Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ինչպես նաև գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Իրանական պատվիրակության ԵՊՀ այցի նպատակն էր ընդլայնել ակադեմիական ոլորտում Հայաստան-Իրան կապերը, ինչպես նաև ծանոթանալ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի գործունեությանը:
Կարդացեք նաև
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև կրթագիտական հարաբերությունների զարգացման և համատեղ նախագծերի իրագործման հնարավորություններին՝ կարևորելով հատկապես ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը։
Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը, բարձր գնահատելով հայաստանյան դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման քաղաքականությունը, նշել է, որ միջբուհական շփումները կխթանեն միջմշակութային երկխոսության զարգացմանը տարածաշրջանում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փաստել է, որ համալսարանում գործող Իրանագիտության ամբիոնը կրթագիտական, վերլուծական և փորձագիտական խոշոր կենտրոն է, որն իր գործունեությամբ մեծապես նպաստում է երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը: Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում համատեղ նոր ծրագրերի շնորհիվ երկկողմ կապերը կընդլայնվեն՝ ընձեռելով նոր հնարավորություններ և զարգացման հեռանկարներ։
Ռեկտորի հետ հանդիպումից հետո ԻԻՀ պատվիրակությունը հանդիպել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։
ԻԻՀ պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում ներկա է եղել պարսկերենի դասի
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակում ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահն այսօր այցելել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոց, որտեղ տարածաշրջանային լեզուների ուսուցման ՀՀ կառավարության ծրագրով պարսկերեն է դասավանդվում:
Նա ներկա է եղել պարսկերենի դասին, որն անցկացվել է նորաբաց դասասենյակում՝ ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ։
Իրանից ժամանած հյուրերն իրենց գոհունակությունն են արտահայտել աշակերտների պարսկերենի իմացության վերաբերյալ՝ փաստելով, որ լեզվի ուսուցման մակարդակն իսկապես ամուր հիմքերի վրա է դրված։ Հաջորդիվ ԻԻՀ ներկայացուցիչները դիտել են աշակերտների պատրաստած երկլեզու ներկայացումը՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» և պարսից մեծանուն գրող Սաադիի «Իմաստություն» ստեղծագործությունների հիման վրա։
ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Իրանի միջև մշակութային և կրթական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ դպրոցը կերտում է ապագա հայ իրանագետին, որն իր նպաստն է բերելու երկու երկրների միջև դարավոր բարեկամության շարունակականությանը։
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ հանդիպումներ և շրջայցեր կրթական ու մշակութային հաստատություններ:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ