Ժամանակակից բժշկությունը սկիզբ է առնում 18-րդ դ․-ի արդյունաբերական հեղաշրջումից հետո։ 19-րդ դարում տնտեսական ակտիվությունն ու արդյունաբերական աճը շարունակվում է, կատարվում են գիտական բազմաթիվ հայտնագործություններ։
Մեծ առաջընթաց է նկատվում հիվանդությունների հայտնաբերման ու կանխարգելման հարցում, գիտնականները սկսում են հասկանալ, թե ինչպես են ազդում բակտերիաներն ու վիրուսները։ Սակայն գիտական ձեռքբերումներին զուգընթաց մեծանում է վարակիչ հիվանդությունների և այլ խնդիրների առաջացման վտանգը։
Դրան նպաստող գործոնները բազմաթիվ էին՝ արդյունաբերությունը, քաղաքների ընդլայնումն ու զարգացումը, ճանապարհորդությունները, անգամ քաղաքական փոփոխությունները՝ մարդիկ սկսում են առողջությունն ընկալել որպես մարդու հիմնարար իրավունք։
XIX և XX դդ-ում կատարված այն հայտնագործությունները, որոնց կանդրադառնանք ստորև, հիմնովին փոխելու էին մարդկանց կյանքն ու առողջության մասին պատկերացումները։ Նախ այդ շրջանում մեծ թռիչք է տեղի ունենում վարակների դեմ պայքարում․ եթե XIX դարավերջին մահերի 30 տոկոսի պատճառը վարակներն էին, ապա XX դ․-ի ավարտին այդ թիվը 4 տոկոսից պակաս էր։
Կարդացեք նաև
Լուի Պաստյոր
Ֆրանսիացի քիմիկոս ու միկրոկենսաբան Լուի Պաստյորը բժշկական միկրոկենսաբանության հիմնադիրներից մեկն էր, որի առջև տեղի արդյունաբերական մի շարք հարցեր լուծելու խնդիր էր դրված։ Հենց Պաստյորին է պատկանում այն միտքը, որ բակտերիաներն են թթվեցնում գինին, կաթը կամ գարեջուրը, իսկ եռման կամ սառեցման միջոցով կարելի է հեղուկներից հեռացնել բակտերիաները։
Կլոդ Բեռնարի հետ միասին Լուի Պաստյորը մշակում է հեղուկների պաստերիզացման մեթոդը։ Իսկ Կլոդ Բեռնարն առաջին գիտնականն էր, որն առաջարկել է օգտագործել «կույր» փորձարկումների մեթոդը՝ ավելի օբյեկտիվ գիտական դիտարկումներ անելու համար։
Պաստյորը համոզված էր, որ ախտածին միկրոօրգանիզմները գրոհում են օրգանիզմը դրսից։ Դա հիվանդությունների միկրոբային տեսությունն էր։ Սակայն շատ գիտնականներ չէին կարողանում հավատալ, որ միկրոսկոպիկ արարածները կարող են վնասել, անգամ սպանել մարդկանց։
Պաստյորը ցույց տվեց, որ շատ հիվանդություններ, այդ թվում տոբերկուլոզը, խոլերան, սիբիրյան խոցն ու ծաղիկն առաջանում են, երբ միկրոբներն օրգանիզմ են ներթափանցում շրջակա աշխարհից։ Նա համարում էր, որ պատվաստումները կարող են կանխարգելել նման հիվանդությունները և սկսում է կատաղության դեմ պատվաստանյութի մշակումը։
Ֆլորենս Նայթինգեյլ
Բրիտանացի բուժքույր, գրող և հասարակական գործիչ Ֆլորենս Նայթինգեյլը մեծ ներդրում է ունեցել հիվանդանոցային հիգիենայի, հիվանդների խնամքի ու առողջապահության ոլորտում կնոջ դերի բարձրացման հարցում։
1854 թ․-ին Ղրիմի պատերազմում գլխավորելով բուժքույրերի թիմը՝ Նայթինգեյլն անխոնջ աշխատանք է տանում հիգիենայի բարելավման ու պացիենտների խնամքի ուղղությամբ, ինչի արդյունքում վեց ամսվա ընթացքում մահացությունները 42-ից նվազում են մինչև 2,2 %։ 1860 թ․-ին Լոնդոնում բուժքույրերի դպրոց հիմնադրելով՝ Նայթինգեյլն ուսուցանում է սանիտարական հիգիենայի, հիվանդանոցների պլանավորման ու առողջության բարելավման հիմունքները, որոնցից շատերն արդիական են նաև այսօր։ Մայիսի 12-ին՝ Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, աշխարհը տոնում է Բուժքույրերի միջազգային օրը։
19-րդ դ․-ի բժշկական կարևորագույն հայտնագործությունների ժամանակագրությունը (համառոտ)
1800 թ․ – Բրիտանացի քիմիկոս և գյուտարար Հեմֆրի Դևին նկարագրում է ազոտի ենթաօքսիդի անզգայացնող, արբեցնող ազդեցությունը։
1816 թ․ – ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաեննեկը հայտնաբերում է ստետոսկոպն ու առաջինն օգտագործում այն կրծքավանդակի վարակներն ախտորոշելու համար։
1818 թ․ – Բրիտանացի մանկաբարձ Ջեյմս Բլանդելն իրականացնում է արյունահոսություն ունեցող պացիենտին արյան առաջին հաջողված փոխներարկումը։
1842 թ․- Ամերիկացի դեղագործ ու վիրաբույժ Քրոուֆորդ Լոնգն առաջին բժիշկն էր, որը վիրահատական միջամտության ժամանակ պացիենտին ինհալյացիոն եթերային անզգայացում կատարեց։
1847 թ․- Հունգարացի բժիշկ Իգնաց Ֆիլիպ Զեմելվայսը հայտնաբերում է, որ հետծննդաբերական տենդի դեպքերը նկատելիորեն նվազում են, եթե բուժաշխատողները ծննդաբերության ժամանակ կնոջը դիպչելուց առաջ ախտահանում են ձեռքերը։
1867 թ․- Բրիտանացի վիրաբույժ Ջոզեֆ Լիստերն արդյունավետորեն օգտագործում է ֆենոլը վերքերի մշակման ու վիրահատական սարքավորումների ախտահանման համար։
1879 թ․- Լուի Պաստյորը ստեղծում է լաբորատորիայում մշակված առաջին պատվաստանյութը հավի խոլերայի դեմ։
1881 թ․- Պաստյորը մշակում է սիբիրյան խոցի դեմ պատվաստանյութը։
1890 թ․- Գերմանացի ֆիզիոլոգ Էմիլ ֆոն Բերինգը հայտնաբերում է հակատոքսիններն ու կիրառում դրանք դիֆթերիայի ու փայտացման դեմ պայքարող պատվաստանյութերում։ Ավելի ուշ նրան Նոբելյան մրցանակ է շնորհվում ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում։
1895 թ․- գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Քոնրադ Ռենտգենը բացահայտում է ռենտգենյան ճառագայթները։
1897 թ․ – Bayer AG գերմանական ընկերության քիմիկոսները թողարկում են առաջին ասպիրաինը, որը Filipendula ulmaria բույսից ստացված սալիցինի սինթետիկ տարբերակն էր։
20-րդ դ․-ի բժշկական կարևորագույն հայտնագործությունների ժամանակագրությունը (համառոտ)
1901 թ․- Ավստրիացի կենսաբան ու բժիշկ Կառլ Լանդշտեյները տարբերակում է արյան խմբերն ու դասակարգում դրանք։
1901 թ․- գերմանացի հոգեբույժ և նյարդաբան Ալոիս Ալցհայմերը սահմանում է «ծերունական թուլամտությունը», որն ավելի ուշ անվանում են Ալցհայմերի հիվանդություն։
1903 թ․- Հոլանդացի բժիշկ ու ֆիզիոլոգ Վիլեմ Էյնթհովենը հայտնաբերում է առաջին պրակտիկ էլեկտրոկարդիոգրամման։
1906 թ․- Անգլիացի կենսաքիմիկ Ֆրեդերիկ Հոփքինսը բացահայտում է վիտամիններն ու ենթադրում, որ վիտամինների անբավարարության պատճառով են առաջանում ցինգա և ռախիտ հիվանդությունները։
1907 թ․- Գերմանացի բժիշկ ու գիտնական Փոլ Էրլիխը քիմիաթերապևտիկ դեղամիջոց է մշակում քնաբեր հիվանդության դեմ։ Նրա լաբորատորիայում է հայտնաբերվել նաև արսֆենամինը՝ սիֆիլիսի դեմ պայքարող առաջին արդյունավետ միջոցը։ Այդ բացահայտումները քիմիաթերապիայի զարգացման հիմքը դրեցին։
1921 թ․- Կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգն ու Չարլզ Բեստը բացահայտում են ինսուլինը։
1923–1927 թթ․- Գիտնականները հայտնաբերում ու կիրառում են դիֆթերիայի, կապույտ հազի ու տուբերկուլոզի պատվաստանյութերը։
1928 թ․- Շոտլանդացի կենսաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնաբերում է պենիցիլինը։ Այդ բացահայտումը փոխում է պատմության ընթացքը՝ փրկելով միլիոնավոր կյանքեր։
1929 թ․- Գերմանացի բժիշկ Հանս Բերգերը բացահայտում է մարդու էլեկտրոէնցեֆալոգրաֆիան՝ դառնալով առաջին մարդը, որն արձանագրել են ուղեղային ալիքները:
1935 թ․- Հարավաֆրիկյան միկրոկենսաբան Մաքս Թեյլերը մշակում է առաջին հաջողված պատվաստանյութը դեղին տենդի դեմ։
1943 թ․-Հոլանդացի բժիշկ Վիլեմ Ջ. Կոլֆը կառուցում է աշխարհում առաջին դիալիզի ապարատը։ Ավելի ուշ նա դառնում է արհեստական օրհգաններ ստեղծող պիոները։ Հետագայում նա դառնում է արհեստական օրգանների ստեղծման առաջամարտիկ։
1946 թ․- Ամերիկյան դեղագործներ Ալֆրեդ Գ. Գիլմանը և Լուի Ս. Գուդմանը հայտնաբերում են քաղցկեղի դեմ պայքարող քիմիաթերապիայի առաջին արդյունավետ դեղորամիջոցը։
1948 թ․- Ամերիկյան քիմիկոսներ Յուլիուս Աքսելռոդն ու Բեռնարդ Բրոդին հայտնաբերում են ացետամինոֆենը (պառացետամոլ, տայլենոլ)։
1952 թ․- Վիրուսոլոգ Ջոնաս Սոլկը ստեղծում է պոլիոմիելիտի դեմ առաջին պատվաստանյութը։
1953 թ․- Ամերիկյան վիրաբույժ Ջոն Գիբբոնը ստեղծում է արյան շրջանառության արհեստական ապարատը, ինչպես նաև անցկացնում սրտի առաջին բաց վիրահատությունը։
1953 թ․- Շվեդացի ֆիզիկոս Ինգե Էդլերը հայտնաբերում է բժշկական ուլտրաձայնային հետազոտությունը։
1959 թ․- Չին-ամերիկյան կենսաբան Մին Չուէ Չանգն իրականացնում է առաջին արտամարմնային բեղմնավորումը (ԷԿՕ)։
1960 թ․- Ամերիկացիների թիմի կողմից մշակվում է սիրտ-թոքային ռեանիմացիայի մեթոդիկան։
1963 թ․- Լեհ քիմիկոս Լեո Շտերնբախի կողմից բացահայտվում է դիազեպամը։ Ջոն Էնդերսն ու գործընկերները մշակում են առաջին պատվաստանյութը կարմրուկի դեմ։
1971 թ․- Հայկական ծագումով բժիշկ Ռայմոնդ Վահան Դամադյանը հայտնագործում է մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգտագործումը բժշկական ախտորոշման համար։
1985 թ․- Ամերիկացի կենսաքիմիկոս Քերի Բենքս Մալլիսը կատարելագործում է պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ)՝ հնարավոր դարձնելով ԴՆԹ-ի հատուկ հաջորդականության միլիոնավոր պատճենների ստեղծումը:
1998 թ․- Ամերիկյան կենսաբան Ջեյմս Ալեքսանդր Թոմսոնը ստանում է մարդու սաղմնային ցողունային բջիջների առաջին շարքը։ Ավելի ուշ նա մարդու մաշկի բջիջներից ցողունային բջիջներ ստանալու մեթոդ է մշակում։
21-րդ դարը ևս խոստանում է բեղմնավոր լինել բժշկական բացահայտումների տեսանկյունից, օրինակ՝ 2000 թ․-ին գիտնականներն ավարտում են Մարդու գենոմի նախագիծը։
Իսկ հետևյալ խնդիրներն այս պահին գիտնականների հետաքրքրության կենտրոնում են՝
Քաղցկեղի թիրախային թերապիա․ բժիշկները սկսում են օգտագործել դեղորայքների նոր դասակարգ՝ կենսաբանական դեղամիջոցներ, որոնք, ի տարբերություն ավանդական քիմիաթերապիայի, ազդում են քաղցկեղի բջիջների որոշակի սպիտակուցների վրա՝ օրգանիզմին ավելի քիչ վնաս հասցնելով։
Բուժում ցողունային բջիջներով․ Գիտնականներն աշխատում են ցողունային բջիջներից մարդկային հյուսվածքների կամ անգամ ամբողջական օրգանների ստեղծման վրա։
Գենային թերապիայի զարգացում, որն ապագայում կարող է թույլ տալ կանխարգելել գենետիկ ու ժառանգական հիվանդությունները։
Ռոբոտատեխնիկայի և տարածական կառավարման սարքավորումների կատարելագործում, որոնք ապագայում թույլ կտան իրականացնել վիրահատական առավել ճշգրիտ միջամտություններ։
Չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին ու շարունակական զարգացմանը՝ որոշ լուրջ խնդիրներ դեռ անլուծելի են մնում․ դրանցից մեկը հակաբիոտիկների նկատմամբ կայունության աճն է, մեկ այլ խնդիր է շրջակա միջավայրի աղտոտվածությունը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today