ կեղծիքը։ Բանն այն է, որ և՛ պատերազմը, և՛ խաղաղության հաստատումը ոչ թե մեկանգամյա «ակցիաներ» են, այլ բազմաթիվ դրվագներից և իրադարձությունններից կազմված տևական գործընթացներ։ Պատերազմները, օրինակ, կազմված են լինում տարբեր դրվագներից, առանձին ճակատամարտերից, տարբեր ուղղություններով կազմակերպված օպերացիաներից և այլն, խաղաղության հաստատումը՝ բանակցություններից, փաստաթղթի ստորագրումից, դրա կետերի իրականացումից, և այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը, ահա, այս օրերին Տավուշում տեղի ունեցողը ներկայացնում է որպես խաղաղության հաստատման գործընթացի դրվագ, մինչդեռ իրականում դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի՛ դրվագ է։
Ի վերջո ո՞րն է պետությունների միջև խաղաղության հաստատման գործընթացի և պատերազմի տարբերությունը։ Խաղաղության հաստատումն այն է, երբ պետությունները բանակցությունների սեղանի շուրջ որոշում են իրենց հետագա հարաբերությունների սկզբունքները և դա ամրագրում միջազգային պայմանագրով, իսկ պատերազմն այն է, երբ պետություններից մեկը ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով այլ պետության ստիպում է տարածքներ հանձնել։ Հիմա հարց՝ այս երկու տարբերակներից որի՞ հետ գործ ունենք Տավուշում։ Ակնհայտորեն՝ երկրորդի, հետևաբար՝ Տավուշում տեղի ունեցողը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի դրվագ է, ավելի կոնկրետ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված և դեռևս չավարտված պատերազմի հերթական ճակատամարտը։ Ու այդ ճակատամարտում հայկական կողմը պարտվում է առանց դիմադրության, որովհետև զորքին «նահանջ» հրաման է տրված։
Ճիշտ է այդ հրամանը, թե ոչ՝ այլ հարց է, դիմադրելու դեպքում հաջողության շանսեր կունենայինք, թե ոչ՝ մասնագիտական քննարկման թեմա է, բայց մի բան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն խաբում է սեփական ժողովրդին, երբ պատերազմն անվանում է «խաղաղություն», իսկ պատերազմի հերթական դրվագը տանուլ տալը՝ ներկայացնում որպես «հաղթանակ»։
Մարկ Նշանյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: