«Այսօր ՀՀ պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն։ ՀՀ ներքին զորքերը փաստացի գրավել են ՀՀ-ի տարածքում գտնվող Կիրանց գյուղը»,-ՆԳՆ շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա հայտնեց՝ իրականացնում են խաղաղ իրազեկման ակցիա, որի նպատակն է ոստիկաններին հաղորդել, որ իրենք Սահմանադրություն չխախտեն և գիտակցեն իրենց պատասխանատվությունը, ազատեն ճանապարհը, դադարեն բռնությունը գյուղի բնակիչների նկատմամբ, բացեն ճանապարհը ՀՀ բոլոր քաղաքացիների համար․ «Մեր ակցիան հանրային ակցիա է։ Մեր նպատակն այն է, որ ոստիկանությունը գիտակցի, որ ինքը պետք է գործի Սահմանադրության և օրենքի շրջանակներում»։
Ավետիք Չալաբյանը փաստեց՝ շրջափակել են գյուղը, սահմանափակել են քաղաքացիների մուտքն այդ բնակավայր, որպեսզի գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն․ «Սա մեր պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է։ 33 տարի առաջ նույն այդ տարածքում՝ Ոսկերպարում Նոյեմբերյանի 20 ոստիկաններ, մարտնչելով այդ գյուղի համար, մեծ մասը զոհվել են։ 11 ոստիկանները զոհվել են ադրբեջանական օմոնի հետ բախումներում։ Եվս երեքը մահացել են բանտերում։ Այսօր՝ 33 տարի հետո ՀՀ ոստիկանությունը փորձում է բռնազավթել այդ գյուղը հանձնելու համար։ Սա աղետալի իրադարձություն է։ Մենք չենք կարող անտարբեր անցնել այս իրադարձության կողքով։ Սա նաև սահմանադրական կարգի դեմ ամենամեծ ոտնձգությունն է, ազատ տեղաշարժի իրավունքի հոդվածն է խախտվում, այնտեղ ապրող մարդկանց ձեռքից խլվելու է իրենց սեփականությունը, որի համար ունեն Կադաստրի վկայական։ Այսօր ՀՀ կառավարությունը բռնագրաված անձը և խմբակը սահմանադրական կարգի տապալում են իրականացնում և օգտագործում են ոստիկանությանը։ Մենք եկել ենք ոստիկանությանը զգուշացնելու, որ իրենք սահմանադրական կարգի դեմ գործողությունների չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ։ Ոստիկանները, որոնք մեր պետության ծառայողներն են, որոնք իրենց ծառայությունն իրակ են մեր կողմից վճարվող հարկերով, չպետք է դառնան հանցակից թշնամու գործակալներին»։
Կարդացեք նաև
Լրագրողների հիշեցմանը՝ հայտարարություն տարածվեց, որ թույլ չեն տալիս տարածք մուտք գործել, քանի որ Կիրանցում ականազերծման աշխատանքներ են, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Դա անհեթեթություն է։ Խոսքը միջպետական ճանապարհի մասին է, որը չի կարող ականազերծվել, քանի որ միջպետական ճանապարհի վրա ական գոյություն ունենալ չի կարող»։
Ըստ Ավետիք Չալաբյանի՝ մի քանի տան հարց չէ և քանի դեռ չկա միջազգային պայմանավորվածություն, որով ֆիքսվում է այդ տարածքների հետ կապված անցում, դրանք ՀՀ տարածքներ են հանդիսանում։ Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա այդ տարածքների ճակատագիրը որոշել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Հայաքվե»-ի